«Եթե ազգային հիշողությունը մոռացվեց՝ կվերանա նաև սփյուռքը. Իշխանությանը սփյուռքը չի հետաքրքրում, նա իր աթոռից է կառչած». Ամատունի Վիրաբյան
Այսօր 1915 թվականին Արևմտյան Հայաստանում Օսմանյան Թուրքիայի կողմից հայության դեմ իրականացված ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Տարիներ շարունակ ապրիլի 24-ին աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերը գալիս են Հայաստան՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալու և անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։
Չնայած 2018 թվականից հետո ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն իրենց համար արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, սակայն սա սփյուռքահայ հազարավոր հասարակական ու քաղաքական գործիչներին չի խանգարում միջազգային տարբեր կառույցներում բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության հարցը։
Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ ապրիլի 23-ին տեղի ունեցած ջահերով երթի ժամանակ մարդիկ տանում էին նաև օտարերկրյա բազմաթիվ պետությունների դրոշներ, դրանք այն պետություններն են, որոնք տարբեր տարիների ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ մեծ տերություններից սկսած՝ Գերմանիայից մինչև Ռուսաստանի Դաշնություն։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նորություն չէ, պարզապես ՀՀ ներկայիս իշխանությունը Թուրքիայի հետ իրենց հարաբերությունները կանոնավորելու համար հրաժարվում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից։ Մենք ժամանակին մեծ ճնշումներ էինք գործադրում Թուրքիայի վրա, որպեսզի ոչ միայն ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլև փոխհատուցի, որովհետև միայն ճանաչելը քիչ է։
Բնականաբար, մենք այստեղ կարող ենք օրինակ բերել հրեաներին, որոնք մինչև այսօր պետական մակարդակով իրականացնում են Հոլոքոստի փաստի առկայությունն իրենց միջազգային քաղաքականության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։
Մեր զրուցակիցը շեշտեց՝ հայ ազգը վերջապես պետք է հասկանա, որ բուն հանրապետությունում՝Հայաստանում, մի քանի անգամ ավելի քիչ են, քան սփյուռքում, իսկ սփյուռքը պահվում ու պահպանվում է ազգային արժեքների, ազգային հիշողության շնորհիվ։
«Եթե ազգային հիշողությունը մոռացվեց՝ կվերանա նաև հայոց սփյուռքը։ Ցեղասպանությունը նրանց համար իրենց նախնիների, պապերի, ծնողների՝ ոչ միայն հիշատակի, այլ առօրյա կյանքում նրանց ապրած օրերի իմաստնության միտքն է, գաղափարը։ Այս ամենը եթե չեղավ, չի լինելու նաև սփյուռքը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է մտածել հայոց սփյուռքի պահպանության համար, հակառակ դեպքում իշխանությունների այս քայլերը բերելու են նրան, որ սփյուռքը դադարելու է գոյություն ունենալ»,- հավելեց Ա. Վիրաբյանը։
Հարցին՝ այսօր մե՞ծ է սփյուռքի լինել-չլինելու վտանգը, որի գոյությունը կարծես թե իշխանություններին այդքան էլ չի հետաքրքրում, հատկապես, որ նրանք սփյուռքի մի շարք կարկառուն գործիչների մուտքն են արգելել Հայաստան, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց.
«Այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունը կառչել է իր աթոռից, իշխանությունից, նրանց համար սփյուռքը կարևոր չէ։ Իրենց համար կարևոր է 29 հազար քկմ-ի վրա մշտապես ունենալ իշխանություն, վայելել ու օգտվել իշխանության տված բարիքներից։
Ամբողջ խնդիրն այն է, որ իշխանությունը ձգտում է հասնել Ցեղասպանության փաստի մոռացմանը, նույնիսկ զարմացա, որ վերանորոգեցին Ծիծեռնակաբերդի հուշակոթողը, զարմացա, որ այսօր առավոտյան այցելել էին այնտեղ, մի օր չեն գնալու։ Ամեն ինչ անում են, որ նոր սերունդը չհիշի պատմական անցյալը, Ցեղասպանությունը։ Երեկ ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշն այրեցին, դրանից անմիջապես հետո ուշ ժամի հանդես եկան հայտարարությամբ, մի խոսքով՝ տխուր է»։



