Բաժիններ՝

Թրամփը պետք է Հայոց ցեղասպանությունը կոչի իրական անունով. The Washington Times

Ամերիկյան The Washington Times-ում հրապարակված հոդվածում ընդգծվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա ուղերձը կարող է դառնալ երկրի բարոյական առաջնորդության կարևոր փորձություն։

The Washington Times-ում հրապարակված հոդվածում հեղինակ Ստեֆան Պեչդիմալջին նշում է, որ Իրանի շուրջ հակամարտության սրման և Մերձավոր Արևելքում անկայունության պայմաններում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի ամենամյա հայտարարությունը վերածվել է ԱՄՆ-ի բարոյական առաջնորդության և ռազմավարական հեղինակության փորձության։

Հեղինակը գրում է, որ տասնամյակներ շարունակ ամերիկահայ համայնքը Սպիտակ տնից պահանջել է պաշտոնապես ճանաչել 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը որպես ցեղասպանություն։

Նշվում է, որ Թուրքիան շարունակում է ժխտել այդ իրադարձությունները, իսկ թեև ԱՄՆ Կոնգրեսը 2019 թվականին ճանաչել է Ցեղասպանությունը, իսկ 2021-ին եղել է նախագահական ճանաչում, ներկայիս վարչակազմը վերջին շրջանում օգտագործում է «մեծ աղետ» և «պատմական ողբերգություն» ձևակերպումները։

Ըստ հեղինակի՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում ԱՄՆ-ն պայքարում է երկու ճակատով՝ մեկը ֆիզիկական, մյուսը՝ բարոյական։

«Մեր առաջնորդները հաճախ հղում են անում միջազգային նորմերին և մարդու իրավունքներին՝ արդարացնելու ռազմական գործողությունները, սակայն այդ կոչերը համոզիչ չեն հնչում, երբ նույն չափանիշները չեն կիրառվում պատմության փաստերի նկատմամբ»,- նշում է Պեչդիմալջին։

Հեղինակը նաև ընդգծում է, որ նախագահի այս ուրբաթ նախատեսվող հայտարարությունը կազդի Հարավային Կովկասում կայունության հեռանկարների վրա։

«Կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել պատմության ժխտման կամ ռազմավարական լռության հիման վրա»,- նշվում է հոդվածում։

Նա նաև նշում է, որ «ցեղասպանություն» բառի չկիրառումը կարող է ընկալվել որպես ազդակ տարածաշրջանային ուժերին, որ պատմական ռևիզիոնիզմն ընդունելի է։

Հոդվածում հիշատակվում է, որ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից տեղահանել է ավելի քան 120 հազար հայերի։ Հեղինակը նշում է, որ դա Հայոց ցեղասպանությունից ի վեր ամենախոշոր բռնի տեղահանումն է։

Հեղինակը եզրափակում է, որ ճանաչումը վստահելիության կարևոր բաղադրիչ է։

«Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ միջազգային հանրությունը վստահի ԱՄՆ-ի դիրքորոշմանը, ապա չի կարող միաժամանակ զիջել անցյալի հանցագործությունների հարցում արտաքին ճնշումներին»,- գրում է Ստեֆան Պեչդիմալջին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930