Խորհրդարանական քառյակը պահպանվում է պետության կողմից

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը, որ մինչև ապրիլի 3-ը` Տիգրան Սարգսյանի հրաժարականը կամ պաշտոնանկությունը, հավաքվում և ակտիվորեն քննարկում էր հասարակությանը փողոց հանելու, մասնակի իշխանափոխությունից մինչև ամբողջական իշխանափոխության հասնելու հեռանկարները, հիմա զբաղված է ընդամենը մեկ գործով` քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ նախագիծը քննարկվում է արդեն մեկ ամիս շարունակ և կարող է դեռ երկար քննարկվել, քանի որ քառյակն այլ զբաղմունք կարծես թե չունի` իր գոյությունն ապացուցելու կամ ի ցույց դնելու համար:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը և ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր կամ վաղը կառավարությանը կներկայացնեն քառյակի պատկերացումները կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Նրանք առաջարկում են օրենքից հանել «պարտադիր» բառը, և կուտակային կենսաթոշակային համակարգը դարձնել կամավոր: Ինչո՞ւ քառյակի ներկայացուցիչները չեն պահանջում նոր կառավարության հրաժարականը, ինչպես պահանջում էին նախորդինը, արդյո՞ք օրենքի նախագիծ գրելը, կառավարություն ուղարկելը կառավարության հետ յուրօրինակ համագործակցության ձև չէ: Քառյակի ներկայացուցիչներն ասում են, որ նախ` պետք է ներկայացնել առաջարկը, սպասել կառավարության արձագանքին, հետո նոր քննարկել և որոշել հետագա քայլերի տրամաբանությունը:

Իրականում քառյակի ներկայացուցիչները շատ լավ գիտեն, թե ինչ է պատասխանելու իրենց առաջարկին կառավարությունը: Այդ պատասխանը նրանց տրվել է ավելի քան մեկ շաբաթ առաջ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը 10 օր առաջ մասնակցեց քառյակի նիստին և առաջարկեց ներկայացնել«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ քառյակի մոտեցումները, որպեսզի կառավարությունը դրանք հաշվի առնի իր կողմից ներկայացվելիք օրենքի նախագծում: Քառյակը ներկայացրեց իր տարբերակը, բայց կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց տրամագծորեն հակառակ բովանդակությամբ օրենքի նախագիծ. այնտեղ առաջարկվում է ոչ թե հրաժարվել պարտադիր բաղադրիչից, այլ հրաժարվել պարտադիր գանձումներ չկատարելու համար սահմանված տուգանքներից: Խորհրդարանական քառյակի ներկայացուցիչները կառավարության ներկայացրած նախագծի քննարկումների ժամանակ քննադատում էին այդ մոտեցումը և հայտարարում, որ կառավարությունն այս օրինագծով ժամանակ է շահում, որպեսզի համակարգը գործի, թափ հավաքի, և այլևս հնարավոր չլինի այն կանգնեցնել: Բայց նույն գործով`ժամանակ շահելով է զբաղված նաև քառյակը:

Եվ եթե կառավարության դեպքում ժամանակ շահելու նպատակը պարզ է, ապա քառյակի դեպքում այն մի քիչ անհասկանալի է:
Ժամանակ շահելն ընդամենը մի նպատակ կարող է ունենալ. ցույց տալ, որ քառյակը գոյություն ունի, որ այն ինչ-որ գործով զբաղված է: Ըստ ՀԱԿ-ին մոտ կանգնած աղբյուրների` այդ կուսակցությունում վերջին մեկ շաբաթվա ընթացքում բուռն քննարկումներ են ծավալվել քաղաքական ապագա զարգացումների թեմայի շուրջ: ՀԱԿ որոշ ակտիվիստներ ուզում են հասկանալ, թե ինչ ուղղությամբ է այդ կառույցը շարունակելու իր պայքարն իշխանությունների դեմ` նոր կառավարության ձևավորման և դրա կազմում ԲՀԿ ներկայացուցչի ընդգրկումից հետո:

Կարդացեք նաև

ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ պահանջել են, որպեսզի ՀԱԿ-ը միայնակ կազմակերպի շուրջօրյա հանրահավաքներ և պահանջի իշխանությունների ամբողջական հրաժարականը: Նրանք հիշեցրել են, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով ոչինչ չի փոխվում, որ Սարգսյանի պաշտոնանկությունն իշխանության թուլության նշան և քառյակի հաղթանակի արդյունք է, և առաջարկել է զարգացնել այդ հաղթանակը: Իսկ եթե Սարգսյանի հրաժարականով ոչինչ չի փոխվել, ապա քառյակի պլանները ևս չպետք է փոխված լինեին:

Բայց ՀԱԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ և, մասնավորապես, խմբակցության մի մասի ղեկավար Լևոն Զուրաբյանը (այդ խմբակցության անդամների մի մասը Զուրաբյանին իր ղեկավարը չի համարում) հայտարարել է, որ եթե իրենք միայնակ հանրահավաք անցկացնեն, ապա դրա արդյունքում խորհրդարանական քառյակը կկազմաքանդվի, իսկ քառյակի գոյության պահպանումը և քառյակի շրջանակներում գործունեության իրականացումը շատ ավելի կարևոր է, քան շուրջօրյա հանրահավաքի անցկացման խոստումն ի կատար ածելը: Բացի այդ, Զուրաբյանը մտահոգություն է հայտնել, որ եթե իրենք միայնակ հանրահավաք անցկացնեն, ապա որևէ երաշխիք չկա, որ իշխանությունները բռնի ուժ չեն գործադրի ցուցարարների նկատմամբ և բռնությամբ չեն ցրի հանրահավաքը:

Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է. ԲՀԿ-ն հասավ իր նպատակին` Տիգրան Սարգսյանի կառավարության պաշտոնանկությանը, որին ձգտում էր ավելի քան երկու տարի, այդ նպատակի իրականացման համար օգտագործելով ինչպես` ՀԱԿ-ին, այնպես էլ` ՀՅԴ-ին և «Ժառանգությանը»: Այս կառավարությունը կարելի է համարել նաև ԲՀԿ-ական, թեև այնտեղ միայն մեկ «սառեցված» ԲՀԿ-ական կա: Կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի լուծարում քառյակը և չի հայտարարում այդ կառույցից դուրս գալու մասին: Դրա իմաստն առանձնապես չկա, մանավանդ որ, քառյակի միջոցով ԲՀԿ-ն կառավարում է մյուս երեք խմբակցություններին: Այդ համագործակցությունը շահավետ է նաև ՀԱԿ-ի և մյուս խմբակցությունների համար, և այդ շահից նրանք ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել:

Տեսանյութեր

Լրահոս