Մարդու իրավունքների կրթություն և ակադեմիական ազատություն. խնդիրներ և մարտահրավերներ. հարցազրույց դոկտոր Մայքլ Հեյսի հետ

168TV-ն շարունակում է համագործակցությունը Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի հետ, և այս թողարկման ընթացքում զրուցել ենք APMA ծրագրի ակադեմիական տնօրեն, Մարդու Իրավունքների Գլոբալ Կամպուսի խորհրդի անդամ դոկտոր Մայքլ Հեյսի հետ:

Դոկտոր Հեյսն այն կարծիքին է, որ համալսարանները պետք է շատ ավելի մեծ դեր ունենան մարդու իրավունքների խթանման և պաշտպանության գործում։ Սովորեցնելու և հետազոտություն իրականացնելու սահմաններից դուրս դրանք պետք է հետևեն կառավարություններին, տրամադրեն քննադատական կարծիքներ և աջակցեն անապահով համայնքներին։

«Օրինակ, Թաիլանդում, Մյանմարի հետ սահմանային հակամարտության ֆոնին, համալսարաններն աջակցում են փախստականներին, փոքրամասնություններին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Սա ցույց է տալիս, որ նրանք կարող են անմիջականորեն նպաստել պաշտպանությանը»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ աշխարհում համալսարանների վրա օրեցօր ավելանում է ճնշումը, կան ակադեմիական ազատության դեմ հարձակումներ: «Մյանմարի բանակի կողմից առաջին թիրախավորված հաստատություններից մեկը համալսարաններն էին, որոնք դիտվում էին ընդդիմության վայրեր»,- նշում է Հեյսը։ Նա ընդգծում է, որ համալսարանների սահմանափակումը միայն թուլացնում է ժողովրդավարական և ակադեմիական մշակույթը։

Կարդացեք նաև

Նա շեշտեց՝ ակադեմիական ազատությունը պահպանելն օրեցօր ավելի դժվար է դառնում՝ ֆինանսավորման, պայմանագրերի և արտահայտման վրա սահմանափակումների պատճառով։ Դոկտոր Հեյսը նաև ընդգծում է ուսանողների դերը․ «Շատ հաճախ ակադեմիական ազատությունը դիտվում է միայն պրոֆեսորների համար, բայց ուսանողները նույնպես պետք է ունենան արտահայտվելու ազատություն։ Տխուր է, բայց Թաիլանդում որոշ ուսանողներ նույնիսկ բանտարկվել են՝ իրենց տեսակետների համար»։

Դոկտոր Հեյսն ընդգծեց, որ Գլոբալ Կամպուսը տրամադրում է հասանելիություն մարդու իրավունքների կրթությանը, կրթաթոշակներին և պաշտպանության ցանց՝ ռիսկային խմբի  ուսանողների համար. «Կարող է պատահել, որ կառավարությունները թիրախավորեն ուսանողներին, բայց համաշխարհային ցանցի մաս լինելը մեզ տալիս է լծակ՝ նրանց պաշտպանությունն առաջ մղելու համար»:

Նրա խոսքով՝ մարդու իրավունքների վերաբերյալ կրթությունը փոխում է նաև լսարանային մշակույթը․ «Որոշ միջավայրերում լսարանները հաճախ արտացոլում են բռնապետությունը՝ առանց մասնակցության, առանց երկխոսության։ Մարդու իրավունքները կրթության մեջ ներմուծում են ժողովրդավարություն՝ խրախուսելով բազմազանություն, հարգանք և մասնակցություն, որը դուրս է գալիս լսարանից և տարածվում է նաև հասարակության մեջ»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս