Մոսկվայում կայացած միջազգային ֆորումը դատապարտել է Ադրբեջանի վանդալիզմն Արցախում

Այսօր Մոսկվայում կայացած «Հաղթած երկրներ. Երկրորդ համաշխարհայինի դասերն ու խաղաղության պատասխանատվությունը» միջազգային ֆորումի մասնակիցները վճռականորեն դատապարտել են ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Արցախում Հայրենական մեծ պատերազմում հերոսացած հայերի հուշարձանների նկատմամբ։

Մասնավորապես՝ ՀՀԿ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որը Մոսկվայում մասնակցել է երկօրյա միջազգային ֆորումին, իր ելույթում նշել է. «80 տարի առաջ ֆաշիստական Գերմանիան և նրա դաշնակիցները պարտության մատնվեցին, սակայն, ցավոք, ֆաշիզմի և վանդալիզմի դրսևորումները շարունակվում են մինչ այսօր։
2020 թվականի պատերազմից հետո Արցախում ադրբեջանական վանդալիզմի թիրախում հայտնվեցին Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հայկական հուշարձանները։

Վանդալիզմի ենթարկվեցին ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի և Խորհրդային Միության երկակի հերոս, Լենինգրադի պաշտպան Նելսոն Ստեփանյանի հուշարձանները։ Նման նեոնացիստական դրսևորումները պետք է վճռականորեն դատապարտվեն»։ Արցախում ադրբեջանական վանդալիզմի հարցը Ֆորումի օրակարգ բնականաբար մտցրել է ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։

Առաջին անգամը չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միջազգային հարթակներում ու համաժողովներում առաջ է մղում ազգային օրակարգը՝ կարողանալով օտարերկրյա գործընկերների շրջանում կոնսենսուս ձևավորել այդ օրակարգի առանցքային հարցերի շուրջ։

Այս դեպքում, Մոսկվայում անցկացված միջազգային համաժողովին ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովի ջանքերի շնորհիվ, Արցախում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմը դատապարտվեց ֆորումի ընդունած վերջնական փաստաթղթում։

Տեսանյութեր

Լրահոս