
Պաղեստին պետություն Հորդանան գետից արևմուտք չի լինելու. Նեթանյահու

«Պաղեստին պետություն Հորդանան գետից արևմուտք չի լինելու», – հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր տեսաուղերձում՝ ի պատասխան Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի կողմից Պաղեստին պետության ճանաչման։
«Ես ունեմ հստակ ուղերձ այն առաջնորդներին, ովքեր ճանաչել են Պաղեստին պետությունը հոկտեմբերի 7-ի սարսափելի կոտորածից հետո. դուք ահաբեկչությանը հսկայական պարգև եք շնորհում։
Եվ ես ունեմ ևս մեկ ուղերձ ձեզ համար. դա տեղի չի ունենա։
Պաղեստին պետություն Հորդանան գետից արևմուտք չի լինելու։
Տարիներ շարունակ ես խոչընդոտել եմ այդ ահաբեկչական պետության ստեղծմանը՝ չնայած երկրի ներսում և արտերկրում գործադրվող հսկայական ճնշմանը։ Մենք դա արել ենք վճռականորեն և քաղաքական իմաստությամբ։
Մինչ այդ մենք կրկնապատկել ենք հրեական բնակավայրերը Հրեաստանում և Սամարիայում և շարունակելու ենք այդ ուղին։
Մեր երկրի կենտրոնում մեզ վրա ուղղված ահաբեկչական պետություն պարտադրելու վերջին փորձին պատասխան կտրվի ԱՄՆ-ից իմ վերադարձից հետո։ Սպասեք», – հայտարարել է Նեթանյահուն։