Հասարակության սպանությունն ու իշխանության ինքնասպանությունը

Մայիսի 1-ը Հայաստանում որպես Աշխատավորի օր՝ նշվում է իներցիայի ուժով: Այս տարին, իհարկե, առանձնահատուկ էր և ավելի կարմիր. կոմունիստները Երևանի փողոցներում խորհրդային ժամանակներին բնորոշ երթ էին անցկացնում՝ «Կեցցե՛ Պուտինը», «Կեցցե՛ Մաքսային միությունը» կարգախոսներով: Դժվար չէ պատկերացնել ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների, ՀԱԿ-ականների ու ՀՅԴ-ականների ներքին նախանձը. քաղաքական ու «բազմակուսակցական» ձևականությունների պատճառով իրենք չէին կարող միանալ այդ երթին ու կոմունիստներից ավելի բարձր փառաբանել Պուտինին ու ամենայն պուտինյանը: Իրականում հենց դա էր այսօրվա երթի նպատակը և ոչ թե՝ աշխատանքի տոնը: Այն պատճառով, որ Հայաստանում աշխատանք հասկացությունը հասցվել է այն վիճակին, որ պետք է նշել ոչ թե՝ դրա տոնը, այլ՝ տարելիցը:

Աշխատանք Հայաստանում, լայն իմաստով, ունեն երկու խմբի ներկայացուցիչներ՝ իշխանությունը, նրանց հարակից միավորները և քաղաքացիները: Առաջինների աշխատանքը քաղաքացիներին աշխատեցնելն է, քաղաքացիներինը՝ իշխանական համակարգին որևէ կերպ ինտեգրված միավորներում աշխատելով՝ գոյություն պահպանելը:

Ընդ որում, անգամ այդպիսի աշխատանքը հեշտությամբ չի տրվում, և անգամ այդպիսի աշխատանք ունենալը համարվում է հաջողության վկայություն: Հասկանալի է, որ տվյալ դեպքում խոսքն առանձին վերցրած մասնագիտությունների, առանձին ոլորտների կամ աշխատատեղերի մասին չէ: Խոսքը վերաբերում է աշխատանք հասկացությանը՝ ավելի լայն ընդգրկմամբ. ոչ միայն՝ որպես գոյություն ապահովելու միջոցի, այլ նաև՝ ինչ-որ բան ստեղծելու, արարելու, մարդու ինքնադրսևորման հնարավորության: Այդ իմաստով՝ Հայաստանում աշխատանք գրեթե գոյություն չունի:

Ստեղծարար, արարող աշխատանք կարող են կատարել միայն ազատ քաղաքացիները, սեփական դիրքորոշում ու սեփական հայացքներ ունեցող մարդիկ: Իսկ իշխանությունն աշխատանքով, ավելի բարձր վարձատրվող աշխատանքով ու հատկապես բարեկեցիկ կյանքով ապրելու հնարավորություն տվող աշխատանքով ապահովում է միայն մարդկանց, ովքեր պատրաստ են հրաժարվել այդ ամենից, սեփական եսից, արժեքներից, արժանապատվությունից: Ու որքան ավելի անդառնալի է հրաժարումը, այնքան ավելի բարձր կարող է լինել փոխհատուցումը: Իսկ դա նշանակում է՝ ստեղծել, բուծել, բազմացնել ստրուկների հասարակություն: Մտքով ու հոգով ստրուկների հասարակություն, որտեղ գերակայում են միայն նյութական արժեքները, և գնահատվում է միայն այդ արժեքներին հասնելու հարցում միջոցների մեջ խտրություն չդնելու կարողությունը:

Այս երևույթն է Հայաստանը խորքից, հիմքից ջլատում, այս երևույթն է Հայաստանին զրկում զարգացման, առողջացման հեռանկարից:

Ընդհանրապես աշխարհում, մարդկության զարգացման ողջ ընթացքում եղել է ու կա աշխատանքի նկատմամբ երկու կոնցեպտ, աշխարհայացք, որը պարզ ձևակերպմամբ ներկայանում է «աշխատանքը՝ մարդու համար» և «մարդը՝ աշխատանքի համար» հակադիր մոտեցումներով: Առաջին դեպքում աշխատանքը միջոց է, մարդը՝ նպատակ, երկրորդ կոնցեպտը հիմնվում է մարդուն որպես միջոց դիտարկելու և օգտագործելու ռազմավարության վրա: Առաջին դեպքում հանդես է գալիս ստեղծագործ, արարող, նորարար մարդը, երկրորդը խթանում է մարդկանց կատարող, հնազանդվող տեսակի առաջխաղացումը:

Այս մոտեցումները, հասկանալի է, վերաբերում են ոչ թե աշխատանքային գործողությունների կատարման նեղ իմաստներին, այլ հանրային կյանքի ուղենիշերին: Զարգանում ու բարգավաճում են այն հասարակությունները, որոնցում գերակայում է «աշխատանքը՝ մարդու համար» կոնցեպտը, և հակառակը՝ դատապարտված են նրանք, որտեղ տիրապետող է «մարդը՝ աշխատանքի համար» աշխարհայացքը: Ակնհայտ է, որ Հայաստանը դասվում է երկրորդ խմբին: Հանուն աշխատանքի, իմա՝ հանուն փողի, հանուն բարեկեցության, սոցիալական կարգավիճակի, և այլն, մարդկանց մեծամասնությունը պատրաստ է հեռանալ մարդկային կերպից այնքան, որքան հնարավոր է ֆիզիկապես ու հոգեբանորեն:

Իշխանությունը դրա լավագույն օրինակն է: Այդպիսի մարդկանց հավաքածու: Դրա համար Հայաստանում անգամ ամենահարուստ մարդիկ, ամենաբարձրաստիճան պաշտոնյաներն իրականում դժբախտ են, լցված են ներքին չարությամբ ու ատելությամբ: Հասարակության, սեփական շրջապատի, իրենք իրենց հանդեպ: Որովհետև նրանց մեծ մասը հարստացել ու սոցիալական կարգավիճակի է հասել ինքն իրեն սպանելով, սեփական եսը ոչնչացնելով: Ու նույնն անում է սեփական հիմնարկներում, «օբյեկտներում» աշխատող մարդկանց հետ: Այնպես, ինչպես իշխանությունը վերաբերվում է հասարակությանն՝ ընդհանուր առմամբ: Այսինքն՝ սպանում է մարդուն՝ մարդ-նպատակին, առաջին պլան մղելով մարդ-միջոցին: Հասկանալով կամ ոչ, որ այդպիսով սպանում է նաև իշխանությունը ներկայացնող մարդկանց՝ իշխանությունը դարձնելով նպատակ:

Տեսանյութեր

Լրահոս