Բաժիններ՝

Իռլանդիա–Հայաստան. «պատերազմ» Դուբլինում

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կկայանա Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի չորրորդ տուրի հանդիպումը՝ Իռլանդիա – Հայաստան։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22։45-ին։

Երկու հավաքականների համար այս հանդիպումը կարող է դառնալ շրջադարձային։ Հաղթանակը կպահպանի հույսերը խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու և պայքարը շարունակելու համար։ Այս պահին Հայաստանի հավաքականը երեք միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում՝ ընդամենը մեկ միավորով հետ մնալով երկրորդ տեղում գտնվող Հունգարիայից։ Իռլանդիան վերջինն է՝ մեկ միավորով։

Իռլանդացիները մինչ այժմ դեռ չեն տոնել հաղթանակ։ Նրանց միակ միավորը գրանցվել է մեկնարկային տուրում՝ Հունգարիայի հետ ոչ-ոքիից հետո (2։2)։ Այնուհետև թիմը պարտվեց Պորտուգալիային (0։1) և Հայաստանին (1։2)։ Հայաստանի հավաքականը, իր հերթին, հաղթեց հենց իռլանդացիներին Երևանում, սակայն պարտվեց Պորտուգալիային (0։5) և Հունգարիային (0։2)։

Հանդիպման նախօրեին երկու կողմերի մարզիչներն էլ ընդգծել են խաղի մեծ կարևորությունը։

Իռլանդիայի գլխավոր մարզիչ Հեյմիր Հադլգրիմսոնը վստահ է, որ իր թիմը պատրաստ է հաղթանակի.

«Ես հավատում եմ այս թիմին։ Մեզ անհրաժեշտ է միայն մեկ հաղթանակ, որպեսզի իրավիճակը փոխվի։ Հայաստանը ուժեղ թիմ է, նրանք կարող են պատժել ցանկացած սխալ, բայց մենք պատրաստ ենք կոշտ և խելացի խաղի։ Այս խաղում պարտավոր ենք հաղթել»։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է պատասխանատվության և հոգեբանական պատրաստության մասին՝ ընդգծելով, որ խաղը լինելու է «պատերազմ».

«Մենք գիտակցում ենք մրցակցի լրջությունը։ Երկու թիմերն էլ վերջին խաղերում կորցրել են կարևոր միավորներ։ Այս երեք միավորները կարող են վճռորոշ լինել, ուստի մեզ սպասվում է իսկական պայքար։ Թե ով կհաղթի՝ ցույց կտա խաղը»։

Հայաստանի հավաքականի պաշտպան Էրիկ Փիլոյանը ևս վստահ է թիմի ուժերին.

«Մեր նպատակը մեկն է՝ խաղալ ավելի լավ, քան Երևանում։ Մարդիկ հավատում են մեզ, և մենք ուզում ենք նրանց ուրախացնել։ Տարբերությունը կլինի, բայց մենք պատրաստ ենք»։

Իռլանդիայի հավաքականի ավագ Նաթան Քոլինզն էլ խոսել է վրեժի և վստահության մասին.

«Մենք պարտավոր ենք ցույց տալ մեր ուժը և վերադարձնել պարտքը Հայաստանի հետ խաղում։ Տանը, մեր երկրպագուների ներկայությամբ, մենք վտանգավոր ենք։ Վստահ եմ՝ կարող ենք հաղթել»։

Հանդիպումը սպասվում է լարված և սկզբունքային։ Հայաստանի հավաքականը կփորձի կրկնել Երևանում գրանցած հաջողությունը, իսկ իռլանդացիները՝ վրեժ լուծել և պահել հույսերը Մունդիալում խաղալու համար։

Խաղը կսպասարկի ֆրանսիացի մրցավար Բենուա Բաստիենը, նրան կօգնեն հայրենակիցներ Հիշամ Զաքրանին և Օրելեն Բերտոմյեն, իսկ VAR-ի վրա կաշխատի Էրիկ Վատելյեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս