
Փաշինյանի տվածը հենց Սյունիքի միջանցք է. Հրանտ Միքայելյան
Մեծ Բրիտանիան չեղարկում է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի մատակարարման էմբարգոն։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պետնախարար Սթիվեն Դաութին:
Ըստ նրա՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջընթացը, խաղաղությանն ուղղված շարունակական ջանքերին աջակցելու համար Բրիտանիան որոշել է Հայաստանի և Ադրբեջանի հետ բարձրացնել իր երկկողմ հարաբերությունները՝ դրանք հասցնելով ռազմավարական գործընկերության։ Պաշտոնական Լոնդոնի որոշմամբ՝ Միացյալ Թագավորությունը նաև աջակցելու է երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանմանը «հիբրիդային սպառնալիքներից»։
«Մենք ուշադիր կհետևենք տարածաշրջանի և ներպետական անվտանգության իրավիճակին երկու երկրներում»,- ասել է պետնախարարը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և առաջընթացի մասին հայտարարություններին, ընդգծեց՝ չկա խաղաղություն, որովհետև Ադրբեջանը զինվում է Հայաստանի դեմ՝ միաժամանակ պահանջելով Հայաստանի ապառազմականացում։
«Այս պահին Լոնդոնի մոտիվները չեմ կարող վերլուծել, միայն կասեմ հետևյալը՝ Լոնդոնում ևս գիտեն՝ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի. ռազմականացնում է Նախիջևանը, զենք է տեղափոխում այնտեղ»,- ասաց նա։
Որպես Հայաստանի ապառազմականացման օրինակ՝ Հրանտ Միքայելյանը հիշեցրեց ՔՊ-ական իշխանության ընդունած օրենքները՝ ինչպես պետական բյուջեով բանակին ուղղված գումարների կրճատման, այնպես էլ՝ նոր սպառազինություններ չգնելու, բանակում զինվորական ծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ։
«Երբ Ադրեբջանը որոշի ուժով լուծել հարցերը՝ դա կանի, իսկ Հայաստանն ապառազմականացվում է։ Ինչո՞ւ Ալիևը չի ստորագրում խաղաղության պայմանագիր, որովհետև չի ուզում, ուզում է պատերազմ և այդ կեղծ «Արևմտյան Ադրբեջան» գաղափարի իրականացում։
Հիշեք, որ վերջերս նաև ամբողջ իսլամական աշխարհն ընդունեց բանաձև, որով աջակցեցին Ադրբեջանի այդ կեղծ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտին։ Կրկնում եմ՝ Ադրբեջանը գնում է պատերազմի, և զենքի գնման էմբարգոն վերացրած Լոնդոնում այդ մասին լավ գիտեն»,- շեշտեց քաղաքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։