«Կան խաղող մթերող ընկերություններ, որոնք կապիկություններ են անում». Խաղողագործ

Այս տարի խաղողագործները խաղողի մթերման ժամանակ կրկին բախվել են մի շարք խնդիրների։ Խաղողագործների միայն մի մասն է կարողացել առանց խոչընդոտների իր բերքը հանձնել մթերող ընկերություններին, մյուս մասը շարունակում է բախվել խնդիրների ու օրերով սպասում է, որ հերթը հասնի իր բերքի հանձնմանը։

Արարատի մարզի խաղողագործներից մեկը՝ Կարեն Միքայելյանը, 168.am-ին փոխանցեց, որ այս տարի անձամբ խնդիրների չի բախվել, բայց ընդհանոր առմամբ խաղողագործների համար հեշտ չէ մթերման աշխատանքները կազմակերպելը։

«Կան մթերող ընկերություններ, որոնք կապիկություններ են անում, ամեն ինչ անում են, որ մթերման գինը գցեն։ Օրինակ, նախկինում կային ընկերություններ, որոնք խաղողագործին ասում էին՝ ստորագրի, որ խաղողդ վատն է, ինչ է թե՝ մի 20 դրամ պահում անեին, այսինքն՝ կապիկություններ անող ընկերություններ կան, էլի։ Այս տարի ես իմ խաղողը հանձնել եմ «Վեդի Ալկո» ընկերությանը՝ 140 դրամով, նախորդ տարի 120 դրամ էր»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա հայտնեց, որ այս տարի իր ստացած բերքից արտահանում չի իրականացրել, նախորդ տարի որոշ մասն արտահանել էր։

Կարդացեք նաև

«Այս տարի ընկերությունը, որն արտահանում էր խաղողի մի մասը, խնդիրներ ուներ, դրա համար նույնիկ 1 կգ չեմ արտահանել, ամբողջը հանձնել եմ մթերող ընկերությանը»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նա նաև ասաց, որ խաղողագործը, անկախ խնդիրներից, չի կարող իր այգին անտերության մատնել, եթե անտերության մատնեց, այլևս այգու տերը չի լինելու, հետևաբար՝ պետք է մշակի։

«Այգին չես կարող չմշակես, կա՛մ պետք է քանդես, կա՛մ պետք է մշակես, չես կարող այս տարի չմշակես, հաջորդ տարի մշակես։ Հետևաբար՝ ինչ էլ լինի, խաղողագործը պետք է այգուն տիրություն անի՝ անկախ առկա խնդիրներից»,- շեշտեց խաղողագործը։

Նշենք, որ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ խաղողագործները մեծ խնդիրների են բախվում, այդ պատճառով էլ վերջին 3 տարիների ընթացքում այգիների մոտ 500 հեկտարի անկում է գրանցվել։ Խաղողի այգիների մոտ 10 տոկոսը քանդվել է աշնանն ու գարնանը։

Տեսանյութեր

Լրահոս