
Մահացել է հայագիտության նվիրյալ Ալբերտ Մուշեղյանը

Մահացել է հայագիտության նվիրյալ Ալբերտ Մուշեղյանը
Ընդամենը վեց տարում ի՜նչ զարմանալի հանգամանալիությամբ պետք է տեսած լինես աշխարհը, որ ճակատագրի չար խաղը հետագայում նույն ճակատագրի հանդեպ հաղթանակի վերածես: Ու մտքի, գիտակցության, հայրենասիրության ի՜նչ պաշար պիտի ամբարես ընդամենը վեց տարում, որ հետագայում զրկանքը սխրանքի վերածես: Ու անանձնականության ի՜նչ ծավալումներ պիտի ծուփ տված լինեն հոգուդ մեջ, որ հետագայում կյանքի՝ քեզնից խլած լույսը հենց կյանքին վերադարձնելը նպատակ դարձնես…
Ալբերտ Մուշեղյանի կյանքը, հիրավի, հաղթանակների ու սխրանքների հերթագայություն էր, և այդ հաղթարշավը հանուն լույսի, այսօր՝ նրա մահվան առիթով, պետք է փաստել, այլևս դասական օրինակ է ճակատագրի չնչին տարուբերումներից արագ հուսահատվող մարդկանց համար: Իսկ գիտության, մասնավորապես՝ հայագիտության՝ Մուշեղյանի պատկառելի նվաճումները, որ հաճախ շշմեցնող էին մանրամասների ու ճշգրտումների վերհանման առումով, ուղղակի դաս են բոլոր նրանց համար, ովքեր 120 էջանոց «թխած» դիսերտացիաներով կոչում են պոկում ու հետո կոկորդ պատռում՝ իրենց գիտական նվաճումների մասին:
Ալբերտ Մուշեղյանը այնպիսի մի ներկայություն էր մեր գիտական կյանքում, որ դրդում էր առնվազն մեկ րոպե մտածել մեծ-մեծ խոսելուց առաջ, որ դրդում էր գիտության մեջ ներդրած ջանքերդ տառապանք չհամարել, որ մղում էր ոչ թե անցնել տեքստերի տողերի վրայով, այլ անպայման խորանալու, ըմբռնելու, հայտնաբերումի կիրք դրսևորել, որովհետև ինքը՝ Ալբերտ Մուշեղյանը, այդ զարմանալի ու շքեղ գոյությունը մեր աղքատ ու գետնամած ժամանակներում, գերմաներեն գիտեր, հունարենի, լատիներենի էր տիրապետում, գրաբարի փայլուն գիտակ էր, աշխարհի ամենահայտնի հայագետների հետ սեղան էր նստում ու նրանց որոշ բարբաջանքներ հիմնավոր հերքում, հազար տարվա թվում է անհերքելի ճշմարտություններ էր կասկածի տակ դնում, պեղում էր, գտնում էր, լուսավորում էր՝ տառապելով՝ երբեք չխոսելով տառապելու մասին, հայտնաբերելով՝ միշտ գնահատելով դա իբրև սովորականություն…
Ու Ալբերտ Մուշեղյանի՝ չտեսնող այդ տեսանողի մեզ նվիրած լույսը առանձնահատուկ պիտի փայփայենք, ու շատերս, որ տեսնող չտեսանողներ ենք, նրա հետ նույն ժամանակում ապրելու, նրա աշխատություններն առաջինը կարդալու մեզ տրված բացառիկ այդ պատեհությունը՝ պիտի կարողանանք գնահատել, որովհետև գիտնականի, բանասերի նրա տեսակը այնքան հազվագյուտ է դարձել, որ, վախենամ, ապագայում այդ տեսակի հետ հարաբերվելու առիթ այլևս չունենանք…
Արքեմնիկ Նիկողոսյան