Հայաստանի թշնամական ընտրությունը

Անցած կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Հայաստանի համար բարեկամական Ֆրանսիայում և ոչ բարեկամական Թուրքիայում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորած Սոցիալիստական կուսակցությունը պարտվել է ընտրություններում՝ տեղական իշխանության ղեկավարների պաշտոնների մեծ մասը զիջելով ընդդիմադիր Պահպանողական կուսակցությանը: Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էյրոն ընտրությունների արդյունքները գնահատել է՝ որպես կառավարության պարտություն: «Ընտրություններում պարտությունը մատնացույց է անում ձախերի հավաքական մեղքը, և ես խոստովանում եմ, որ դրանում պատասխանատվության իմ բաժինն ունեմ»,- հայտարարել է նա:

Արդեն իսկ խոսվում է, որ առաջիկայում ՏԻՄ ընտրությունների արդյունքները լուրջ փոփոխություններ կառաջացնեն Ֆրանսիայի կառավարությունում:
Նույն օրը Թուրքիայում անցկացված ընտրություններում «համոզիչ» հաղթանակ է տարել այդ երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը: Էրդողանը ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ի հաղթանակը որակել է՝ որպես «ողջ 77 միլիոնանոց Թուրքիայի հաղթանակի օր»: Հիշեցնենք, որ Էրդողանը, նրա որդին, ինչպես և նրա կառավարության անդամների մի մասը՝ իրենց զավակների հետ, ներքաշված են կոռուպցիոն խոշորագույն սկանդալում:

Ի՞նչ կապ ունեն այս իրադարձությունները Հայաստանի հետ: Առաջին հայացքից՝ որևէ կապ էլ չունեն: Բայց կապն ի հայտ է գալիս համեմատության մեջ: Քաղաքական համակարգով, ընտրություններում արձանագրվող արդյունքներով, պարզ ասած՝ ժողովրդավարության մակարդակով ո՞ւմ է ավելի նման կամ ո՞ւմ է ավելի մոտ Հայաստանը՝ բարեկամ Ֆրանսիայի՞ն, որտեղ իշխանությունը պարտվում և խոստովանում է պարտությունը, թե՞ թշնամական Թուրքիային՝ որտեղ կոռումպացված իշխանությունը «հաղթում» է՝ հաղթելուց հետո էլ սպառնալով հաշվեհարդար տեսնել ընդդիմախոսների նկատմամբ: (Էրդողանը դիմելով իր համակիրներին՝ խոստացել է, որ հակառակորդները «վճարելու» են իր հեղինակությունը մթագնելու և իշխանությունից հեռացնելու փորձ ձեռնարկելու համար):

Այս հարցին պատասխանելու համար բավական է վերհիշել անցած մի քանի տարիներին Հայաստանում կայացած բոլոր մակարդակների, այդ թվում՝ ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Հայաստանում, ինչպես և Թուրքիայում, մշտապես հաղթում է իշխանությունը՝ ընտրություններից հետո սպառնալով կամ, լավագույն դեպքում, հեգնելով ընդդիմությանը (դա Գալուստ Սահակյանի հիմնական գործառույթներից մեկն է):

Առաջիկա ամիսներին Հայաստանի բազմաթիվ համայնքներում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Ո՞վ է հաղթելու: Հարցրեք Գալուստ Սահակյանին: Իհա՛րկե ՀՀԿ-ն: Ինչպես և «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հարևան Թուրքիայում, որի հետ ֆուտբոլային դիվանագիտության հաշիվն այդպես էլ պարզ չդարձավ: Հայաստանը շարունակաբար գնդակն ուղարկեց Թուրքիայի դաշտ, որի պատասխան հարվածներին հայկական կողմից պատասխան հարվածներ (ոչ թե քարոզչական, այլ քաղաքական) չտրվեցին: Թերևս, այն պատճառով, որ «հայկական գնդակը» հիմա ու այլևս Ռուսաստանի դաշտում է:

Հայաստանի իշխանությունն ինքն է ընտրել այս ճանապարհը՝ կառուցել այնպիսի պետություն, որը բովանդակային առումով շատ ավելի նման է այն երկրին, որից պահանջում ենք ճանաչել պատմական արդարությունը, և արմատապես տարբեր է այն պետություններից, ում աջակցությունն ենք հայցում պատմական արդարության համար մղվող մեր պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս