
Հայաստանի վրա որևէ պարտավորություն չկա Ադրբեջանի համար միջանցք տրամադրելու. առաջիկա զարգացումները կախված են մի քանի գործոնից. Վիտալի Մանգասարյան

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը պահպանվում է, ըստ էության, Ադրբեջանը շարունակում է պնդել իրենց նկատմամբ ռուսական հիբրիդային պատերազմի մասին: Սակայն սրան զուգահեռ՝ տեսնում ենք Ալիև-Պուտին ձեռքսեղմումներ, ավելին՝ Ռուսաստանի նախագահը հայտարարում է, որ Ռուսաստան-Ադրբեջան ֆունդամենտալ հարաբերությունները և դրանք զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, վերջիվերջո, ամեն ինչ իր տեղը կգցի։
Իսկ թե կոնկրետ ի՞նչ պետք է անեն կողմերը, որ ամեն ինչ իր տեղն ընկնի և լարված իրավիճակը կարգավորվի, 168.am-ը փորձել է պարզել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում:
– Այո, մի կողմից՝ Բաքուն շարունակում է պնդել, որ իր նկատմամբ կիրառվում է հիբրիդային պատերազմ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև տեսանելի են ժպիտներով և ձեռքսեղմումներով ուղեկցվող հանդիպումներ։ Այս երկակիությունը վկայում է, որ կողմերը դեռևս փորձում են պահպանել դիվանագիտական հարթությունը՝ չվերածելով լարվածությունը բացահայտ հակասությունների:
Կարծում եմ՝ Պուտինի հայտարարությունը, որ՝ «ֆունդամենտալ հարաբերությունները» և փոխադարձ հետաքրքրություններն «իրենց տեղը կգցեն ամեն ինչ», հնչում է՝ որպես հավասարակշռման փորձ։ Այսօր հարաբերությունների «տեղը գցելու» իրական ուղիները կարող են լինել էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերը, տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը և անվտանգության ոլորտում նվազագույն փոխըմբռնումը։
Վլադիմիր Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանի առաջնահերթությունն այս փուլում Ուկրաինայի ճակատում ուժերը կենտրոնացնելն է։ Դա նշանակում է, որ Հարավային Կովկասում Մոսկվան չունի բավարար ռեսուրս՝ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելու կամ միջնորդական ծանրակշիռ դեր խաղալու համար։
Ալիևը որոշակի իմաստով իրեն բավականին հանգիստ է զգում։ Պատճառը պարզ է․ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են անկայուն և, մեղմ ասած, ոչ լավագույն փուլում։ Դա թույլ է տալիս Ադրբեջանին զգալ, որ տարածաշրջանում Ռուսաստանը չունի այնպիսի գործիքակազմ, որով կարող է էական ազդեցություն գործադրել Բաքվի վրա։ Այս իրավիճակն Ալիևին տալիս է մանևրելու ավելի լայն հնարավորություն՝ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ տարածաշրջանային նախաձեռնությունների հարցում։ Իհարկե, միևնույն ժամանակ Ալիևը գիտակցում է, որ այս հանգստությունը պայմանական է։ Խաղի կանոնները կարող են արագ փոխվել՝ կախված ինչպես Ուկրաինայի ճակատում ռուսական դիրքերի զարգացումից, այնպես էլ՝ միջազգային նոր պայմանավորվածություններից։
– Ի դեպ, Հայաստանը ևս որոշ ժամանակ առաջ պնդում էր, թե Հայաստանի նկատմամբ Ռուսաստանը կամ Ռուսաստանից հիբրիդային պատերազմ է վարվում: Օրերս Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Պուտինի հանդիպմանը Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը և Ռուսաստանը եղբայրական երկրներ են, բայց սա չի տարածվում ՌԴ-Հայաստան և ՀՀ-ՀԱՊԿ ռազմական և ռազմաքաղաքական հարաբերությունների վրա։ Մյուս կողմից, առանց այս էլ ՀՀ իշխանություններն արդեն գլուխ չեն գովում, թե «սպառազինության վրա «միլիարդավոր գումարներ են ծախսել», խաղաղության են գնում և մտածում են բյուջեի կրճատման կամ առնվազն այն չավելացնելու մասին:
– Իշխանության ներկայացուցիչների հռետորաբանության մեջ ձևավորվել է մի հակասություն, որը դժվար է բացատրել։ Այո, մի քանի ամիս առաջ նրանք պնդում էին, թե Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարում է հենց Ռուսաստանը, այժմ նույն իշխանությունը հայտարարում է, որ Ռուսաստանը եղբայրական երկիր է։ Այս տրամաբանության մեջ ստացվում է, որ Հայաստանը եղբայրական հարաբերություններ է պահպանում մի երկրի հետ, որն իր դեմ վարում է պատերազմի ամենաբարդ ձևերից մեկը՝ հիբրիդայինը:
Ինչ վերաբերում է ռազմական բյուջեի կրճատմանը, նշեմ, որ եթե անցած տարի իշխանությունները հպարտանում էին ռազմական բյուջեի աճով և միլիարդավոր դոլարների ներդրումներով զենքի ձեռքբերման գործում, ապա այսօր արդեն շեշտադրումը փոխվել է։ Հիմա իշխանությունները խոսում են ռազմական ծախսերի կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ Հայաստանը գնում է «խաղաղության» ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանը պատահական չէ քաղաքական դաշտ նետում՝ «խաղաղությունը պետք է խնամել, ծաղկի պես ջրել» թեզը: Այլ կերպ ասած՝ ցանկացած զիջում փաթեթավորվում է՝ որպես խաղաղության պահպանման քայլ։
Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել, որ այդ «խնամքի» համար արդեն իսկ գոյություն ունեն գործիքակազմեր։ Դրանցից կարևորագույնը բանակի ատեստավորման համակարգն է, որն իշխանություններին հնարավորություն է տալիս ցանկացած պահի վերաձևել և կրճատել զինված ուժերի կազմը։ Այսպիսով՝ խաղաղության խնամքի տրամաբանության ներքո հնարավոր է նաև՝ բանակի թվակազմի կրճատումը ներկայացվի որպես ռացիոնալ և անհրաժեշտ քայլ։ Ցավոք, Հայաստանի քաղաքական օրակարգը կառուցվում է ոչ թե երկարաժամկետ անվտանգության ռազմավարության, այլ խաղաղության մասին սիմվոլիկ պատկերացումների շուրջ, ինչը կարող է կարճաժամկետ կտրվածքում ապահովել հասարակական աջակցություն, բայց երկարաժամկետում վտանգավոր ազդեցություն ունենալ երկրի պաշտպանունակության վրա։
– Ադրբեջանի նախագահը վերջերս հայտարարել էր, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինեն պատերազմի՝ նշելով, որ աշխարհաքաղաքական գործընթացները զարգանում են այնպիսի ուղղությամբ, որ չես կարող ասել՝ վաղն ինչ կլինի։ Ի՞նչ կարող է նկատի ունենալ Ալիևը:
– Նախ արձանագրենք, որ Ալիևի նման հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն դեռևս չկա։ Իսկ աշխարհաքաղաքական գործընթացները Հարավային Կովկասում մշտապես փոխվում են, և յուրաքանչյուր նոր զարգացում կարող է էապես ազդել ուժերի հավասարակշռության վրա։
Ալիևի շեշտադրումն այն է, որ անորոշության պայմաններում ուժի գործոնը շարունակում է մնալ առանցքային անվտանգության ապահովման միջոց։ Միաժամանակ նրա խոսքն ուղղված է թե՛ ներքին լսարանին, թե՛ արտաքին խաղացողներին։ Ներքին մակարդակում նմանօրինակ հայտարարությունը ծառայում է հասարակությանը մշտապես մարտական տրամադրությամբ պահելու և ռազմական գերակշռության գաղափարն ամրապնդելու նպատակին։ Արտաքին ուղղությամբ էլ այն ուղերձ է Հայաստանին, ինչպես նաև տարածաշրջանում ներգրավված այլ պետություններին, որ Բաքուն պատրաստ է ցանկացած սցենարի։
Բացի այդ, նրա հայտարարությունը կարելի է դիտարկել նաև որպես ճնշման գործիք միջազգային գործընկերների վրա։ Հիշեցնելով պատերազմի մշտական սպառնալիքը՝ Բաքուն ակնարկում է, որ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի իր շահերը, հակառակ դեպքում՝ «ուժի ճանապարհը» միշտ մնում է իր ձեռքում։
– Դուք ուսումնասիրում եք ռազմական, ռազմատեխնիկական, ռազմարդյունաբերական զարգացումները, ռազմական բյուջեի վերանայումներն աշխարհում և ոչ միայն, արդյո՞ք աշխարհը խաղաղության օրակարգի է գնում, և ի՞նչ հակամարտություններ կան, որոնք չի կարելի համարել սառեցված, և ամեն րոպե կարող են վերսկսվել ռազմական գործողություններ։
– Պետությունները, նկատի ունենալով աշխարհաքաղաքական անորոշությունը, ուժերի հավասարակշռության խախտումները և նոր տեխնոլոգիական սպառնալիքները, առաջնային են դարձնում ռազմական ներուժի ամրապնդումը։
Մերօրյա իրականության պայմաններում աշխարհի գրեթե բոլոր պետությունները մեծացնում են ռազմական ծախսերը՝ որպես ազգային անվտանգության երաշխիք։ Սա վերաբերում է ոչ միայն մեծ տերություններին, այլև փոքր և միջին պետություններին, որոնք զգում են իրենց խոցելիությունը ժամանակակից մարտահրավերների առջև։
Եվրոպայում վերջին տարիներին ավելի է ակտիվացել միասնական ռազմական քաղաքականության գաղափարը։ Եթե նախկինում ԵՄ-ն հանդես էր գալիս որպես տնտեսական և քաղաքական ինտեգրացիոն կառույց, ապա այժմ ձևավորվում է նաև ռազմական բաղադրիչ։ ԵՄ երկրներն արդեն բարձրաձայնում են միասնական զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով, որ պատրաստ են մոտ 800 միլիարդ եվրո ուղղել այդ նպատակին։ Սա նախադեպային քայլ է, որը ցույց է տալիս՝ եվրոպական մայրցամաքն անվտանգության հարցերում այլևս չի ցանկանում ամբողջովին ապավինել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Գերմանիան այս գործընթացում առանձնահատուկ դեր ունի։ Երկիրը, որը երկար ժամանակ վարում էր զսպված քաղաքականություն ռազմական ծախսերի հարցում, այժմ պատրաստ է իր ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելի հատկացումներ կատարել պաշտպանությանը։ Սա արմատական շրջադարձ է գերմանական քաղաքականության մեջ և վկայում է, որ Բեռլինը պատրաստվում է խաղալ առաջատար դեր Եվրոպայի նոր ռազմական ճարտարապետության ձևավորման մեջ։
Խաղաղության հեռանկարը դժվար է պատկերացնել նաև այն պատճառով, որ աշխարհում առկա են մի շարք հակամարտություններ, որոնք ներկայացվում են որպես «սառեցված» կամ լուծված, բայց իրականում կրում են պոտենցիալ ակտիվացման վտանգ։ Դրանք են՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, Կոսովոյի հարցը, Մերձդնեստրի հակամարտությունը, ինչպես նաև Ասիայի որոշ գոտիներում՝ Կորեական թերակղզում և Թայվանի շուրջ լարվածությունը։ Այս համատեքստում կարելի է փաստել, որ աշխարհը շարժվում է ոչ թե խաղաղության, այլ նոր ռազմական մրցավազքի ուղղությամբ։ Զենքի արդիականացման, ռազմական արդյունաբերության ընդլայնման և ռազմական դաշինքների վերաձևման գործընթացները վկայում են, որ պետությունները կանխատեսում են ուժային բախումների աճ։
– Ժամանակին Հայաստանի անվտանգային մարտահրավերները պայմանավորում էինք այս կամ այն երկրների՝ իրար հետ ունեցած լավ կամ վատ հարաբերություններով, օրինակ, ՌԴ-Ադրբեջան, Իրան-Ադրբեջան, ակտուա՞լ է այսօր այս պայմանավորումը՝ հաշվի առնելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը:
– Առաջին հայացքից կարող է թվալ, որ Հայաստանի անվտանգային մարտահրավերները որոշ չափով չեզոքացված են։ Դրա պատճառներից մեկն այն է, որ տարածաշրջանում ներկա պահին լայնածավալ ռազմական գործողություններ չեն ընթանում Հայաստանի ուղղությամբ։ Սակայն նման հանգիստ վիճակը չի նշանակում, որ սպառնալիքները վերացել են։ Հակառակը՝ դրանք պարզապես փոխել են իրենց բնույթը:
Անհնար է անտեսել թուրք–ադրբեջանական տանդեմի շարունակական ռազմավարական նպատակները։ Չեմ կարծում, որ դրանք որևէ կերպ փոխվել են։ Տասնամյակներ շարունակ ձևավորված քաղաքականությունը միտված է տարածաշրջանը պատկերացնել առանց հայերի։ Սա ոչ միայն պատմական նարատիվի մի մասն է, այլև գործնական քաղաքականության բաղադրիչ, որն իր արտահայտությունն է գտնում և՛ ռազմական գործողություններում, և՛ քարոզչական հռետորաբանության մեջ։ Հայաստանի անվտանգության համակարգը պետք է կառուցվի ոչ թե միայն դաշնակցային հարաբերություններին ապավինմամբ, այլև սեփական ներուժի ամրապնդման, դիվանագիտական ճկունության և ազգային դիմադրողականության հիման վրա։ Միայն այսպես հնարավոր կլինի դիմակայել այն սպառնալիքներին, որոնք կարող են ծագել ցանկացած պահի։
– Ի՞նչ զարգացումներ սպասել «Զանգեզուրի միջանցքի» կամ «Թրամփի ուղի» նախագծի համատեքստում։
– Նախ նշեմ, որ որքան էլ Հայաստանի ղեկավարությունը փորձի հանրությանը համոզել, թե խոսքը միջանցքի մասին չէ, այլ միայն տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման, փաստերը հակառակն են վկայում։ Ադրբեջանական կողմը բացահայտ այն ներկայացնում է որպես միջանցք՝ հատուկ կարգավիճակով և առանց հայկական վերահսկողության։
Հայկական կողմը երկար ժամանակ չի կարողացել կառուցել վստահելի հարաբերություններ Թեհրանի հետ՝ հատկապես այս հարցում։ Իրանից հնչող հայտարարությունները վկայում են, որ Թեհրանը բացահայտ դեմ է որևէ միջանցքային տրամաբանության։ Իրանի համար կենսական է չխաթարել իր ցամաքային կապը Հայաստանի հետ, և ցանկացած միջանցք, որը կարող է այս կապը թուլացնել, ընկալվում է՝ որպես անմիջական սպառնալիք։
Կարևոր է ընդգծել, որ Հայաստանի վրա որևէ պարտավորություն չկա Ադրբեջանի համար միջանցք տրամադրելու: Իսկ Հայաստանի իշխանություններն այնպիսի տպավորություն են ստեղծում, որ իրենց իսկ նախաձեռնությունն է իրականացվում՝ «Խաղաղության խաչմերուկ», և այլն: Իրականում ակնհայտ է, որ տեղի ունեցող քայլերը մեծապես պայմանավորված են արտաքին ճնշումներով։ Առաջիկա զարգացումները կախված են միաժամանակ մի քանի գործոնից՝ Ադրբեջանի ճնշումների ինտենսիվությունից, Թուրքիայի մասնակցությունից, Իրանի ակտիվ դիրքորոշումից և միջազգային խաղացողների ներգրավվածությունից։ Սակայն ակնհայտ է մեկ բան․ որքան էլ փորձ արվի հանրությանը ներկայացնել, որ «Զանգեզուրի միջանցք» չկա, իրական քաղաքական դաշտում այն արդեն ձևավորվել է՝ որպես սպառնալիք, որի չեզոքացումը պահանջում է Հայաստանի և Իրանի սերտ համագործակցություն ու հստակ ռազմավարական քայլեր։