
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Թուրք սոցիոլոգ Բերաթ Դաղը տվյալներ է հրապարակել Թուրքիայում հանցագործության մակարդակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա մասնավորեցրել է, որ 2011-ին Թուրքիայում ընդհանուր առմամբ բանտարկվել է 128.253 մարդ, իսկ 2020-ին այդ թիվը հասել է 266.831-ի։ Այս տվյալնեը ցույց են տալիս, որ հանցագործության մակարդակը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 108%-ով։
Ըստ 2020-ի տվյալների՝ Թուրքիայում ամենատարածված հանցագործությունները դիտավորյալ վնասվածքներ հասցնելն է (40.445 դատվածություն) և գողությունը (39.279 դատվածություն):
Այս հանցագործություններին հաջորդում են թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, թմրանյութերի օգտագործումը և խարդախությունը:
Անդրադառնալով երիտասարդների շրջանում հանցագործությանը՝ սոցիոլոգը նշել է, որ երեխաների և երիտասարդների հանցագործությունների մեջ ներգրավվածության մակարդակը զգալիորեն աճել է։
Ըստ 2020-ի տվյալների՝ միայն 15-17 տարեկան մոտ 8500 երիտասարդ բանտարկվել է գողության, հարձակման և թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեջ ներգրավված լինելու համար։
Մասնագետի դիտարկմամբ՝ Թուրքիայում բանտարկյալների թիվը աճում է․ եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը: