Հայաստանը պետք է ավելի դիվանագետ գտնվեր. Փորձագետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հեռախոսազրույցը խաթարեց ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Հայաստանի «լռությունը»: Ի պատասխան՝ չհապաղեց նաև միջազգային հանրության արձագանքը ՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանները «ցավ» արտահայտեցին Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ Հայաստանի հայտարարության կապակցությամբ:

Մեկնաբանելով կատարվածը՝ բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ՀՀ-ն պետք է ավելի դիվանագետ գտնվեր:

«Ես կարծում եմ, որ կարելի էր ավելի նուրբ դիվանագիտական նոտա վերցնել, մասնավորապես՝ «Հայաստանը լիովին և ամբողջությամբ աջակցում է ինքնորոշման սկզբունքին՝ որպես հիմնարար արժեքի: Միաժամանակ Հայաստանը պատրաստ է քննարկել Ղրիմում հանրաքվեի արդյունքները, եթե Ռուսաստանը ևս սկզբունքորեն և առանց երկակի ստանդարտների արտահայտվի ԼՂՀ 1991 թ-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի հարցով»: Քանի որ նախագահների խոսակցության մի մասը վերաբերվել է Ղարաբաղին, ապա կարելի է ենթադրել, որ դրա նման ինչ-որ բան հնչել է, բայց որոշակի պատճառներով այն չի հրապարակվել: Սակայն մեր դեպքում անհրաժեշտ է թափանցիկություն, այլ ոչ թե տակտիկական նկատառումներով կապվածություն ունենալ Ռուսաստանի պատրաստակամությանն անելու այն, ինչ նա պետք է աներ տարիներ առաջ: Սա նույնությամբ վերաբերում է նաև ամերիկացիներին ու եվրոպացիներին: Եթե նրանք 1992 թ-ին սկզբունքային դիրքորոշում ցուցաբերեին ինքնորոշման իրավունքի իրացման զկբունքների ու չափանիշների հարցով, ապա արյան ծովեր չէին լինի Բալկաններում, Կովկասում, նաև Ղրիմի հանրաքվեն, իսկ եթե անգամ լիներ, ապա կլիներ երկկողմ համաձայնությամբ: Խնդիրների արմատները գտնվում են սեփական նեղ ու կարճաժամկետ շահերը հետապնդելու հենց այդ փոքրոգության մեջ»,- ասաց Ա.Մարտիրոսյանը:

 

Մեր հարցին՝ ի՞նչ լուծում եք տեսնում Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակից, փորձագետը պատասխանեց, որ ճգնաժամից ելքեր կարելի է գտնել և դեռ ուշ չէ փոխել խաղը. «Այժմ դա շատ վտանգավոր «հավերի խաղ» է և որի արդյունքը զրոյական է: Դա այն է, երբ արագությամբ դեմ հանդիման ընթանում են երկու մեքենա, ով առաջինը շրջի մեքենան, նա թույլ է՝ «հավ»: Հնարավոր է, որ վարորդներից մեկն առաջինը շրջի մեքենան, բայց հնարավոր է նաև մահացու ելքով ավարտ: Խաղերի տեսությունը մի կողմ թողնելով, հասկանալի է, որ հարկավոր է ճգնաժամից ելքեր փնտրել: Դրա համար Ռուսաստանին ու ԱՄՆ-ին առաջին հերթին անհրաժեշտ է համաձայնության գալ Ուկրաինային որևէ դաշինքից զերծ պահելու խնդրի շուրջ: Մնացած բոլոր հարցերը լուծելի են՝ հաշվի առնելով կողմերի շահերը: Եվ նույն Ղրիմի հարցով նույնիսկ հիմա, ողջ կատարվածից հետո, հնարավոր են կրեատիվ լուծումներ: Կարևորը՝ չշարունակել հավ խաղալ, դա կհանգեցնի վտանգավոր էսկալացիայի և խաղի վրա վերահսկողության կորստի: Անցյալ դարում նման խաղերը երկու անգամ ավարտվել են համաշխարհային պատերազմներով»:

Տեսանյութեր

Լրահոս