Հարկավոր է ստեղծել հյուրատների ցանցային համակարգ. փորձագետ
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, որը ՀՀ կառավարության կողմից գերակա ոլորտների շարքին է դասվում, զգալի աճ է գրանցել՝ տարեկան մոտ 25 տոկոս: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց «Ավենյու Քոնսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, անկախ փորձագետ Գեորգի Խաչատրյանը, իրենց կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վերջին 5 տարիների ընթացքում տեղի են ունեցել նաև զբոսաշրջության ոլորտի որակական փոփոխություններ. ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ (բարձրակարգ հյուրանոցներ, սննդի սպասարկման ծառայություններ), ձևավորվել են կայուն գործող զբոսաշրջային երթուղիներ, զարգացել են ծառայությունների և սպասարկման ոլորտները: Համաձայն կանխատեսումների՝ օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը մինչև 2014-ի ավարտ տարեկան կհասնի մոտ 1 միլիոնի, ինչը 20 անգամ ավելին է, քան 2000-ի ցուցանիշը. «Սակայն նույնիսկ ունենալով նմանատիպ զարգացման և աճի տեմպեր, չի կարելի պնդել, որ զբոսաշրջությունը Հայաստանում հասել է իր բարձրակետին: Կան դեռևս չիրացված հնարավորություններ, որոնք մասնավորապես մեծ նպաստ կբերեն սոցիալական խնդիրների լուծմանը, Հայաստանի տարածքային համաչափ զարգացմանը, գյուղական համայնքների աշխուժացմանը, և այլն»:
Ըստ Գ. Խաչատրյանի՝ հիմքում դնելով սոցիալական նպատակներ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացումը պետք է ուղղակիորեն փոխկապակցված լինի տնտեսական անհամաչափ զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, եկամուտների անհամաչափ բաշխման խնդիրների լուծման հետ, որոնք կարևորվում են նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված վերջին 5-6 տարիների «Ճամփորդության և զբոսաշրջության մրցունակության» տարեկան հաշվետվություններում:
«Հայաստանի զբոսաշրջության զարգացման այլընտրանքների շարքում պետք է կարևորվեն գյուղական տուրիզմը և էկոտուրիզմը: Պատմամշակութային տուրիզմից պետք է անցում կատարվի դեպի նշված ուղղությունները, և զբոսաշրջային ներքին երթուղիները պետք է վերակառուցվեն այնպես, որ հնարավորություն տան ներքին և արտաքին զբոսաշրջիկներին ունենալ գիշերակացի և վերջինիս սպասարկման հնարավորություններ, ինչպես նաև՝ զբոսաշրջային գրավչություններ, որոնց հաշվին հնարավոր կլինի զբոսաշրջային ցիկլում ավելացնել մարզերում և գյուղական համայնքներում ժամանցի և գիշերակացի մասնաբաժինը,- ասաց Գ. Խաչատրյանը՝ հավելելով, որ այսօր Հայաստանում կան գյուղական տուրիզմի և էկոտուրիզմի հաջողված նախադեպեր, սակայն դրանք առանձին դեպքեր են և չեն համարվում այս ոլորտում համակարգային մոտեցման արդյունքներ,- Դրանց բացակայության լրացումը պետք է կատարվի զբոսաշրջության ռազմավարության վերանայմամբ: Վերջինիս արդյունքում՝ զբոսաշրջային հոսքի ուղղումը դեպի մարզեր և գյուղական համայնքներ պետք է կազմակերպվի հստակ պլանավորված գործողությունների ծրագրով»:
Նրա խոսքով՝ իրենք ուսումնասիրել են եվրոպական այնպիսի երկրների փորձը, ինչպիսիք են Հունաստանը, Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Լատվիան, Միացյալ Թագավորությունը, Սերբիան, Չեռնոգորիան, և կարելի է վստահորեն պնդել, որ գյուղական համայնքներում հյուրատների և գիշերակացի հարակից ենթակառուցվածքների զարգացման համար ամենաարդյունավետ մոտեցումը հյուրատների ցանցային համակարգի ստեղծումն է. «Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում ցանցային համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել մինչև 5000 ննջատեղ ունեցող 500 միավոր հյուրատներ մոտ 150 գյուղական համայնքներում: Հյուրատների ցանցային համակարգի ստեղծման համար կպահանջվի մոտ 10 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Ընդ որում, նախատեսվում է, որ նշված ներդրումները հիմնականում պետք է իրականացվեն հյուրատների սեփականատերերի կողմից (գյուղական համայնքի բնակիչների սեփական միջոցներ, հիպոթեքային վարկային ռեսուրսներ), ովքեր նախնական ուսումնասիրության արդյունքում կբավարարեն հյուրատների ցանցային համակարգի պահանջներին և չափորոշիչներին: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է, որ զբոսաշրջության ոլորտից ստացվող համախառն եկամուտը կավելանա տարեկան 8-10 մլն ԱՄՆ դոլարով»: