
Ջալալ Հարությունյանից փաստաբանը տեղեկություն չունի, վերջերս կապ չեն հաստատել

Օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, իր 26.09.2025թ. որոշմամբ, մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, և դատավճիռը ստացել է օրինական ուժ: Այսինքն, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում:
Ջալալ Հարությունյանը, սակայն, առ այս պահը չի ազատազրկվել, թեև վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին:
168.am-ը ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան Աշոտ Ապրեսյանից փորձեց պարզաբանում ստանալ այս առնչությամբ: Ի պատասխան՝ նա ասաց.
«Ճիշտն ասած, վերջերս ես տեղեկություն չունեմ, կապի դուրս չենք եկել, ուստի այս պահին որևէ բան ասել չեմ կարող զարգացումների հետ կապված: Բայց գործը պիտի գնա Սյունիքի դատարան, որպեսզի այնտեղից ուղարկեն կատարման, արդյո՞ք գնացել-հասել է, թե՞ ոչ, չեմ կարող ասել»:
Նշենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, անփոփոխ էր թողել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով նա դատապարտվել է 5 տարի 6 ամիս ազատազրկման։
Պաշտպանական կողմն առաջարկել էր մեղմացնել Ջալալ Հարությունյանի պատիժը և պայմանականորեն չկիրառել, իսկ տուժող կողմը պահանջել էր նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման և ոչ թե՝ 5 տարի 6 ամիս ժամկետով, սակայն Վերաքննիչ դատարանի որոշումը, այնուամենայնիվ, Ցորի զորամասի զոհված զինծառայողների ծնողները ծափերով էին ընդունել:
Նրանք, բնավ, համաձայն չեն, որ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշման արդյունք է, այլ իրենց և փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի հետևողական ջանքերի և ճիշտ աշխատանքի: