
Տղամարդը բռնվել է գողության պահին

Հոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։
Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն, ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։
Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։
Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։