
9 ամսում Թուրքիայից Իսրայել է ուղևորվել 456 բեռնանավ

2025-ի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել է ուղևորվել 456 նավ, որից ամենամեծ ծավալով բեռնափոխադրումներն իրականացվել են Իսքենդերուն, Մերսին և Քոջաելի նավահանգիստներից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բեռնափոխադրումներից 302-ը կատարվել են Հայֆա, իսկ 154-ը՝ Աշդոդա նավահանգիստ։ 456 նավից 176-ը կոնտեյներային նավեր են եղել, 118-ը՝ ընդհանուր բեռնափոխադրման նավեր, 79-ը՝ անվավոր բեռների համար նախատեսված նավեր, 35-ը՝ մեծածավալ բեռնափոխադրումներ իրականացնող նավեր, իսկ 30-ը՝ լցանավ։
Նավահանգիստներից 110 բեռնանավ մեկնել է Պանամայի դրոշով, 98-ը Լիբերիայի, Մարշալյան կղզիների և Կամերունի դրոշներով։ Թուրքական աղբյուրը նշում է, որ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցնում է առևտուրը, թուրքական դրոշով 8 նավ ուղևորվել է Իսրայելի նավահանգիստներ։