
Բաքվում շարունակվում է Ռուբեն Վարդանյանի «դատավարությունը»․ ցուցմունք են տվել «տուժողները»

Բաքվում կայացել է գործարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հերթական «դատական նիստը»։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այսօրվա դատավարության ընթացքում ցուցմունքներ են տվել 2 տասնյակից ավելի իբրև թե տուժողներ, որոնք պատմել են, թե որտեղ, ինչ հանգամանքներում են վիրավորվել և այլն։
Ըստ հրապարակման՝ «տուժածներից» մեկին` ոմն Խալիդ Հասանովի, Ռուբեն Վարդանյանը հարց է ուղղել, թե արդյոք իրեն ճանաչո՞ւմ է։ Վերջին նշել է, որ «ճանաչել է մամուլից և սոցիալական ցանցերից»։
Շինծու դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 14-ին։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին Free Armenian Prisoners նախաձեռնությունը հայտարարություն տարածեց, թե Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ «դատավարության» մեկնարկից ութ ամսից ավելի է անցել, սակայն չի ներկայացվել ոչ մի ապացույց այն մասին, որ նա անձամբ որևէ հանցագործություն է կատարել։
Նախաձեռնությունը հիշեցնում էր, որ «դատական գործընթացի» սկզբից` 2025 թվականի հունվարից, դատական 36 նիստ է կայացել։ Գործը քննվում է ռազմական դատարանում՝ առանձին Արցախի մյուս նախկին ղեկավարների գործից։ Թեև ադրբեջանական իշխանությունները խոստացել էին բաց գործընթաց, դրան թույլատրվել է մասնակցել միայն պետական լրատվական գործակալությանը, իսկ անկախ միջազգային դիտորդների բոլոր հարցումները մերժվել կամ անտեսվել են։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով: