
Էդ հողերը հասցե ունեն՝ Իսակովի պողոտա, սրանք հատուկ են ասում Եռաբլուրին հարակից տարածք. Սերժ Սարգսյան
«Այն իշխանությունը, այն կառավարիչները, ովքեր 3 անգամ մեծացրել են Եռաբլուրը, ինձ փորձում են մեղադրել Եռաբլուրի հողերը վաճառելու մեջ, այնինչ այդ հողերն ունեն շատ կոնկրետ հասցե՝ Իսակովի պողոտա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով Հակակոռուպցիոն դատարանում քննվող վարույթի մասին, որով ինքը հերթական անգամ մեղադրյալ է:
«Ձեր կարծիքով՝ իրենք ինչո՞ւ են ասում՝ Եռաբլուրին հարակից տարածքներ: Կարո՞ղ է հայերեն լավ չեն հասկանում: Հայերենում հարակից նշանակում է՝ շատ մոտիկ, չէ՞: Որևէ կերպ հնարավո՞ր է այստեղից գնացող ձախակողմյան տարածքն անվանել Եռաբլուրին կպած»,- տարակուսեց 3-րդ նախագահը:
Վերջինս սակայն ասաց, թե ինչու են վաճառվել այդ հողերը:
«Ես որ կառույցներում ծառայել եմ, միշտ փորձել եմ նպաստել այդ կառույցների կայացմանը, այդ թվում՝ նաև շենքերի, շենքային պայմանների բարելավման առումով: Ես խորապես համոզված եմ եղել, որ ՀՀ-ում Զինված ուժերն արժանի են ունենալ Պաշտպանության նախարարություն և ՊՆ համալիր: Ընդ որում, այդ աշխատանքները ես սկսել եմ իմ՝ առաջին ՊՆ նախարար եղած ժամանակվանից՝ 1994թ. վերջից, և համարում եմ, որ դա շատ ճիշտ մոտեցում է: Եվ միայն ՊՆ-ում չէ: Անվտանգության խորհրդում ու Նախագահականում էլ բարելավվեցին շենքային պայմանները: Դա կառույցի բաղկացուցիչ մաս է: Հարցրե՛ք ԱԱԾ աշխատակիցներին, ովքեր աշխատում են 1995թ.-ից, արդյո՞ք բարելավվել են իրենց աշխատանքային պայմանները… Եվ հիմա վերցնել, էսօրվա գներով 20 տարի առաջվա գները հաշվել, ինքներդ մտածեք՝ ինչ է»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նշեց՝ հողերի վաճառքից ստացված ողջ միջոցները ծախսվել են Պաշտպանության նախարարության համալիրը կառուցելու համար:
Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, նաև ասաց՝ ինքը տեղյակ չի եղել, որ այդ հատվածում Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, հողատարածք է վաճառվել «Տոյոտա-Երևանի» համար:
«Տեղյակ չեմ եղել. վստահ եմ՝ դատաքննության ժամանակ այդ հարցերը ինձ տալու են, ուշադիր եղեք, որովհետև այդ ժամանակ այդ հողերը կարող էր ձեռք բերել յուրաքանչյուր մարդ, ով գումար ուներ ու կարող էր այդ հողերը ձեռք բերել: Թող գտնեն 2-4-5 իրական մարդ, ովքեր ուզել են այնտեղից հողեր ձեռք բերել ու իրենց մերժել են»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: