
Վրաստանի նախագահական պալատի գրոհի 13 մասնակիցներին մինչև ինը տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատը գրավելու փորձ կատարած տասներեք ձերբակալված մասնակիցներին. նրանց սպառնում է մինչև ինը տարվա ազատազրկում: Այս մասին երեքշաբթի անցկացրած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Ամիրան Գուլուաշվիլին։
Երեքշաբթի ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը կալանավորել է ընդդիմության հինգ անդամի, որոնք ձերբակալվել են Վրաստանի նախագահական պալատի վրա հարձակման կոչ անելու համար։ Նախօրեին ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտարարել էր, որ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների կապակցությամբ ձերբակալել է 13 անձի։
«13 ձերբակալված քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի և խմբակային բռնությանը մասնակցելու համար»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գուլուաշվիլին։
Ըստ նրա՝ ձերբակալվածներին սպառնում է 2- 4 տարվա ազատազրկում՝ ռազմավարական օբյեկտ գրավելու փորձի համար, և 6-9 տարվա ազատազրկում՝ խմբակային բռնությանը մասնակցելու համար։