
Նիկոլ Փաշինյանի մանիակալ սեևեռումը` երեք նախագահների հետ բանավեճի գաղափարի վրա պետք է ինչ-որ բացատրություն ունենա. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՊԱՏՈւՀԱՍԻ ՈՂԲՆ ԱՆԴԱԴԱՐ
Նիկոլ Փաշինյանի մանիակալ սեևեռումը` երեք նախագահների հետ բանավեճի գաղափարի վրա պետք է ինչ-որ բացատրություն ունենա: Չէ՞ որ այսօր նա արդեն երկրորդ անգամ բարձրացնում է այդ հարցը Ֆեյսբուքում, իսկ վերջին կես տարվա ընթացքում նա երևի երեսուն անգամ արդեն այս հարցով դիմել է նախագահներին, մի դեպքում անգամ առաջարկելով այդ բանավեճը կազմակերպել ԱԱԾ-ի կալանավայրի իր ժամանակին նստած բանտախցում:
Համաձայնեք, որ ինչ-որ հիվանդագին բան կա այս ամենում : Չէ՞ որ չկա աշխարհում հիմա և չի եղել երբևէ անցյալում մի ղեկավար, որը հետաքրքրված լիներ հանրային բանավեճ ունենալ իրենից առաջ կառավարած ղեկավարների հետ: Թրամփը երբեք չի կանչի բանավեճի Օբամային կամ Բայդենին, Սթայմերը չի բանավիճի Սունակի կամ Քամերոնի հետ, Մակրոնը չի հրավիրի բանավեճի Սարկոզիին կամ Օլանդին:
Նիկոլի այս հիվանդագին մտասեևեռման պատճառը մեկն է: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ հանցագործություն է կատարել հայ ժողովրդի դեմ 2019-2020 թվականներին` մերժելով բանակցությունները Մինսկի խմբի խաղաղության պլանների շուրջ և Հայաստանը ներքաշելով կործանարար պատերազմի մեջ: Նա լավ գիտի, որ մեր զինվորների արյունը, Հայաստանի աղետալի թուլացումը և համազգային նվաստացումը իր խղճի վրա է:
2019 թվականի խաղաղության պլանների և Նիկոլի կողմից դրանց մերժման բացահայտումը սարսափեցնում է նրան: Բանավեճի մասին սևեռուն այս խոսակցությունը կոչված է շեղելու հանրային խոսակցությունը իր մեղքերի բացահայտումից:
Այս է, ուրիշ բան փնտրել պետք չէ: Ամեն անգամ, երբ նրա մոտ սկսում է նախագահների հետ բանավեճի ձգտման նոպան, իմացե’ք, որ նա նորից ընկել է տվայտանքների և սարսափի մեջ այն մտքից, որ մի օր եղելությունը բացվելու է, բոլոր փաստաթղթերը հրապարակվելու են և պատմությունը իր ծանր դատաստանն է տեսնելու Հայոց պատմության ամենաձախողակ և փոքրոգի ղեկավարներից մեկի` Նիկոլ Փաշինյանի նկատմամամբ:
Եվ, այո, Նիկո՛լ, Տեր-Պետրոսյանը միշտ կմնա պատմության մեջ որպես հաղթանակած նախագահ, իսկ դու` որպես ողորմելի մի ձախողակ»: