
Ինչու Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի վերընտրության հավանականությունը զրոյին մոտ համարեց. Սամվել Ֆարմանյանը տարբերակներ է դիտարկում

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը ձգտում է զրոյի» միտքն այսօր ասել է Ռոբերտ Քոչարյանը: Նման միտք ՀՀ 2-րդ նախագահը կարող էր հնչեցնել բացառապես հետևյալ դեպքերից մեկում.
1.) Եթե գիտի մի բան, ինչի մասին չգիտի հայ ժողովուրդը: Օրինակ, որ առաջիկայում տեղի կունենան այնպիսի էական բաներ, ինչի արդյունքում կամ Նիկոլը լրիվ կզրոյանա կամ էլ շեշտակի կբարձրանա ընդդիմության վարկանիշը: Կամ Նիկոլն ինքն ամեն ինչ անելու է, որ ընտրություններում պարտվի ու իշխանությունը լեգիտիմ եղանակով փոխանցի մեկ ուրիշին: Օրինակ, իրեն:
2.) Ամբողջությամբ, խորն ու համապարփակ կտրված է իրականությունից ու չի հասկանում սոցիոլոգիա ընդհանրապես: Բացարձակ չի ճանաչում հայ ժողովրդին, չի զգում մեր հանրության զարկերակն ու նրա շունչը:
3.) Գիտակցաբար ապակողմնորոշում է հանրության ընդդիմադիր հատվածին, հերթական անգամ ժողովելու ընդդիմադիր ձայները. հաղթելու կարգախոսով, բայց պարտվելու իրական մտադրությամբ գնալով ընտրության: Որ հետո այդ պարտության պատասխանատվությունը կրկին բարդի ժողովրդի վրա ու լեգիտիմացնի Նիկոլի վերընտրությունը: Ինչպես փաստացի եղավ 2021 թվականին:
Հ.Գ.
Իսկ թե ինչ տրամաբանությամբ է ընդդիմադիր էլեկտորատին արդեն բաժանում խմբերի ու հավանական տոկոսներ բաշխում, լրիվ հեքիաթային է. հանրության մեծագույն մասն այսօր տոտալ ապատիայի մեջ է, չի գտնում իր ցանկությունների արտահայտողներին, զզվում է իշխանությունից ու ձեզնից՝ տիտղոսային ընդդիմությունից հավասարաչափ: Ու միայն այդ պատճառով է մնում չկողմնորոշված»: