Բաժիններ՝

«Այժմ շատ ավելի հիասթափված եմ, քան 10 տարի առաջ, երբ 2003թ. վերադառնում էի Ամերիկայից»

Ասում է Օքսֆորդի, Այդահոյի համալսարանների շրջանավարտ Լուսինե Թասլակյանը

Լուսինե Թասլակյանը սովորել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի կենսաբանություն և էկոլոգիա բաժնում, որից հետո ուսումը շարունակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող և հայցորդ: Այստեղ Լ.Թասլակյանն ուսումնասիրել է Սևանա լիճ թափվող գետերի հատակային անողնաշարավոր կենդանիներին, հանձնել է ասպիրանտական մինիմումները: Այնուհետև ստացել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Էդմունդ Մասկիի (Edmund Muskie) կրթաթոշակը և մեկնել ԱՄՆ` Այդահոյի (Idaho) համալսարան, որտեղ ստացել է Էկոլոգիական գիտությունների մագիստրոսի կոչում:

2003թ. մեր զրուցակիցը վերադարձել է Հայաստան և արդեն 10 տարի աշխատում է այստեղ գործող միջազգային տարբեր կազմակերպություններում, այդ թվում` ԱՄՆ ՄԶԳ (Միջազգային զարգացման գործակալության), ՄԱԿ-ի, Եվրամիության և այլն, ջրային ռեսուրսների ոլորտում իրականացվող ծրագրերում, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Այնուհետև, արդեն 3-րդ տարին շարունակ, Լ.Թասլակյանն ընդունվում է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարան, որի համար, ի վերջո, գտնվում է անհրաժեշտ կրթաթոշակի գումարի 100%-ը, որը տրամադրվում է նրան հատուկ մրցույթի միջոցով` Օքսֆորդի համալսարանի և Բաց հասարակության ինստիտուտի համատեղ դրամաշնորհի շրջանակներում: Լ.Թասլակյանն Օքսֆորդում ստանում է մագիստրոսի կոչում` «Ջրերի գիտություն, քաղաքականություն և կառավարում» մասնագիտությամբ: Շուրջ մեկ ամիս առաջ նա վերադարձել է հայրենիք: Այժմ նա ՄԱԶԾ/ԳԷՖ «Քուռ-Արաքս գետավազանում անդրսահմանային դեգրադացիայի կրճատում» ծրագրի ազգային համակարգողն է:

– Ուսանել եք թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Անգլիայում: Կնշե՞ք Հայաստանի և արտերկրի կրթական համակարգերի տարբերությունները:

Կարդացեք նաև

– Առաջին տարբերությունն, իհարկե, պայմաններն են: Ես այնտեղ անգամ աշխատել եմ հիդրոբիոլոգիական լաբորատորիայում մի դասախոսի մոտ, և չնայած բավականին բարդ աշխատանք էի կատարում, սակայն այդքան չէի հոգնում, այդ ամենը հաճույքով էի անում, որովհետև հաճելի միջավայր էր` պայմաններ կային, անհրաժեշտ նյութեր ու սարքավորումներ կային, ինչը հայաստանյան գիտական ինստիտուտներում հաճախ պակասում է:

Իսկ այդ ամենի բացակայությունը հնարավորություն չի տալիս գիտնականին լիարժեք կատարել իր գիտական աշխատանքը: Բացի այդ, օրինակ, ԱՄՆ-ի համալսարաններում հնարավոր չէ տարվա ընթացքում ոչինչ չանել, իսկ հետո մի քանի օր պարապել ու քննությունը հանձնել: Մինչդեռ, օրինակ, հայաստանյան բուհերում այն ժամանակ, երբ ինքս ուսանող էի՝ այդպես էր, հիմա չգիտեմ՝ ինչպես է: Կրթական համակարգերի համեմատություն կատարելիս` ամենաառաջին տարբերությունն ինձ համար ավարտական գնահատականի ձևավորման սկզբունքն էր: Այնտեղ ավարտական գնահատականը քո ամբողջ տարվա ընթացքում կատարած հանձնարարությունների գնահատականներից` միջանկյալ քննությունների և ամենշաբաթյա հանձնարարությունների հանրագումարն է, որոնք պետք է հասցնել կատարել մինչև դրանց վերջնաժամկետները: Այնտեղ ուսանողը պետք է ինքնուրույն ինչ-որ թեմաներ հետազոտեր և ոչ թե` դրանք գտներ գրքերից ու արտագրեր. առհասարակ արտագրելու հարցն այնտեղ շատ խիստ է դրված:

Օրինակ, Անգլիայում` Օքսֆորդում, բոլոր ուսանողները ստորագրում են հատուկ փաստաթուղթ, որը վկայությունն է այն բանի, որ իրենք տեղյակ են՝ գրագողություն կատարելու իրավունք չունեն, և դրա համար կարող են ընդհանրապես տվյալ ուսանողին անգամ հեռացնել համալսարանից: Մինչդեռ, օրինակ, Հայաստանում դիպլոմայինները կարող են ինտերնետից էլ վերցնել ու արտագրել (copy-paste անել): Ամենակարևորն այն է, որ դրսի համալսարաններում քեզ ստիպում են ինքնուրույն մտածել և ինքնուրույն մտքեր արտահայտել: Այնտեղ կրթական այնպիսի համակարգ է, որ ուզած-չուզած` պետք է սովորես: Անգամ ամոթ է լավ չսովորելը: Բացի այդ, պարտավոր ես սովորել, քանի որ չես կարող պարզապես 5 օր պարապել, քննություն հանձնել, ու վերջ, քանի որ վերջնական գնահատականդ կախված է այդ ընթացքում քո կատարած աշխատանքների հանրագումարից:

– Պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Դա վերաբերում է թե՛ համակարգչային լսարաններին, որտեղ մուտք ունեն բոլոր ուսանողները, ամբողջ համալսարանի տարածքը՝ ներառյալ ընդարձակ խոտածածկ տարածքներն ու ծառաշատ կանաչ պուրակները, որտեղ կարելի է նստել և կարդալ, գրադարանների ու գրքերի առատությունը, մանավանդ, Օքսֆորդի համալսարանում: Եվ, իհարկե, պակաս կարևոր չէ նաև դասախոսների վերաբերմունքը: Նրանք խրախուսում են, որպեսզի դու ինքնուրույն լինես ու կարծիքներ արտահայտես: Բացի այդ, այնտեղ դասախոսներն ուսանողին դիտարկում են` որպես իրենց հավասար մարդ: Օրինակ, առաջին անգամ, երբ դեռ նոր էի գնացել, շատ էի զարմացել դասախոսներին դիմելու անմիջական եղանակից:

ԱՄՆ-ում մեր դասախոսին նույնիսկ ոչ թե` «Մայքլ», իր ամբողջական անունով էին դիմում ուսանողները (դեռ չեմ խոսում ազգանունով կամ պարոնով դիմելու մասին), այլ կրճատ՝ «Մայք» էին ասում: Իսկ երբ դեռ 2 շաբաթ էր, ինչ դասի էինք գնում, ծննդյանս օրն էր, մի քանի դասընկերներիս և մեր դասախոսին հրավիրեցի մեր տուն, ընդամենը 2 աթոռ ունեի, ու, բնականաբար, դրանցից մեկը նախատեսել էի դասախոսիս համար, իսկ նա հենց առաջինն էր, որ հատակին նստեց: Այդ անմիջականությունն ու ոչ ֆորմալ վիճակն ինձ համար սկզբում շատ զարմանալի էր: Իհարկե, դա չէր նշանակում, որ մենք չէինք հարգում մեր դասախոսներին, սակայն նրանց նման վերաբերմունքի արդյունքում` մենք ավելի անկաշկանդ էինք զգում, մինչդեռ այստեղ ուսանողը նույնիսկ կարող է ամաչել իր հարցը հնչեցնել, քանի որ հանկարծ կարող է ինչ-որ «հիմար» հարց դուրս գալ: Գուցե այդ ամենն ազգային առանձնահատկություններով է պայմանավորված կամ խորհրդային շրջանի կաշկանդվածության հետևանք է, չգիտեմ, սակայն այդ ամենի համակարգային տարբերությունը շատ մեծ է:

– ԱՄՆ-ում և Օքսֆորդում սովորեցիք ու վերադարձաք, մինչդեռ շատերն ուղղակի հեռանում են երկրից:

– Երբ Ամերիկայում ուսումս ավարտեցի, իմ դասախոսն ինձ աշխատանք առաջարկեց իր ծրագրերից մեկում` որպես հետազոտական օգնական, իսկ ես դրա դիմաց կարող էի շարունակել ուսումս և դոկտորական աշխատություն պատրաստել ու ավելի առաջ գնալ: Սակայն ես այդ ժամանակ ահավոր կարոտել էի Հայաստանը ու ուզում էի վերադառնալ: Բացի այդ, նախ` հոգնել էի անընդհատ ուսանողի կարգավիճակից, ուզում էի հանգստանալ:

Վերադարձա և շատ արագ կարողացա աշխատանքի անցնել միջազգային կազմակերպությունում, ու շատ հպարտ էի, որ այդ միջազգային կազմակերպության ղեկավարն իմ կենսագրական տվյալները` ուսումն ու աշխատանքային փորձառությունը հաշվի առնելով` նշեց, որ իրենք շատ ուրախ կլինեն, որ ես համաձայնեմ իրենց մոտ աշխատել: Ես շատ շոյված էի, որ իմ ուսումն իզուր չէր անցել: 10 տարուց ավելի է` աշխատում եմ բնապահպանության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում իրականացվող ազգային և տարածաշրջանային ծրագրերում:

– Այժմ ծրագրեր ունե՞ք գնալու, թե՞ Ձեր ապագան այստեղ եք տեսնում:

– Այո, էլի կգնամ, ու գիտե՞ք` ինչու, որովհետև հիմա արդեն ես երեխա ունեմ, որի ապագայի համար կգնամ, քանի որ ապագան այս երկրում արդեն մշուշոտ է: Երբ 10 տարի առաջ Ամերիկայից վերադառնում էի, շատ ավելի խանդավառությամբ (էնտուզիազմով) էի լցված, որովհետև հույս ունեի, որ մենք պետք է բարելավենք մեր կյանքն ու ինչ-որ բաներ փոխենք այստեղ: Հետո տեսա, որ այդ նույն իմ ընկերները, ովքեր ուզում էին ինչ-որ բաներ փոխել այստեղ՝ քիչ-քիչ հեռանում են երկրից, թեև նրանք այստեղ էլ վատ աշխատանք չունեին: Նրանք՝ կրկին դրսում ուսում ստացած և միջազգային կազմակերպություններում աշխատողներ էին: Այդժամ ես հասկացա, որ ինչ-որ բան սխալ է ընթանում այս երկրում:

Այս 10 տարիների ընթացքը ցույց տվեց, որ երկրի վիճակի մեջ լավանալու ուղղությամբ դրական տեղաշարժ չի նկատվում, խոսքը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական և թե այլ ոլորտներին է վերաբերում: Ես չեմ զգում, որ մեր վիճակն այստեղ դեպի ավելի լավն է գնալու: Իմ երեխան մեկ տարի ինձ հետ Օքսֆորդում էր, նա հիմա ինձնից լավ է անգլերեն խոսում, եկանք Հայաստան, և ընդամենը մեկ ամիս է, ինչ այստեղ երեխաս դպրոց է գնում, սակայն ես արդեն բարկանում եմ նրա համադասարանցիների ծնողների վարքի պատճառով:

Շուտով Ուսուցչի օրն է, ու արդեն իսկ սկսել են գումար հավաքել: Եվ դա` այն ամենից հետո, երբ անընդհատ հեռուստատեսությամբ և այլ ձևերով զգուշացնում են՝ դրամահավաք մի՛ արեք: Այդ ամենը մեր ազգի մտածելակերպի մեջ է: Ես, փառք Աստծո, աշխատանք ունեմ, և այդ 2000 դրամը կարող եմ տալ, սակայն մեր երեխաներն արդեն այդ փոքր տարիքից սովորում են, որ ուսուցչին պետք է նվեր առնել, սիրաշահել, քծնել, ու վաղը մենք կունենանք այն, ինչը հիմա ունենք, քանի որ երեխան դեռ մանկուց մեծանում է նման միջավայրում: Հարցը բոլորովին էլ այդ գումարի չափը չէ կամ գումարը, այլ պարզապես ես այդ գաղափարը չեմ ընդունում:

Եվ հետաքրքիրն այն է, որ հենց այդ գումարը չունեցողներն են առաջին հերթին ձգտում, որ քծնեն ուսուցչին: Ախր ինչի՞ համար: Դա իր աշխատանքն է, իսկ սա իմ աշխատանքն է: Իհարկե, անհրաժեշտ է ուշադիր լինել ուսուցչի նկատմամբ, հարգել նրան կամ մի ծաղիկ տալ, սակայնգ Այստեղ ամեն ինչ, սկսած փոքր բաներից՝ ինձ զայրացնում է: Չգիտեմ՝ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մեր ազգի մենթալիտետի միջից այդ ստրկային, քծնանքային հատկությունները դուրս գան:

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չմնացիք Լոնդոնում` Օքսֆորդում:

– Օքսֆորդում չմնացի, որովհետև նախ` ուզում էի, որ իմ երեխան գոնե մեկ տարի Հայաստանում դպրոց հաճախի: Արևմուտքում, կարծում եմ, դպրոցական կրթությունը մի քիչ ավելի թույլ է, այդ «Խորհրդային դպրոց» ասվածը մեր երկրում, կարծում եմ, խորքային է, և երեխային ավելի բազմազան և խորը գիտելիքներ են այստեղ դպրոցում տալիս, մինչդեռ այնտեղ, օրինակ, 3-րդ դասարանի երեխան կարող է բազմապատկման աղյուսակը չիմանալ: Ընդհանուր առմամբ, բազային կրթությունը մեզ մոտ վատ չի դրված, բայց ինչ վերաբերում է բուհական կրթությանը և մասնագիտություն ստանալուն՝ կարծում եմ, դրսում ուսումն ավելի նախընտրելի է:

Մտածեցի, որ ճիշտ կլինի, որպեսզի իմ երեխան հայերեն տառերն էլ սովորի, քանի որ անգլերենն այնտեղ արդեն սովորել էր: Բացի այդ, քանի որ ես այնտեղ թեզիսի վրա էի աշխատում, ժամանակ չունեցա անգամ աշխատանք փնտրելու, իսկ աշխատանքի թույլտվություն ստանալը նաև ժամանակատար պրոցես է` հսկայական թղթաբանության ու ծախսերի հետ է կապված ու բավական բարդ գործընթաց է: Որոշեցի վերադառնալ, որպեսզի հասցնեմ նաև երեխայիս դպրոց տանել այստեղ գոնե մի տարի: Սակայն պետք է անկեղծ լինեմ, ես կրկին մտածում եմ, որ չեմ մնալու այստեղ, քանի որ ես իմ ապագան չեմ տեսնում այստեղ, որովհետև այստեղ չեմ տեսնում բարեփոխումներ, չեմ տեսնում արդար դատական համակարգ, չեմ տեսնում ճիշտ քաղաքականություն:

Ճիշտ է, ես քաղաքագետ չեմ, սակայն այստեղ որոշումներ կայացնելիս` ժողովրդի կարծիքը ոչ ոք հաշվի չի առնում: Չգիտեմգ մենք անկախ չենք, անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ մենք անկախ ենք: Եթե մենք տարիներով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի վրա ենք աշխատում, իսկ հետո մի օրում համաձայնում ենք, որ մենք ռուսների կողմն ենքգ Ես չեմ էլ վստահում, որ ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը մեզ պետք է թիկունք կանգնի, եթե, Աստված մի արասցե, ինչ-որ խնդիրներ ունենանք հարևան պետության հետ:

Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Ես շատ-շատ հարցերի հետ համամիտ չեմ: Օրինակ` իմ երեխան տղա է, երբ ես տեսնում եմ բանակում տիրող այդ սպանություններն ու անպատիժ մնացող սպաներին, երբ զինվորները խաղաղ պայմաններումգ ես չեմ ուզում, որ իմ տղան այս ահավոր բանակում ծառայի:

Առաջին անգամ երբ վերադարձել էի՝ փորձում էի ինչ-որ բաներ անել այստեղ և տարբեր ծրագրերի շրջանակներում առնչվել եմ և՛ հասարակ գյուղացիների հետ, որոնք ջրի խնդիր ունեն, և՛ նախարարների հետ, և՛ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ ենք քննարկումներ անցկացրել: Այսինքն` ես ճանաչում եմ ու գիտեմ մեր երկրում իմ ոլորտի խնդիրները ու կարող եմ նպաստել իմ աշխատանքով, սակայն այժմ շատ ավելի հիասթափված եմ, քան 10 տարի առաջ, երբ վերադառնում էի Ամերիկայից 2003 թվականին:

Փաստորեն, զգացողություններս, որ ես աճել եմ ու կարող եմ գալ և իմ երկրում իմ գիտելիքներով ինչ-որ բան փոխել՝ առաջ ավելի ուժեղ էին, քան հիմա: Հիմա ես ուղղակի գիտեմ, որ ունեմ լավ կրթություն, օտար լեզվի եմ տիրապետում, և աշխարհի ցանկացած երկրում ես իմ մի կտոր հացը կվաստակեմ, ու այդ առումով ապահով եմ, սակայն ես ինձ այս երկրում ապահով չեմ զգում, որովհետև կարող է մի լկտի «լավ պապայի լակոտ» իր թանկարժեք մեքենայով ուղղակի վաղը գա և արբած քշի ինձ վրա ու պատիժ չստանա դրա համար, այդքան պետական գումարներ, մեր վճարած հարկերից, գնում են դատարկ միջոցառումների վրա կամ փոշիանում են, սակայն, նույնիսկ բացահայտումների դեպքում, հազարից մեկն է պատժվում…

Ես ինձ ապահով չեմ զգում այս երկրում, չնայած մասնագետ եմ ու իմ ոլորտում հարգված եմ, աշխատանք ունեմ, և այլն: Ես գիտեի, որ Անգլիայից վերադառնալով՝ այստեղ անգործ չեմ մնա, որովետև ինձ ոլորտում ճանաչում են, իսկ ծրագրեր դեռ կան, ինչ էլ լիներ՝ մի նորմալ տեղում կկարողանամ աշխատել, բայց հիմա կարծում եմ, որ այս մեկ տարվա մեջ պետք է հասկանամ, թե ինչ հնարավորություններ կան դրսում:

Այդուամենայնիվ, ամեն դեպքում ես միշտ խրախուսում եմ, որ երիտասարդները գնան դրսում սովորեն: Ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ նույնիսկ փոքր երեխաները խոսում են այն մասին, որ կրթությունը կապ չունի լավ աշխատանքի անցնելու համար, և, որ պետք է ուղղակի մի կերպ վկայական ստանալ, քանի որ վաղը եթե ծանոթ-բարեկամ, քավոր կամ հարուստ պապա և այլն չունեցար՝ լավ աշխատանք ու բարձր աշխատավարձ չես ունենա:

Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ես ինքս չեմ ունեցել այդ «մեջքը»` թիկունքը կամ հարուստ պապան, և ինչին որ հասել եմ՝ ինքնուրույն եմ հասել: Ես ուզում եմ խրախուսել այն երեխաներին, ովքեր սիրում են սովորել ու ցանկանում են սովորել, թող երբեք չընկճվեն ու չմտածեն, որ դա իրենց ոչինչ չի տալու: Ինչպես ասում են՝ «Տաշած քարը գետնին չի մնա», իսկ այդ գիտելիքը հաստատ մի օր օգուտ կբերի: Երբեք չընկճվեք, քանի որ ես ինքս 3 անգամ անընդմեջ ընդունվել եմ Օքսֆորդի համալսարան, սակայն, վարձավճարը չունենալու պատճառով, չեմ կարողացել սովորել, բայց վերջին անգամ ինձ ամբողջական 100%-ի կրթաթոշակ տրամադրեցին, իսկ դա նշանակում է՝ իմ տարիների աշխատանքն ու ձեռք բերած գիտելիքներն իզուր չէին` գնահատվեցին:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս