Իրանում անկարգությունների մասնակիցը դատապարտվել է մահապատժի. Reuters
Իրանի դատարանը կրոնական մեղադրանքներով մահապատժի է դատապարտել հունվարյան անկարգությունների մասնակից Մոհամմադ Աբբասիին։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրին։
«Իրանի հեղափոխական դատարանը մահապատժի է դատապարտել մի տղամարդու՝ «Աստծո դեմ թշնամանքի» մեղադրանքով»,-գրում է գործակալությունը։
Սա հունվարյան բողոքի ցույցերի հետ կապված առաջին նմանատիպ դատավճիռն է։
Գործակալությունը նշում է, որ Իրանի դատարանն ինքը դեռևս պաշտոնապես չի հրապարակել դատավճիռը։
Իրանում բողոքի ցույցերը սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառով, սակայն հետագայում վերածվել են անկարգությունների և կառավարության դեմ բողոքի ցույցերի, որոնք գագաթնակետին են հասել Իրանի տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչերով։
Երկրում անջատվել էր ինտերնետը, և զոհերի մասին հաղորդվել է ինչպես անվտանգության ուժերի, այնպես էլ ցուցարարների շրջանում։
Իրանի իշխանությունները, մեղադրելով ԱՄՆ-ին և Իսրայելին անկարգությունները կազմակերպելու մեջ, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։



