Ցուկերբերգը ցուցմունք է տվել սոցիալական ցանցերից երեխաների կախվածության գործով
Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը փետրվարի 18-ին ցուցմունք է տվել Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանում՝ սոցիալական ցանցերից երեխաների կախվածության ենթադրյալ գործով, որտեղ Meta-ի և YouTube-ի դեմ հայցվորներ են հանդես գալիս անչափահասները և նրանց ընտանիքները: Դրա մասին հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
Սա առաջինն է Միացյալ Նահանգներում անչափահասների, նրանց հարազատների, դպրոցական իշխանությունների և նահանգի գլխավոր դատախազների ներկայացրած նմանատիպ դատական հայցերի շարքից: Հայցվորները պնդում են, որ սոցիալական ցանցերը կախվածություն են առաջացնում, ինչը համեմատելի է ծխելու կամ առցանց մոլեխաղերի հետ: Ընկերությունները հերքում են այդ մեղադրանքները:
Դատարանը լսել է Կալիֆոռնիայի 20-ամյա բնակչի (գործի նյութերում նույնականացված որպես K.G.M.) YouTube-ի, TikTok-ի, Snap-ի և Meta-ի դեմ ներկայացրած դատական հայցը: Նա պնդել է, որ հավելվածները նախատեսված են եղել հարկադրական օգտագործման խթանման համար, որը հանգեցնում է դեպրեսիայի, անհանգստության, սննդային խանգարումների և ինքնավնասման: Կողմերը համաձայնության են եկել TikTok-ի և Snap-ի հետ, որի պայմանները չեն բացահայտվել:
K.G.M.-ի փաստաբան Մարկ Լանիեն Instagram-ը և YouTube-ը որակել է օգտատերերի կախվածություններից շահույթ կորզող «թվային խաղատներ»: Դատարանում ներկայացվել են Meta-ի և Google-ի ներքին փաստաթղթեր, որոնք տեխնոլոգիաները համեմատում էին մոլեխաղերի, ծխախոտի և թմրանյութերի հետ: 2015 թվականի մի հուշագրում Ցուկերբերգը ղեկավարներին կոչ էր արել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Meta հավելվածներում դեռահասների անցկացրած ժամանակի ավելացմանը: Մեկ այլ փաստաթղթում նշվում էր, որ 13 տարեկանից փոքր 4 միլիոն երեխա օգտագործում է Instagram-ը, թեև նրանց արգելված էր հաշիվներ ստեղծել:
Meta-ն պնդում էր, որ հայցվորի հոգեկան առողջության խնդիրները կապված են բռնության և ընտանեկան անբարեկեցության հետ՝ ներկայացնելով համապատասխան բժշկական փաստաթղթեր՝ ցույց տալու համար, որ սոցիալական ցանցերից կախվածությունը նրա հոգեբանական խնդիրների հիմնական պատճառը չէ:
New York Times-ի տվյալներով՝ Ցուկերբերգը կարճ էր պատասխանում՝ հերքելով մեղադրանքները: Նա նշել է, որ ընկերությունը չի շահագործում խոցելի օգտատերերին և ձգտում է օգտակարլինել իր լսարանի համար: Նա պնդում էր, որ օգտատերերը շատ ժամանակ են անցկացնում Instagram-ում՝ դրա կարևորության պատճառով: Նա նաև կասկածի տակ է դրել տասնամյա վաղեմության փաստաթղթերի արդիականությունը և ընդգծել, որ Meta-ն աշխատում է օգտատերերի տարիքը ստուգելու ուղղությամբ:
Դատավարությունը գրավել է երեխաների պաշտպանության կազմակերպությունների և տասնյակ ծնողների ուշադրությունը, որոնք պնդում են, որ իրենց երեխաները վնասվել կամ զոհվել են սոցիալական ցանցերի պատճառով: Դատարանի շենքի դիմաց ամբոխ է հավաքվել: Լսումները, ենթադրաբար, կտևեն մինչև մարտ ամիսը։
Լոս Անջելեսում այս գործի արդյունքները կարող են ծառայել որպես չափանիշ դատավորների համար, որոնք կքննարկեն հազարավոր նմանատիպ դատական հայցեր: Դրանցից մեկում 29 նահանգների գլխավոր դատախազներ պահանջում են, որ Meta-ն շտապ փոխի իր գործելակերպը, ջնջի 13 տարեկանից փոքր օգտատերերի հաշիվները, ջնջի նրանց տվյալները և անջատի այդ տեղեկությունն օգտագործող ալգորիթմներն ու արհեստական բանականության գործիքները։
Սպառողների պաշտպանության օրենքների վրա հիմնված մեկ այլ դատական հայցում 18 նահանգների գլխավոր դատախազներ պահանջում են, որ անչափահասներին արգելվի օգտագործել սոցիալական ցանցերը դպրոցական ժամերին և գիշերը, հեռացվեն «կախվածություն առաջացնող» գործառույթները, մասնավորապես՝ անվերջ թերթումը և ավտոմատ կերպով միացվող տեսանյութերը, և հեռացվեն արտաքին տեսքի ընկալումը խեղաթյուրող ֆիլտրերը։
News.am




