Նախիջևանը յուրահատուկ ռազմական պլացդարմ է Բաքվի համար, լիարժեք կենտրոնացումը նշանակում է՝ մոբիլիզացիոն, ռազմական և սահմանային որոշումների ամբողջական վերահսկում մեկ կենտրոնից. Շիրազ Խաչատրյան

2025 թվականին հայտնի դարձավ, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություն է մտցվելու, և համաձայն ներկայացված նախագծի՝ Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար հանրապետության նախարարների կաբինետը ենթարկվելու է ոչ թե Գերագույն մեջլիսին, այլ Ադրբեջանի նախագահին՝ իր աշխատանքի կարգը համաձայնեցնելով հենց նրա հետ: Այսինքն, Ալիևը որոշել է սահմանափակել Նախիջևանի ինքնավարությունը: Բացի այս, որոշվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրությունից հեռացնել Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները և շեշտել՝ «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մասն է»։

168.am գրել է նաև, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ռեզիդենտի կարգավիճակ ունեցող իրաբանական և ֆիզիկական անձինք 2026թ. հունվարի 1-ից 10 տարով ազատվելու են գրեթե բոլոր հարկերից, ինչը ենթադրում է մի շարք փոփոխություններ Հարկային կոդեքսում, և, որ արտոնությունը տարածվելու է արդյունաբերական առանցքային ուղղությունների վրա, փորձ է արվելու ներդրումային միջավայրը բարելավել, ավելացնել ներդրումների ծավալը: Թե ինչ ռիսկեր է սա պարունակում Հայաստանի համար, մանրամասն վերլուծություն ներկայացրել ենք։ 

Իսկ թե ինչի՞ համար է Ադրբեջանին պետք Նախիջևանին ինքնավարությունից զրկելը, և Նախիջևանի սահմանադրության փոփոխությունն ի՞նչ հեռահար նպատակի մասին է խոսում, այսինքն՝ ինչ չէր կարողանում Ալիևն անել, որ հիմա կարողանալու է, 168.am քննարկել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ հարցազրույցում:

– Տեսեք, Ալիևի կառավարման մոդելը ենթադրում է մեկ կենտրոնից վերահսկվող քաղաքական, տնտեսական և ռազմական համակարգ՝ առանց ներքին կիսաանկախ օղակների։ Շատերին է հայտնի, որ Նախիջևանը պատմականորեն ուներ յուրահատուկ կարգավիճակ՝ սեփական սահմանադրություն, խորհրդարան, կառավարման առանձնահատկություններ։ Թեև այդ ինքնավարությունը վաղուց էր սահմանափակված, այն դե յուրե շարունակում էր գոյություն ունենալ։ Սահմանադրական փոփոխությունը, ըստ էության, վերջակետ է դնում այդ առանձնահատկության վրա։

Կարդացեք նաև

Իսկ թե ինչու հիմա՝ այդ ամենը կարելի է դիտարկել ռեգիոնալ դիտանկյունից, այն է՝ տրանսպորտային ռեժիմների ապագա վերաձևման, Իրանի հետ լարվածության պարբերական սրացման, Թուրքիա-Ադրբեջան առանցքով ռազմական ենթակառուցվածքների ինտեգրման խորացման ուղղություններով։ Օրինակ, տրանսպորտային հարցի դեպքում, եթե Ադրբեջանը միջանցքային որևէ նոր ռեժիմի է պատրաստվում, ապա նրան անհրաժեշտ է իրավական ու կառավարչական մաքուր դաշտ։ Կենտրոնական ենթակայությունը թույլ է տալիս ցանկացած ապագա նախագծի արագ իրականացում՝ առանց տեղական ինստիտուցիոնալ միջանկյալ օղակների։

Երկրորդ՝ Իրանի հետ հարաբերություններում պարբերաբար հնչող կոշտ հայտարարությունները, սահմանային զորաշարժերի դիսկուրսը և տարածաշրջանում ուժերի վերադասավորումը ստիպում են Բաքվին առավել սեղմ վերահսկել իր արևմտյան հենակետը։ Նախիջևանը յուրահատուկ ռազմական պլացդարմ է Բաքվի համար։ Լիարժեք կենտրոնացումը նշանակում է՝ մոբիլիզացիոն, ռազմական և սահմանային որոշումների ամբողջական վերահսկում մեկ կենտրոնից։ Իհարկե, կա նաև թուրքական գործոնը։ Նախիջևանը երկար ժամանակ եղել է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության առանձնահատուկ տարածք։ Ինքնավարության սահմանափակման դեպքում ուղիղ ձևով հեշտացվում է միմյանց միջև խորացված ինտեգրացիան։ Ըստ էության, Ադրբեջանը փորձում է փակել բոլոր ինստիտուցիոնալ «բացերը» և ստեղծել լիովին վերահսկվող արևմտյան հենակետ՝ ապագա քաղաքական, տրանսպորտային կամ ռազմական ճնշման գործիքակազմը ավելի ճկուն օգտագործելու համար։

– Ի դեպ, Ալիևն օրերս հրաման է ստորագրել Նախիջևանի ջրային ռեսուրսներն առաջիկա 3-4 տարիներին արդյունավետ օգտագործելու մասին, սա զուտ ներքին հա՞րց է, թե՞…

Ձեր այս հարցն առաջին հարցի տրամաբանական շարունակությունն է։ Նախիջևանի ինքնավարության փաստացի սահմանափակումն ու դրան զուգահեռ՝ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ Ալիևի հրամանը պետք է դիտարկել նույն ռազմավարական շղթայի մեջ, այսինքն՝ ռեսուրսային վերահսկողության մակարդակը ևս պետք է կառավարել։ Ջուրը Նախիջևանում ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային գործոն է՝ կապված բնակչության կայունության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և հնարավոր ռազմական մոբիլիզացիայի հետ։ Երբ սահմանային, աշխարհագրականորեն առանձնացված տարածքում պետությունը կենտրոնացված ձևով վերահսկում է ջուրը, դա խոսում է այդ տարածքի ինքնաբավության ապահովման մասին։

Կարճ կարելի է նշել՝ Բաքուն կառուցում է կառավարման ու ռեսուրսային այն հիմքը, որի վրա կարող է լուծել առաջիկա տարիներին իրեն սպասվելիք քաղաքական, տրանսպորտային կամ անվտանգային զարգացման սցենարները։ Այսինքն՝ այս ամենը զուտ ներքին տնտեսական հարց չէ, այլ կենտրոնացման և ռազմավարական նախապատրաստման գործընթացի մաս է։

– Քանի որ ակնարկեցիք տարածաշրջանում տրանսպորտային ռեժիմների ապագա վերաձևման մասին, չանտեսենք «Թրամփի ուղի» նախագիծը, և հանգամանքը՝ ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում, որ Ռուսաստանն իր մասնակցությունն ունենա այս նախագծի տրամաբանության մեջ որոշ ասպեկտներում, երկաթուղային հատվածներում: Արդյո՞ք սա միայն Հայաստանի ցանկությունն է, և ո՞ւմ կարող է նկատի ունենալ Փաշինյանը՝ ասելով՝ «լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր»:

Պարզ է, որ Սյունիքով անցնող ճանապարհի թեման վաղուց դուրս է եկել զուտ տարածաշրջանային «տնտեսական» նախագծի շրջանակից, և այն ունի հստակ գլոբալ և աշխարհաքաղաքական բաղադրիչ։ Ակնհայտ է, որ վերջին փուլում գործընթացը կառուցվել է այնպես, որ Ռուսաստանը դուրս մնա այս ձևաչափից։ Հայաստանի և Ադրբեջանի քայլերը, հատկապես արևմտյան միջնորդությամբ, փաստացի հանգեցրել են նրան, որ թեման տեղափոխվել է այլ հարթակ։ Այստեղ լուծվում է ազդեցությունների վերադասավորման խնդիր։ Եթե Ռուսաստանը դուրս է մնում վերահսկող մեխանիզմներից, ապա նրա տարածաշրջանային լծակները թուլանում են։

Այս ֆոնին Փաշինյանի ձևակերպումը՝ «լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր», ավելի շատ քաղաքական մանևրի փորձ է, քան կոնկրետ լուծման առաջարկ։ Եթե սառը հաշվարկով փորձենք հասկանալ՝ ո՞ր երկիրը կարող է լինել միաժամանակ բարեկամ Հայաստանին և Ռուսաստանին, ու նաև չլինել բաց հակադրության մեջ ԱՄՆ-ի հետ, ապա ընտրության շրջանակը խիստ սահմանափակվում է։ Չինաստանը և Իրանը գրեթե անմիջապես դուրս են մնում այդ ցանկից, որովհետև երկուսն էլ տարբեր մակարդակներում գտնվում են ԱՄՆ-ի հետ հակադրության դաշտում։ Նրանց ներգրավումն ավտոմատ կերպով նախագիծը կտեղափոխի գլոբալ մրցակցության կիզակետ։

Մնում են հարաբերականորեն հավասարակշռված դերակատարներ։ Հնդկաստանը տեսականորեն համապատասխանում է այդ չափորոշիչներին, ունի կապեր Ռուսաստանի հետ, ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները Հայաստանի հետ և միաժամանակ ունի գործընկերային հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Բայց Հնդկաստանը սովորաբար խուսափում է այնպիսի ենթակառուցվածքային ներգրավումներից, որոնք բարձր անվտանգային ռիսկ պարունակող քաղաքական նախագծեր են։ Նույն տրամաբանությունը կարելի է կիրառել Պարսից ծոցի որոշ երկրների նկատմամբ, օրինակ՝ ԱՄԷ-ի։ Նրանք ունեն հարաբերություններ և՛ Ռուսաստանի հետ, և՛ ԱՄՆ-ի հետ են ակտիվ ներդրումային քաղաքականություն վարում, ու տեսականորեն կարող են հանդես գալ՝ որպես «քաղաքականորեն չեզոք» ներդրող։ Բայց այստեղ էլ հարց է՝ արդյո՞ք նրանք կմտնեն մի նախագծի մեջ, որը պարունակում է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային և աշխարհաքաղաքական բարձր ռիսկեր։

Այսպիսով, խնդիրն իրականում ոչ թե այն է, թե ով կարող է լինել այդ «բարեկամ երկիրը», այլ այն, որ ներկայիս կոշտ բևեռացված աշխարհակարգում նման «չեզոք» դերակատար գրեթե գոյություն չունի։

Ցանկացած երկրի ներգրավում ավտոմատ կերպով տեղավորվելու է մեծ ուժերի մրցակցության տրամաբանության մեջ և ընկալվելու է ազդեցության վերադասավորման դիտանկյունից։ Այնպես որ՝ Փաշինյանի այդ ձևակերպումը ոչ այլ ինչ է, քան սովորական դիվանագիտական ծածկույթ՝ հարցերի լուծումը շրջանցելու կամ ձգձգելու համար։

– Սյունիքի շուրջ և նախիջևանյան թևում ի՞նչ զարգացումներ կարող են լինել, թեպետ ՀՀ իշխանությունները խաղաղությունը համարում են հաստատված:

Կարելի է ասել, որ մինչև ԱՄՆ-Իրան լարվածության սրացման վերջին էտապները, Սյունիքի ուղղությամբ էսկալացիոն ռիսկերը հարաբերականորեն ցածր էին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը և Թուրքիան իրենց պահանջների մեծ մասը փորձում էին առաջ տանել քաղաքական և դիվանագիտական ճնշմամբ, իսկ Հայաստանը վարում էր զիջողական քաղաքականություն։ Այսինքն, այդ պայմաններում լայնամասշտաբ ռազմական սցենարի մոտիվացիան ցածր էր։ Սակայն, եթե տարածաշրջանում սկսվեն նոր ուժային վերադասավորումներ, հատկապես՝ Իրանի դիրքերի կտրուկ թուլացման կամ պարտության սցենարով, իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Իրանը Սյունիքի հարցում հանդիսանում է կարևոր զսպող գործոն, և նրա ազդեցության նվազումը կբացի մանևրի դաշտը տարածաշրջանային մյուս դերակատարների համար՝ հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի, որոնք կարող են փորձել արագացնել իրենց առաջնահերթ ծրագրերը՝ օգտվելով ուժային վակուումից։ Այս փուլում կոնկրետ ժամկետներ կամ ուղղություններ կանխատեսելը դժվար է, որովհետև ամեն ինչ կախված է լայն տարածաշրջանային զարգացումներից։ Բայց մի բան ակնհայտ է՝ եթե Իրանը թուլանում է, Սյունիքի անվտանգային միջավայրը դառնում է ավելի փխրուն, և ճնշման նոր ալիքները կարող են տեղափոխվել քաղաքականից դեպի ուժային հարթություն։

– ԱՄՆ-ը շարունակում է ռազմական ուժ կուտակել համապատասխան բազաներում, որը տեղավորվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական օպերացիայի տրամաբանության մեջ: Թուրքիան կատեգորիկ դեմ է և զգուշացնում է, որ տարածաշրջանը պարտվելու է և կորցնելու բաներ ունի: Արդյո՞ք Թուրքիան բավարար դեր կունենա՝ կանխելու Իրանին հարվածը, հաշվի առնելով, որ, ըստ էության, լավ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, որ տարածաշրջանային շատ հարցերում դիրքորոշումների համընկնում կա, բայց այս դեպքում ԱՄՆ-ի համար կա նաև Իսրայելը, եթե մի կողմ դնենք հենց ԱՄՆ սեփական հետաքրքրություններն Իրանի հաշվով:

– Թուրքիան կարող է ազդել, բայց դժվար թե կարողանա վճռորոշ կերպով կանխել Իրանին ուղղված հարվածը, եթե Վաշինգտոնում նման որոշում արդեն կայացված լինի։ Անկարան իսկապես կարևոր դերակատար է՝ ՆԱՏՕ անդամ է, ունի հարաբերություններ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի հետ և փորձում է տարածաշրջանային հավասարակշռող դիրք պահել։ Անկարան շահագրգռված չէ լայն պատերազմով, որովհետև դա կբերի սահմանային անկայունության, քրդական գործոնի ակտիվացման, էներգետիկ ու տնտեսական ցնցումների։ Սակայն պետք է հաշվի առնել այն, որ ԱՄՆ ռազմավարական որոշումներն Իրանի վերաբերյալ որոշվում են գլոբալ հաշվարկներով, ոչ միայն տարածաշրջանային գործընկերների կարծիքով։ Իսրայելի գործոնն ուժեղ է, եթե Իսրայելի անվտանգության հարցը դառնա առաջնահերթ, ԱՄՆ-ը կարող է գնալ կոշտ քայլերի՝ անկախ Թուրքիայի դիրքորոշումից։ Մյուս կողմից, պետք է նշել, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները վերջին տարիներին չեն եղել լիարժեք համերաշխ, ուստի Անկարայի ազդեցության լծակները սահմանափակ են։ Եթե կարճ՝ Թուրքիան կարող է փորձել դիվանագիտական ճնշմամբ և փակ բանակցություններով մեղմել սցենարը կամ սահմանափակել դրա մասշտաբը, բայց եթե ԱՄՆ-ը և Իսրայելը որոշեն ռազմական գործողություն սկսել, Անկարան, ամենայն հավանականությամբ, չի ունենա բավարար լծակ՝ ամբողջությամբ կանխելու այն։

Վերջին շրջանում Ադրբեջան-Իրան ղեկավար դեմքերի հետ հանդիպումներ են տեղի ունենում, մասնավորապես, մոտ 20 օր առաջ Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարն էր Բաքվում: Դեռ մի կողմ ենք դնում բարձր մակարդակով հեռախոսազրույցները, որի ժամանակ Ալիևը վստահեցնում է՝ թույլ չի տա որևէ երրորդ երկրի կողմից իր երկրի տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար: Ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանին Իրանն անվերապահ հավատո՞ւմ է այսօր:

Որքան էլ պաշտոնական մակարդակում Ադրբեջանը հայտարարի, որ իր տարածքը չի օգտագործվի Իրանի դեմ, միևնույն է՝ Իրանի ռազմավարական մտածողության մեջ վստահությունը կառուցվում է ոչ թե այդ հայտարարությունների, այլ նախկին փորձի վրա։ Իսկ այստեղ կա մի կարևոր գործոն՝ Իսրայելի հետ Ադրբեջանի խոր ռազմական և տեխնոլոգիական համագործակցությունը։ Թեհրանը երկար տարիներ կասկածանքով է դիտարկել այդ կապերը, հատկապես հետախուզական և անօդաչու համակարգերի ոլորտում։ Այս փուլում Իրանը, ընդհանուր առմամբ, վստահություն չունի տարածաշրջանային որևէ երկրի նկատմամբ՝ ներառյալ նաև Հայաստանի։

Նրա մոտեցումն ավելի շատ կառուցված է «կանխարգելիչ անվստահության» տրամաբանությամբ։ Այսինքն՝ նա գնահատում է ոչ թե՝ ով ինչ է ասում, այլ՝ ով ինչ հնարավորություններ ունի և ինչ կարող է անել ճգնաժամային պահին։ Բաքվի ներսում էլ կա անհանգստություն, որ եթե ԱՄՆ-Իրան կամ Իսրայել-Իրան հակադրությունը դուրս գա վերահսկողությունից, տարածաշրջանային երկրները չեն կարող անմասն մնալ ծանր իրադարձություններից։

– Փետրվարի 23-ից պաշտոնական այցով Իրանում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նա արդեն հասցրել է հանդիպել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ, որի ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Թեև արդեն անդրադարձաք Իրան-Հայաստան վստահության պատկերին, ամեն դեպքում, մեր երկրի դեպքում ի՞նչ հավաստիացումների կարիք ունի Իրանը:

– Երկկողմ պաշտոնական ռելիզներից հետո քիչ թե շատ պարզ կլինի, թե ինչի մասին էր այդ այցը, բայց, ըստ իս, Սուրեն Պապիկյանի այցն Իրան այս փուլում ավելի շատ վստահության կառավարման քայլ է, քան սովորական աշխատանքային հանդիպում։

Կրկնում եմ՝ ԱՄՆ-Իրան լարվածության և տարածաշրջանային անորոշության պայմաններում Թեհրանը զգուշավոր է բոլորի նկատմամբ, այդ թվում՝ Հայաստանի։ Իրանը, ամենայն հավանականությամբ, ակնկալում է հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի տարածքը չի օգտագործվի իր դեմ որևէ ռազմական կամ հետախուզական գործողության համար, և, որ Սյունիքի ուղղությամբ որևէ զարգացում իր համար նոր անվտանգային սպառնալիք չի ստեղծի։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ նույնիսկ նման հավաստիացումները չեն նշանակում անվերապահ վստահություն։ Այս փուլում կողմերն ավելի շատ փորձում են նվազեցնել կասկածներն ու սխալ հաշվարկների ռիսկը, քան վերականգնել լիարժեք վստահությունը։

Տեսանյութեր

Լրահոս