Մենք խաղի կանոն ենք փոխում. գնում ենք բացարձակ հաղթանակի. Գոհար Մելոյան
Գործարար և բարերար, նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ ընտրված Սամվել Կարապետյանին Հայաստանում քաղաքական հետապնդման ենթարկելն ու նրան ազատազրկելը մեր ազգային ամոթն է։ Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ ներկայացնելով կուսակցության ընդհանուր տեսլականն ու առաջարկած տնտեսական մոդելը։
«Պետությունը պետք է բիզնեսի կողքին լինի և պետք է թույլ տա, որ բիզնեսը ոչ թե ճնշվի ու կաշկանդված լինի քաղաքականությամբ և պետական մարմիններով, այլ ազատ շնչի և գործունեության ազատություն ունենա։ Այլ խոսքերով՝ մենք երաշխավորում ենք ազատ շուկայական գործունեություն, և ի հեճուկս այսօրվա իրավիճակի, երբ սեփականատիրոջից, ըստ էության, խլում են իր սեփականությունը՝ գործարկելով պետական մեխանիզմները, օրինակ՝ ինչպես տեղի ունեցավ ՀԷՑ-ի պարագայում, մենք գալիս ենք անելու հակառակը, որ սեփականության իրավունքը երաշխավորվի և սահմանադրական նորմերի ծիրում գտնվի»,- մեկնաբանեց Գոհար Մելոյանը։

Սահմանադրագետը բացատրում է՝ սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ, տնտեսական իրավունքներից է, բայց սեփականության իրավունքի սահմանափակման՝ Սահմանադրությամբ սահմանված երկու եղանակ կա։
«Օրինակ՝ նույն ՀԷՑ-ի պարագայում դրանցից որևէ մեկը տեղի չունեցավ, այլ ծայրաստիճան հակաիրավական եղանակով ՀԷՑ-ը բառիս բուն իմաստով խլվեց սեփականատիրոջից, և էլ չխոսենք հաջորդիվ տեղի ունեցած գործընթացների մասին։ Մեր երկրում ներդրողների իրավունքների թե՛ միջպետական պայմանագրեր, համաձայնագրեր գոյություն ունեն, թե՛ մենք միջազգային արբիտրաժային դատարանի նյույորքյան կոնվենցիան վավերացրած պետություն ենք, որը կրկին գալիս է երաշխավորելու ներդրողների իրավունքները։ ՀԷՑ-ի այս օրինակը՝ Սամվել Կարապետյանի դեպքը, բացի այն, որ քաղբանտարկյալ է ու մարդու անձնական ազատությունն է սահմանափակված բացառապես քաղաքական նպատակներով ու հիմնավորմամբ, նաև սա աշխարհի համար օրինակ է դառնում, մենք բոլորս՝ հայ ազգը, կրում ենք այսօրվա վարչապետի վախերի հետևանքները, որովհետև, այո՛, բացառապես իրենց վախերի դրսևորում էր պարոն Կարապետյանի ազատազրկումը։ Այդ վախերի դրսևորումն ու հետևանքն է, որովհետև իրենց անհավասարակշիռ վարքագծի ու գործունեության հետևանքով հիմա Հայաստանի Հանրապետությունը չի դիտարկվում բարենպաստ միջավայր ներդրողների համար»,- հավելեց Գոհար Մելոյանը։
Մելոյանի խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին հաղթելու նպատակով և բաց է այլ ուժերի հետ համագործակցության համար։
«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Դա զուտ մեր կարծիքը չէ. նույն սոցհարցումներն են ցույց տալիս, որ մենք հանրային բարձր աջակցություն ենք վայելում, բաց ենք համագործակցությունների համար, քննարկումներ են ընթանում, բայց չունենք որևէ որոշում, թե ինչ ձևաչափով կմասնակցենք ընտրություններին»,- պարզաբանեց կուսակցության խորհրդի անդամը։
Ներկայացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5-կետանոց տնտեսական ծրագիրը՝ Գոհար Մելոյանն ընդգծում է՝ «մենք խաղի կանոն ենք փոխում»։
Գոհար Մելոյանը պարզաբանում է՝ 300.000 նոր աշխատատեղ ստեղծելով, փոքր բիզնեսի համար 0% շրջանառության հարկ սահմանելով, դեղորայքը 20 տոկոսով էժանացնելով, գյուղերում բերքի երաշխավորված մթերում ապահովելով և պետական աջակցությամբ 20 000 մատչելի բնակարան կառուցելով՝ «Ուժեղ Հայաստանը» ոչ միայն քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավման, արժանապատիվ կյանքի ապահովման, այլև ժողովրդագրության խնդիրներն է լուծելու՝ խթանելով ծնելիությունն ու բնակչության աճը Հայաստանում։
«Մեր բնույթի ազգերը պետական մակարդակով բնակչության աճի խթանի կարիք ունեն, իսկ այսօր ցավալիորեն բարձր է ամուսնալուծությունների թիվը։ Մենք այն երկրներից ենք, որտեղ բավական մեծաթիվ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներ կան։ Նրանք մեծամասամբ արական սեռի ներկայացուցիչներ են, մեծամասամբ՝ մարզային բնակչությունը։ Պատկերացրեք՝ ինչպես կփոխվի պատկերը, երբ ընտանիքի հայրը շարունակի աշխատել իր բնակավայրում, արժանավայել աշխատանք կունենա, չի լքի ընտանիքը։ Այդ դեպքում և՛ ընտանիքի որակը կբարձրանա, և՛ կրկնում եմ՝ մենք խթանում ենք բնակչության աճը, և դա իրականացվում է՝ առաջին հերթին աշխատատեղեր ստեղծելով, բայց դրան զուգընթաց՝ նաև բնակարանային հարցերը լուծելով»,- պարզաբանում է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը։

Գոհար Մելոյանի խոսքով՝ Գյումրին լինելու է բնակարանաշինության թիրախային քաղաքներից մեկն իրենց ծրագրով։ Այս առնչությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը մեկնաբանեց իր կուսակից Ալեքսան Ալեքսանյանի հետ կապված երեկվա միջադեպը, որը Գյումրի այցելության հետ կապված ասել էր. «Եկել ենք Ձեր գյուղ հյուր», և այդ արտահայտությունը մեծ ակտիվություն էր առաջացրել, այսպես ասած՝ «իշխանական ճամբարում»։ Գոհար Մելոյանի պարզաբանմամբ՝ խոսքի վրիպակ է եղել։
Գոհար Մելոյանը պարզաբանեց՝ խոսքի վրիպակ է եղել, և եթե դա իսկապես խոցել է որևէ գյումրեցու, իրենց խորին ներողամտությունն են հայցում և հուսով են՝ գյումրեցիները ներողամիտ կլինեն, բայց ակնհայտ է մի բան, որ այդ վրիպակից բախտորոշիչ որևէ հետևանք չի եղել՝ տարածք չենք կորցրել, զոհեր չեն եղել, որևէ մեկը չի տուժել, մարդու իրավունքներ չեն խախտվել, մարդիկ ապօրինաբար չեն ազատազրկվել, և թվարկված դժբախտությունների պատասխանատու իշխող քաղաքական ուժի կողմից Ալեսքանյանի լեզվաբանական վրիպակը վերցնելն ու մատի փաթաթան դարձնելն ակնհայտորեն քաղաքական թիրախավորման խնդիր ունի։
Գոհար Մելոյանի խոսքով՝ «էդքան մտածում էիք գյումրեցու մասին, գնայիք, գոնե մեկ շենք կառուցեիք ու մարդկանց բնակարաններով ապահովեիք»։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի էր ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսը, որի ընթացքում հայտարարվել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանն է։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



