Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու պատրաստակամության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է անել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բանակցություններում համաձայնության հասնելու համար։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին։
«Մենք պատրաստ ենք որքան հնարավոր է շուտ հասնելու համաձայնության։ Մենք ցանկանում ենք անել ամեն անհրաժեշտը, որ դա տեղի ունենա»,- նշել է պաշտոնյան։
Ռավանչին վստահություն է հայտնել, որ գործարքը կարող է կարճ ժամկետում տեղի ունենալ, եթե լինի երկու կողմի քաղաքական կամքը։
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները հանդիպել են փետրվարի 17-ին Ժնևում, որտեղ երկու կողմերն էլ հայտարարել են, որ առաջընթաց է գրանցվել։
Նախագահ Թրամփը փետրվարի 20-ին՝ տարածաշրջանում ռազմական մեծ կուտակումների ֆոնին, հայտարարել է, որ քննարկում է Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը՝ նախազգուշացնելով, որ Թեհրանը մի քանի օր ունի իր միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։



