Արցախի Մարտունիում ավերել են Մեծ Հայրենականի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը

Ադրբեջանն ամբողջությամբ ավերել է Արցախի Մարտունի քաղաքում հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին տեղեկացնում է արցախցի հասարակական գործիչ Արտակ Մկրտչյանը։

«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։ Սա վանդալիզմ չէ։

Սա մշակութային ցեղասպանություն է։ Սա նպատակային քաղաքականություն է` ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։ Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը»,– գրել է նա սոցցանցում։

Մկրտչյանն ընդգծել է` միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

«Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։ Հուշարձանները կարելի է քանդել, բայց ժողովրդի հիշողությունը երբեք։ Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,- եզրափակել է հասարակական գործիչը։

Տեսանյութեր

Լրահոս