Ռազմակա՞ն, թե՞ քաղաքական նշանակության այց․ Ի՞նչ է Իրանն ակնկալում Երևանից

Մինչ միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է Պարսից ծոցի «մատույցների» ուղղությամբ, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջին շաբաթներին աննախադեպ ռազմական ուժ է կուտակել Իրանի Իսլամական Հանրապետությանը թիրախավորելու համար, Իրանը պաշտոնական այցով հյուրընկալել է ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին։

«Իրանն ու Հայաստանը պատրաստ են շարունակել աշխատանքները պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ»,- ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ այս մասին խոսվել է գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանի և Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հանդիպման ժամանակ։ Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:

«Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Պապիկյանը հանդիպել է նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Իրան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։

Հիշեցնենք` Պապիկյանը փետրվարի 23-ին Իրան է մեկնել պաշտոնական այցով։ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին էլ այսօր «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում ասել է, որ հնարավոր է` հայ-իրանական համատեղ զորավարժություններ ապագայում ևս տեղի ունենան և լինեն ավելի մասշտաբային։ «Հաշվի առնելով մեր երկու երկրների հարաբերություններն ու կապերը տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ոլորտում, նմանօրինակ միջոցառումներն ընթացիկ, առօրյա միջոցառումներ են, որոնք հնարավոր է` ապագայում ևս տեղի ունենան, և հնարավոր է` ապագայում ավելի մասշտաբային լինեն»,- ընդգծել է դեսպանը։ Հարցին՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն Իրան վաղո՞ւց էր պլանավորված, թե՞ այն կարելի է դիտարկել Իրանի հետ կապված լարվածության ֆոնին, դեսպան Շիրղոլամին պատասխանել է` այցը նախապես պլանավորված էր։

Կարդացեք նաև

«Սա խոսում է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում ընթացող համագործակցության և կապերի մասին։ Այս այցի վերաբերյալ ևս երկու երկրների տարբեր պատվիրակությունների ձևաչափերի միջոցով պլանավորվել է։ Այս այցի ընթացքում կողմերը հնարավորություն կունենան կարծիքներ փոխանակելու տարբեր հարցերի վերաբերյալ և ավելի խորացնելու արդեն իսկ առկա համագործակցությունը»,- վստահեցրել է դեսպանը։

Նրա խոսքով՝ հայ-իրանական սահմանը մշտապես եղել է խաղաղության սահման և երկու երկրների համար շատ մեծ կարևորություն ունի։

Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին գտնում է, որ այս այցն Իրան, այնուամենայնիվ, չի կարող դիտարկվել միայն երկկողմ ռազմական համագործակցության պրիզմայով, քանի որ այն տեղի է ունենում երկու երկրների համար աշխարհաքաղաքական առանցքային զարգացումների ու փոփոխությունների փուլում, երբ Հարավային Կովկասում, հատկապես այս փուլում, կա ուժային կենտրոնների մրցակցության, տրանսպորտային միջանցքների շուրջ պայքար և աշխարհաքաղաքական նոր ճարտարապետություն ձևավորելու փորձեր։

Ըստ նրա, Մերձավոր Արևելքում շարունակվող զարգացումներն ու Իրանի նկատմամբ արևմտյան ճնշումները Թեհրանին մղում են խորացնել հարաբերություններն անմիջական հարևանների հետ՝ ապահովելով հյուսիսային ուղղությամբ անվտանգություն, բացի այդ, Բաքվի և Թեհրանի միջև անվստահությունը՝ կապված Իսրայելի գործոնի, սահմանային անվտանգության և ԹՐԻՓՓ գաղափարի շուրջ տարաձայնությունների հետ, Իրանի համար Հայաստանը դարձնում է առանցքային գործոն, հարևան։

Նրա խոսքով՝ ոչ պակաս կարևոր հանգամանք է այն, որ ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի տարածաշրջանային դերակատարությունը փոխվում է, ինչն Իրանին կանգնեցրել է թե ավելի մարտահրավերային իրավիճակի առջև, թե ստիպել է ուժեղացնել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում։

«Կարծում եմ՝ ներկայումս այս այցը կրում է ավելի քաղաքական, քան ռազմական բնույթ։ Իրանը բացահայտ հայտարարել է, որ չի ընդունում տարածաշրջանային սահմանների փոփոխություն։ Թեհրանի համար կենսական է, որ Հայաստանի հարավը մնա հայկական վերահսկողության տակ։ Իրանը շահագրգիռ է, որ Հայաստանը չդառնա որևէ հակաիրանական նախագծի մաս։ Թեհրանի համար կարևոր է, որ հայ-իրանական պաշտպանական շփումները լինեն համակարգային, իսկ Հայաստանը պահպանի բազմավեկտոր քաղաքականություն։ Իրանի համար առանցքային է Հյուսիս-Հարավ նախագծի ակտիվացումը, Պարսից ծոց-Սև ծով միջանցքի գաղափարի առաջմղումը, էներգետիկ փոխգործակցության խորացումը։ Իրանն ակնկալում է, որ Հայաստանը համատեղ նախագծերի հանգույց կլինի։ Եվ կարծում եմ, ԱՄՆ փոխնախագահի ռեգիոնալ այցից հետո այս այցը հնարավորություն է՝ վերաշեշտադրել այս դիրքորոշումները։

Ուստի այս այցն ավելի քաղաքական ուղերձ է, քան պարզապես ռազմական բանակցություն։ Այն ազդանշան է, որ Երևանը և Թեհրանը համագործակցում են, չունեն տարաձայնություններ։ Իրանը Հայաստանից այս փուլում ակնկալում է կանխատեսելիություն, սահմանների անխախտելիության պահպանում և տարածաշրջանում իր ներկայության լեգիտիմ ընդունում։ Կարծում եմ՝ Իրանի համար կարևոր է նման այցերի ընթացքում անդրադառնալ այս ակնկալիքներին։ Հայաստանի համար ևս ճիշտ օգտագործելու դեպքում նման արդյունավետ այցը կարող է հնարավորություն տալ բազմավեկտոր քաղաքականության մասին հայտարարել ավելի փաստարկված, քանի որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ սերտ, իսկ ՌԴ-ի հետ ոչ այնքան ջերմ հարաբերությունների ֆոնին հավասարակշռության քաղաքականություն վարելու մասին հայտարարություններն անբովանդակ հայտարարություն են թվում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Անդրադառնալով Իրանի շուրջ վերջին ժամերին ծավալվող իրադարձություններին՝ նա նշեց, որ էսկալացիայի վտանգը պահպանվում է։ Նրա դիտարկմամբ՝ բոլորի համար մեկ բան արդեն ակնհայտ է՝ Թրամփը չի ցանկանում լայնածավալ ու երկարատև պատերազմ։

«Նույնիսկ էսկալացիայի դեպքում բավարարվելու է հարվածներով։ Կարծում եմ, որ որքան էլ բարդ է, կողմերը կշարունակեն բանակցել»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս