Հը՞, ճշտեցի՞ք՝ Թուրքիան էլ մեզ ցեղասպանելու նպատակ չունի՞… Ժողովուրդ, էդ ի՞նչ է օդից գլխներիդ ընկել, որ հավատացել եք. Կարեն Բեքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Իրականում դժվար է դարձել շնորհավորելը՝ հաշվի առնելով այն իրականությունը, որում մենք ապրում ենք: Բայց ես իրապես շնորհավորում եմ բոլորին, որովհետև սա մեր ազգի ու պետության կարևորագույն օրն է: Մաղթում եմ, որ ունենանք այնպիսի սերունդ, որն իր մեջ այնպիսի արժեքներ կրի, որ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին, երբևէ այլևս չկրկնվի:
- Մեծ երկրից անցումը, անկախության հռչակումը՝ իր հետ բերող տարաբնույթ մարտահրավերներով, խաղուպար չէր, հատկապես որ, Հայաստանի պարագան տարբերվում էր մյուս հանրապետությունների պարագայից: Հայաստանն արդեն գտնվում էր պատերազմի մեջ, մի երկու տարի առաջ երկրաշարժ էր եղել, անվտանգային ռիսկեր կային, մեր թշնամիներն էլ նույնն էին, նույնն էին նաև նրանց օրակարգերը… Միայն հիշեցնեմ, որ 1992թ. սահմաններին տեղաշարժ եղավ, և Ադրբեջանին օգնելու համար թուրքական բանակը պատրաստ էր հարձակման: Հարցը միայն Ցեղասպանությունը չէր, որ եղել էր: Տեսանելի էր, որ Թուրքիան իր սկսածն ավարտին հասցնելու նպատակ ունի, և միայն ՌԴ Գլխավոր շտաբի միջամտության արդյունքում դա տեղի չունեցավ…

- Անկախության փուլերի հաղթահարման կարևորագույն փուլ էր 1994թ. զինադադարը, տարիներ տևած կայությունն ամուր պահելը, սոցիալական արդարության խնդիրները լուծելը և շատ այլ մարտահրավերներ:
- Մինչև 2018թ. ոչ մեկը Հայաստանում արժեքային հիմնասյուների հետ կապված ոչ մի հարց կասկածի տակ չի դրել՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, բանակ, պատմություն, հայրենիք… Մեր իդենտիֆիկացիայի կոդերը ոչ ոք հարվածի տակ չէր դնում: 2018-ից հետո ուղղակիորեն ջախջախում են մեր ազգային իմունիտետը:
- Այսօր այլախոհության համար քաղաքական հալածանքների ենթարկվող քաղաքացիների թիվը բավականին մեծ է:
- Մեր պատկերացումները պետության մասին ու իշխող ուժի պատկերացրած ու քայլ առ քայլ իրականացվող պատկերացումները պետության մասին ոչ մի կապ չունեն իրար հետ: Իրենց համար պետությունն այն է, որտեղ իրենք իշխանություն ունեն, ու հեչ կապ չունի՝ էդ պետությունը որտեղ է, քանի կմ է, ինչքան են զիջել, հանրությունը նպատակներ ունի՞, թե՞ չէ: Իրենց համար սպառողական հասարակություն լինի, լավ է:
- Եթե մի օր արթնանանք ու իմանանք, որ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ մեզ այլևս բանակ պետք չէ, կզարմանա՞նք… Չէ… Միգուցե զայրանանք, բայց ոչ ոք այլևս չի զարմանա: Մարդը ընտրություններից առաջ ահաբեկում էր սեփական ժողովրդին՝ ասելով, որ եթե ինքը սահմանադրական մեծամասնություն չունենա, պատերազմ կլինի: Պետության անվտանգության պատասխանատուն պետությունն է: Սա ինքնախոստովանություն էր, որ ինքն իր ֆունկցիաները չի կատարել:
- Այս մարդիկ բարդույթ չունեն իրենց ասածներից հրաժարվելու: Գալիս, ասում են՝ սխալվել ենք… իսկ դրա արդյունքում 5000 մարդկային կորուստ ենք ունեցել… Խոսքի արժեքը զրոյացված է այսօր, պետական իշխանության կրողները խոսքի արժեքը հավասարեցրել են հողին:
- Պատերազմը սկսելու օրը Փաշինյանը մի կրակոտ ճառ է ասել՝ հայտարարելով, որ Թուրքիան եկել է՝ ավարտին հասցնելու 1915-ի Հայոց ցեղասպանությունը: Մի քանի տարի հետո նույն այդ մարդն ԱԺ ամբիոնից ասել է՝ Թուրքիայից պետք է ճշտել՝ ինքը դեռ մեզ ցեղասպանելու նպատակ ունի՞, թե՞ հիմա այլ ծրագրեր ունի… ՔՊ-ի 2021թ. ծրագիրը նայեք ու հետո տեսեք՝ դրանցից ինչ է իրականացվել:
- Կասկածներ ունեմ, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից ևս իրենց նկատմամբ դժգոհություն կա, որովհետև ժամանակի մեջ խոստացել է բաներ, որոնք չի կատարում կամ չի հասցնում կատարել: Մեր հանրային լարումը, Արարատի ու Արցախի շվաքի հետ սրանց կռիվ տալը, ընդդիմության դեմ քայլերը հենց այս տրամաբանության մեջ էլ պետք է դիտարկել: Տպավորություն ունեմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գիտակցում է, որ իր բոլոր քայլերն ու իրեն պարտադրված ծրագիրն իրականացնելուց հետո ինքն իր առաքելությունն ավարտելու է, և այլևս ոչ ոքի պետք չի լինելու: Դրա համար էլ ձգձգում է որոշ զիջումներ, այլ ոչ թե Հայրենիքի ու պետության շահից դրդված: Հիմա դրանց հաճոյանալու համար ջախջախում է մեր ազգային իմունիտետը: Փորձում է ամեն ինչ անել, որ իր իշխանազրկումը թույլ չտա, և այս փակ ցիկլի մեջ մաշվում է պետությունը:

- Իրենց պետք է հանրության ուշադրությունն անընդհատ շեղել: Իրենք Անկախության օրվա տոնակատարություններն էլ կազմակերպում են՝ ոչ թե, որ գիտակցում են օրվա խորհուրդը, այլ՝ որովհետև առիթ է ստեղծվել ևս մեկ խրախճանք կազմակերպել, բթացնել ժողովրդի զգոնությունը: Սեփական պետությունն ու սեփական ժողովրդին Նոր տարվա հնդկահավի վիճակին բերած իշխանությունը շարունակում էիր ծրագրի իրականացումը: Սրանք օգտվում են նրանից, որ ժողովուրդն ապրում է «թողեք՝ ապրենք» սինդրոմի ներքո:
- Այս մարդիկ ամեն ինչ անում են, որ չլինի ազգային նպատակ, չլինեն հերոսներ, հայրենիքի ընկալում: Կարճ ասած՝ կերտում են սպառողական հասարակություն: Մի հատ նայեք ժողովրդի մի հատվածի՝ իր բնօրրանից հայրենազրկման օրը քանի՞ տեղում քանի փառատոն էին անում: Կարևորը՝ դրա մասին չխոսեն, դա չհիշեն:
- Ժողովուրդ, էդ ի՞նչ է կատարվել ձեր կյանքում, որ դուք հավատացել եք, որ Թուրքիան այլևս այն պետությունը չէ, որ քեզ ուզում է ցեղասպանել: Էդ ի՞նչ է օդից գլխներիդ ընկել, որ հավատացել եք, որ դիմացի կողմի բոլոր նկրտումները զրոյացել են, որ մտածում եք՝ եթե Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր ուզածներն անեք, կթողնեն՝ հանգիստ ապրեք ձեր հայրենիքում:
- Փաշինյանը ոչ սկզբունք ունի, ոչ գաղափարախոսություն: Իրեն միայն մի բան է հետաքրքրում՝ իշխանությունը պահելը: Քանի դեռ դա ապահովում են այն երկրները, որոնք դառնում են հիմնական պատվիրատու, ինքը դառնում է նրանց օրակարգը սպասարկողը: Որ օրն իր իշխանությունը պահելու երաշխիքները նրան բավարար չթվացին, մի քանի րոպեում երկրի արտաքին քաղաքական կուրսն այնպես կփոխի, չեք էլ հասցնի զարմանալ, բոլորը կմնան ապշած: Կա բացառապես մեկ սցենար՝ ամեն ինչ անել իշխանություն պահելու համար: Խնդիրը աթոռը պահելն է: Նույն կինոթատրոնի սեանսի համար մի տեղի համար 4-5 տոմս է վաճառել, մարդիկ գալիս են, չեն հասկանում՝ ով որտեղ պիտի նստի:
- Մի հատ նայե՛ք՝ Հայաստանը ԵՄ մտնելու գործընթաց սկսելու օրինագիծը երբ է ընդունել, ու երբ է Ռուսաստանը սրությամբ դրան արձագանքել: Պուտինն ասում է՝ «Ձեր կողմից օրինագծի ընդունումը մենք կարող ենք համարել հավասարազոր ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմումին»: Էդ ինչքա՞ն ժամանակ ձեզ պետք եղավ դա հասկանալու համար: «Куда они денутся» ասելով՝ հասել են մի իրավիճակի, որ ռուսները զգացողություն ունեն, որ հողը ոտների տակից գնում է: Հերթական անգամ փորձությունների առաջ հայտնվելու է պետությունը, ժողովուրդը, ոչ թե ՔՊ-ն:
- Մեզ վերաբերող ցանկացած պրոցեսի թիվ 1 պատասխանատուն իշխանությունն է:
- Եթե սա կրկին գնաց ռուսահպատակության, Եվրոպան հիշելու է, որ մարդու իրավունքների խախտումների չեմպիոնը սա է, որ եվրոպական արժեքների դեգրադացիայի հեղինակը սա է, որ պետության հերն անիծելու հեղինակը սա է, ու էն ժամանակ Ռուսաստանից է սկսելու փող մուրալ, որովհետև հիմա էլ ԵՄ-ն սանկցիաների տակ կդնի Հայաստանը: Դերերն են փոխվելու, սա հիմա էլ հակառակն է անելու:

- Եվրոպական հանրությունն իր էլիտաներից մի այլ կարգի զզվել ու հոգնել է: Եվրոպական արժեքները նրանց համար դարձել են տրորված լաթ: Եթե կարելի է Հաջիևի հետ գնալ Արցախ, մասնակցել էդ կապիկությանն ու ժպտալ, ուրեմն դա եվրոպական արժեքների հետ ոչ մի կապ չունի: Էս մարդիկ անցել են լիակատար քաղաքական շահերի: Իրենց նպատակն է՝ հանել ռուսներին, հարվածել Իրանին, ու եթե դրա համար պետք է սրա իշխանությունը խրախուսել, ուրեմն դա կանեն: Համեմատած նրան, թե ինչ քաղաքական խնդիր են ուզում լուծել, ու դիմացը սրան ինչքան փող են տալիս, դա գտած բան է իրենց համար, շատ էժան է նստում իրենց վրա:
- Երկիրը տարվում է դեպի Թուրքիային պատվիրակում, ու էդ գծին բոլորովին դեմ չէ ԱՄՆ-ը: 8 տարում երկիրը դարձրեց աշխարհաքաղաքական բևեռների բախման կիզակետ: Թե ինչ հետևանքների դա կբերի, այդ դաժան սցենարներին դեռ պետք է անդրադառնալ:
Մանրամասները՝ տեսանյութում:

