Ընտրական խրախճանք՝ ավգյան ախոռներում

Պետության այսօրվա վիճակն անհնարին կլիներ՝ առանց սոցիալական կառույցի կազմաքանդման: Վերջինս քիչ կապ ունի ֆորմալ կառուցակարգերի՝ Սահմանադրության, օրենքների հետ: Սոցիալական կառույցի համար շատ ավելի կարևոր են այն ինստիտուտները, որոնց մասին ֆորմալ օրենսդրություններում անգամ չի հիշատակվում, եթե հիշատակվում էլ է, ապա միայն ամենանեղ իմաստներով:

Բարոյականություն, արժանապատվություն, ամոթ, պատասխանատվություն… Սրանք և էլի մի շարք երևույթներ մարդկանց որևէ հավաքականության տարբերում են ուղղակի գրված օրենքներով ապրող մեխանիկական հանրույթից, և այդ հանրույթին ազգ անվանելու բովանդակություն են հաղորդում: Ահա այս սյուների վրա ոչ այդքան ամուր, այդուհանդերձ, գոյություն ունեցած սոցիալական կառույցը հիմնահատակ ավերվել է: Ավերվել է՝ ավերածությունը ծառայեցնելով ավերողների նպատակներին ու ավերմանը մասնակցությունը խրախուսելով:

«Շինող», «ասֆալտին ծեփող», «պատերի տակ վնգստացող», «դոմփող», «ուրիշ բան թափ տվող»… Սա պատկերավոր արտահայտությունների այն շատ համեստ ցանկն է, որով արտահայտվող ղեկավար ունեցող որևէ երկրում արժանապատվությունը պետք է ծաղրվեր, ամոթը՝ հետադիմական համարվեր, պատվախնդրությունը՝ հեգնանքի արժանանար, պատասխանատվությունից էլ մնար միայն «տալ» արմատը, բայց միանգամայն ուրիշ պահանջվելիքը տալու իմաստով: Ամենքին շինել սպառնացող ղեկավար, ասֆալտին փռված ընդդիմադիրներ, վնգստացող դատավորներով արդարադատություն և ամենքի թվում՝ դոմփված իրավապահներ ունեցող պետությունն է ոչ թե ուղղակի քանդված, այլ քանդվածի փոխարեն՝ այլասերված սոցիալական կառույցի արտացոլումը:

Ամոթը և պատասխանատվությունը նշվածների թվում ամենաինտեգրալ ինստիտուտներն են, որոնց բացակայությունը պետությունը վերածում է ախոռի, որում բոլորին ամեն ինչ կարելի է, բացառությամբ այն դեպքերի, երբ ավելին կարելի է միայն ավերողներին:

Կարդացեք նաև

Ամոթի ու պատասխանատվության բացակայությունը տեսանելի է առաջին հերթին՝ քաղաքական համակարգում: Ընտրություններից առաջ՝ հատկապես ու առանձնապես: Քաղաքական մեխանիզմի հիմնական գործիքը՝ միտքը, գաղափարը, խոսքը, երբևէ այնքան ամոթալի ու անպատասխանատու չի եղել, որքան վերջին տարիներին ու հատկապես հիմա: Գլխավորապես դա վերաբերում է, իհարկե, իշխանությանը, որն անամոթության ու անպատասխանատվության մթնոլորտի հիմնական շահառուն է: Բայց այնպես չէ, որ մյուս քաղաքական ուժերը պատասխանատվության մոնումենտներ են: Վկան՝ այսօրվա ժրաջան պատրաստությունն առաջիկա ընտրությանը, որի նախորդի ժամանակ խոստացվել էր առանց Նիկոլ Հայաստան: Նիկոլը կա, Հայաստանից՝ կա ավելի պակաս, քան խոստման պահին: Կան նաև խոստացողները, բայց բացակայում է գոնե որպես ամոթի արտահայտում՝ գոնե ձևական ներողությունը՝ ոչ միայն ու ոչ այնքան հռչակված քաղաքական խոստման, այլև ասված խոսքի պատասխանատվության համար:

Իշխանության ու կառավարման դասական կանոնը, գոնե ժողովրդավարական համակարգում, լիազորությունների փոխանցման հնարավորությունն ու պատասխանատվության փոխանցման անհնարինությունն է: Հենց դա է ընկած «ժողովրդին պատկանող իշխանությունն» ընտրությունների միջոցով որևէ խմբի, անձի պատվիրակելու գործընթացի հիմքում: Ինչպես որ կառավարման համակարգի ամենավերևում գտնվողը կարող է իր լիազորությունների մի մասը փոխանցել, պատվիրակել ենթականերին: Բայց դա երբեք չի վերաբերում պատասխանատվությանը:

Հայաստանում ամեն ինչ գլխիվայր շրջված է: Մեկ անձի ձեռքում գերկենտրոնացած իշխանություն, չփոխանցվող լիազորություններ, և բոլորից ու բոլորին փոխանցվող պատասխանատվություն, որից իշխանությունն օգտագործում է միայն իրավական պատասխանատվության բութ գործիքը, դա էլ անընդհատ բթանում է՝ իրացնողների բթությանը զուգահեռ:

Ժողովուրդը, որը հաճախ մեղադրվում է, երբեմն՝ արդարացիորեն, երկրի այս վիճակում պատասխանատվություն ունենալու մեջ, պատասխաններ չստանալով իր լիազորությունները ստացածներից, հետևում է անպատասխանատվության պաշտոնական ու վերնախավային օրինակին՝ հայտնի պարագայում թուլանալու ու հաճույք ստանալու վերջին մղումով: Ժողովրդի այդ վարքագիծը խրախուսվում է զանազան ու բազմագույն ֆեստիվառներով, համերգներով ու հրավառություններով՝ նրան ամոթի վերջին նշույլից զրկելու և որևէ պահի նման պետություն ու ղեկավարություն ունենալու առիթով ամոթ չզգալու համար:

Այս պայմաններում առաջիկայում մարդիկ գնալու են ընտրությունների և ընտրելու են՝ ոչ թե այդ պահի ընտրության համար մտածված, կշռադատված պատասխանատվություն ենթադրող որոշմամբ, այլ ուղեղից բացի որևէ զգայարանին հագուրդ տվող նախապատվությամբ: Որևէ հրաշքով պետության պահպանման ու սոցիալական կառույցի վերածնունդի դեպքում ապագա սերունդներին թողնելով հավերժ ամաչելու բեռը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս