ԱՄՆ-ի հետ մինչև մայիսի վերջն արդյունքներ կտեսնեք. Կոբախիձե
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի կառավարությունը մինչև մայիսի վերջը ԱՄՆ-ի հետ տարբեր տեսակի գործակցություններ ունի պլանավորած։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Գոյություն ունեն շատ կոնկրետ պլաններ, և մինչև մայիսի վերջը կոնկրետ արդյունքներ կտեսնեք. կոնկրետ ուղղություններով գործակցություն կհաստատվի։ Թե ինչ և ինչպես՝ մանրամասներ չեմ կարող հայտնել, սակայն կտեսնենք, որ մինչև մայիսի վերջը վրացական և ամերիկյան կողմերի միջև գործակցությունը կխորանա»,- ասել է վարչապետը լրագրողներին։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում կառավարությունը փոխվեց, Վրաստանի կառավարության անդամները հայտարարում էին, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների «վերբեռնմանը» (reset) և սպասում են ամերիկյան կողմի պատասխան քայլերին։ Նախորդը՝ դեմոկրատների կառավարությունը, Վրաստանի հետ կասեցրել էր ռազմավարական գործընկերությունը, նաև կիրառել էր պատժամիջոցներ. պատժամիջոցների ցուցակում է հայտնվել նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։
Լրագրողի հարցին, թե գործակցության վերականգնման սկզբնական ժամկետ նշվել էր ապրիլը, Կոբախիձեն պատասխանել է, որ ինքն ապրիլի մասին ոչինչ չի ասել և կրկին հաստատել է, որ մայիսից «մի շարք գործակցություններ» են նախատեսվում։
«Ես նման ժամկետ չեմ նշել… Մենք ամերիկյան կողմի հետ համաձայնեցված կոնկրետ օրակարգ ունենք, և մինչև մայիսի վերջը մի շարք գործակցություններ կլինեն։ Ապրիլը չեմ ասել, մայիսն եմ ասում»,- ասել է Կոբախիձեն։
Ապրիլի 1-ին Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, խոսելով Վրաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, ասել էր.
«Նշվել է ապրիլ ամիսը, որի ընթացքում տեղի կունենան տարբեր տեսակի հանդիպումներ, նաև կլինեն հետաքրքիր նորություններ»։



