Նիկոլն ուղիղ ասում է՝ գալիս եմ՝ ձեր հերն անիծեմ. սաֆարովներին բերելու է Հայաստան. կա՛մ մենք կլուծենք էս հարցը, կա՛մ էս բեռը կմնա մեր երեխեքի ուսերին. Նինա Կարապետյանց

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր, ՀՀ վարչապետի թեկնածու, իրավապաշտպան, «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակի ներկայացուցիչ Նինա Կարապետյանցն է:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստան եկած ադրբեջանական փորձագիտական խմբի համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն, Ալիևի հիմնական քարոզիչ Ֆարհադ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել. «Դու քայլում ես Բաքվում, կանգնած սպասում ես լուսացույցին, որ անցնես փողոցը, և հանկարծ գովազդային էկրանից քեզ է նայում Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, որ պատրաստվում է ընդլայնել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ»։

Նույն այս օրերին Նիկոլ Փաշինյանի թիմակիցները (օրինակ՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Հայաստանի էլեկտրական ցանցերի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն նշանակված Սարիկ Մինասյանը) Ոսկեհասկում Քաղաքացու օր էր նշում՝  «Չկա Հայաստան առանց Փաշինյան» պաստառի ներքո: 

Նինա Կարապետյանցի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

Կարդացեք նաև

  • Ադրբեջանում մենք հետևյալ ներկայացվածությունն ունենք՝ մարդիկ, ովքեր առևանգվել են ու պահվում են Բաքվի բանտերում՝ ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկմամբ, և Նիկոլ Փաշինյանը, ով ընդունված է այնտեղ ու պատկերվում է Բաքվի գովազդային վահանակներում: Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ դեռ Ադրբեջանում Նիկոլ Փաշինյանին հերոսի կոչում պաշտոնապես չեն տվել, իսկ միգուցե տվել են ու դա գաղտնի՞ են պահում, դեռ պետք է պարզել… Ոչ մի զարմանալու բան չկա, շատ նորմալ է, որ Բաքվում Փաշինյանն ընդունված է: Ի վերջո, Ալիևի հետ միևնույն մրցանակն են կիսում, իսկ թուրքախոս պետություններից մեկն էլ՝ Ղազախստանը, նրան պարգևատրել է իր երկրի բարձրագույն պարգևով:
  • Մարդիկ հասկանո՞ւմ են, որ եթե հունիսի 7-ին չգնան ընտրության, Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ ինձ պլատինե մանդատ են տվել, ու ես անելու եմ այն, ինչ ինձնից պահանջում է Ադրբեջանը, ու դա անելու եմ միանձնյա:
  • 2018 և 2021թթ. ընտրությունների ժամանակ Փաշինյանը մարդկանց խաբեց, գրեց մի բան, արեց մեկ այլ բան: Հիմա ինքն ազնիվ է, ուղիղ տեքստով ասում է՝ ժողովուրդ, գալիս եմ ձեր հերն անիծեմ: Հիմա եթե մարդիկ չգնան ընտրության, ասելու է՝ է գնայիք, ասեիք՝ ոչ, չեք գնացել, այլ մարդու, ուժի ձայն չեք տվել, ուրեմն համաձայն եք, որ ես մնամ, ես էլ ինչ ուզեմ՝ կանեմ:
  • Ինքն ո՞վ է, որ իրենից կախված լինի Հայաստանի լինել-չլինելու հարցը: Մեր երկիրը եղել է հազարամյակներ ու լինելու է, բայց եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, կանգնելու ենք աղետալի վիճակի առաջ:
  • Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ եթե Ալիևն իր կեղծ պատմաբաններով գա-ասի՝ մեր կրոնական կառույցը ձեր կրոնական կառույցից առաջ է եղել, մեր եկեղեցիները քանդելու են…
  • Չհասկանալ, որ եկեղեցու դեմ արշավն ուղղված է մեր պետականության դեմ, առնվազն պետք է ինֆանտիլ՝ մանկամիտ լինել: Ես այլախոհության մեծագույն ջատագով եմ, բայց սա այլախոհություն չէ, սա պետականաքանդություն է: Ու սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը ֆունդամենտալ անհրաժեշտություն է: Նիկոլ Փաշինյանի խուլիգանությունն օր առաջ պետք է կասեցվի: Մենք արդեն ունենք հայ ժողովրդի, հայկականության հետ կապ չունեցող կոլաբորանտ իշխանություն, բայց եթե վերընտրվեց, մեր իշխանության լծակները լինելու են այլ տեղում: Եթե 300 000 ադրբեջանցիներ գան այստեղ՝ ապրելու, նրանց անվտանգությունն ինչպե՞ս է ապահովվելու՝ ադրբեջանական զինված ոստիկանությամբ, ԱԺ-ում ադրբեջանցիների խմբակցությամբ, նրանց տրամադրված պաշտոններով… Նիկոլ Փաշինյանը դասական կոլաբորանտ է, հետո ունենալու ենք տարբեր բարձր պաշտոններում մարդիկ, ովքեր մեզ հետ կապ չունեն: Լավ, ինչքա՞ն կարող է հայ ժողովուրդը գտնվել ազգային-ազատագրական պայքարի ռեժիմի մեջ:

  • Եթե սաֆարովներին բերեցին Հայաստան, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի: Իսկ Ադրբեջանում մանկապարտեզից սկսած՝ մեծացրել են սերունդ, որի համար հայը ոխերիմ թշնամի է:
  • Ես շատ կուզենայի ունենալ պետություն, որը կարող էր գնալ, բանակցել, Բաքվից բերել մեր գերիներին: Այս առումով ես խնդիր չունեմ Հունգարիայի հետ, որը հանուն իր շահերի՝ Ադրբեջանին արտահանձնեց հանցագործ Սաֆարովին, բայց ես խնդիր ունեմ մեր իշխանության հետ, որը համաձայն է, որ Սաֆարովը մեր տարածքով անցնի: Կացնով քնած հային՝ Գուրգեն Մարգարյանին սպանած սպայի կոչումը բարձրացնում են, Ադրբեջանում համարում են հերոս, բայց մեզնից ակնկալում են մեր ազատության համար պայքարի ելած մարդկանց պատասխանատվության ենթարկել: Էս ի՞նչ եք խոսում: Սրանք մարդկանց բնազդն էլ են բթացրել: Կին եք, մայր եք, էդ բնազդն էլ չունե՞ք, որ հասկանաք՝ ձեր կողքին ովքեր են քայլում:

Հիշեցնենք. Հունգարիայում 2004թ. փետրվարի 19-ի առավոտյան՝ ժամը 5-ին, ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը մուտք էր գործել հանրակացարանի այն սենյակ, որտեղ բնակվում էին Գուրգեն Մարգարյանն ու նրա հունգարացի դասընկեր Քութի Բալաշը։ Սաֆարովը քնած Մարգարյանի գլխին և վզին կացնի 16 հարված էր հասցրել։ Բալաշը, զարթնելով ձայներից, ապշած տեսարանից՝ գոռգոռացել էր Սաֆարովի վրա և դուրս էր վազել սենյակից՝ օգնություն կանչելու։ Սաֆարովն այդ ընթացքում կացինը ձեռքին՝ գնացել էր մյուս հայ սպա Հայկ Մակուչյանի սենյակ, որը, սակայն, փակ էր եղել։ Սաֆարովը գոռացել էր նրա անունը և պահանջել, որ բացի դուռը։ Մակուչյանի լիտվացի հարևանը թույլ չէր տվել բացել դուռը։ Շուտով ժամանած հունգարական ոստիկանությունը ձերբակալել էր Սաֆարովին։ 

Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի։ Սակայն 2012թ օգոստոսին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում շնորհվեց, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվեց լեյտենանտից՝ մայորի։ 

2012թ. արտահանձնումից հետո Հայաստանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրեց: Սերժ Սարգսյանը Հունգարիայի քայլն անվանել էր աններելի։ «Իրենց այս համատեղ գործողություններով Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունները դուռ բացեցին նման հանցագործությունների կրկնության համար: Այս որոշմամբ նրանք ուղերձ են տալիս մարդասպաններին, նրանք այսուհետև գիտեն, որ էթնիկ կամ կրոնական ատելության հողի վրա կատարված սպանությունը կարող է անպատիժ մնալ: Ես դա հանդուրժել չեմ կարող, Հայաստանի Հանրապետությունը դա հանդուրժել չի կարող»,- հայտարարել էր ՀՀ երրորդ նախագահը: 

2013թ. մարտին Մարգարյանի իրավահաջորդները դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ներկայացնելով անհատական հայց Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:

2022թ. դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանի հետ միասին, վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները մարդասպան Սաֆարովին Ալիևին հանձնած Հունգարիայի հետ։  Հունգարիայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Օրբանը մեկ անգամ չէր ցույց տվել ադրբեջանա-թուրքական շահերով իր առաջնորդվելը՝ հաշվի առնելով Ալիևի և Էրդողանի հետ նրա շատ մտերիմ հարաբերությունները: 

  • Նիկոլ Փաշինյանի աջակիցների խմբակն ագրեսիվ է, բայց ահավոր փոքրաթիվ: Նիկոլ Փաշինյանը զգում է դա, դրա համար են իր ու կնոջ հիստերիկ շարժումներն ու քայլերը: Անգամ վարչական ռեսուրսը հարց չի լուծելու իրենց համար: Իրենց ոչինչ չի օգնելու: Որ գործիքակազմով էլ լինի, ժամանակը գալու է, իրենք հեռանալու են իշխանությունից:
  • Ամբողջ պետական համակարգը պարբերաբար ու հարվածային դոզաներով, նախարարները՝ 7 և ավելի միլիոն դրամներով պարգևատրվում են: Ես դեմ չեմ, որ մարդկանց բարեկեցությունը բարձրանա, բայց իրենք դրա համար չեն պարգևատրում, այլ փող են տալիս, որ իրենց ընտրեն: Բայց ես վատ լուր ունեմ, էլի եմ ասում, էդ փողերը ստանում են ու ձեզ այլևս լսել ու տեսնել չեն ուզում: Պետական ապարատը չի ընտրելու, իզուր է ամեն ջանք:

  • Ամեն մարդ իր համար որոշում պետք է կայացնի՝ կա՛մ դու կարմիր գիծ ես քաշել, կա՛մ շարունակում ես շփվել նախկին ընկերներիդ հետ, ովքեր ՔՊ-ական են: Այն, ինչ անում է Ալիևը Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ականների ձեռքով, բոլորս ենք տեսնում: Ամեն մարդ իր խղճի առաջ պետք է պատասխան տա՝ ինչո՞ւ է մնում այդ թիմում: ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կան, ովքեր երբեք չէին հավակնի ԺԷԿ-ի պետի պաշտոնին: Իհարկե, իրենք Նիկոլ Փաշինյանի թաթիկները համբուրելու են ու երկրպագեն նրան, ատամներով պաշտպանեն, որովհետև իրենք ոչ մի բան էին 2018-ից առաջ, ոչ մի բան են լինելու Փաշինյանից հետո: Մնացածն իրենց պետք է հաշիվ տան: Էս մարդիկ հասկանո՞ւմ են, որ այն, ինչ իրենք են անում, կոչվում է հանցակցություն, օրինակ՝ գլխավոր դատախազը: Ինքը հասկանո՞ւմ է՝ ինչ է անում: Աննա Վարդապետյանին ոչինչ չի փրկելու: Իրենց վրա գրելու ու իրենց դեմ ցուցմունք են տալու առաջինն իրենց սազանդարները:
  • Այս վիճակից մի լուծում կա. մարդիկ պետք է վեր կենան ու գնան ընտրության: Այսօր Նիկոլ Փաշինյանն է ասպատակում եկեղեցում աղոթք անող երիտասարդների վրա, վաղը դա անելու են այլ մարդիկ: Ու այդ ժամանակ մենք ԱԱԾ չենք ունենալու, ոստիկանություն չենք ունենալու, որ մեզ պաշտպանեն: Լավ, մի անգամ կարելի՞ է սա հասկանալ:
  • Քիչ հավանական եմ համարում, բայց տարբերակ է, որ Դանիել Իոաննիսյանը դարձի է եկել ու հասկանում է՝ Նիկոլ Փաշինյանն ինչ կործանարար գործունեություն է իրականացնում, ու որոշել է մաքրվել, դարձի գալ: Բայց կրկնում եմ, սա քիչ հավանական է: 2-րդ տարբերակն այն է, որ Նիկոլ Փաշինյանը շոուներ է անում, որ իր ձայները մի քիչ ավելանան, և այս շոուին ներգրավել են բոլորին, այդ թվում՝ Դանիել Իոաննիսյանին:
  • Աննա Հակոբյանը երևի համոզված է, որ բոլոր օրենքներն ու կոնվենցիաները վերաբերում են միայն իրեն: Սահմանադրությունը ոտքի տակ են գցել, հիմա, երբ իրենց պետք է, վկայակոչում են Սահմանադրությունը: Բայց ցույց են տալիս, որ Սահմանադրությունը հարգված չէ, դրա համար պետք է այն փոխել: Ու իրենց համար կապ չունի, որ եկեղեցին պաշտպանված է Սահմանադրությամբ, եթե Նիկոլն ուզում է, պիտի հարձակվի:
  • Աննա Հակոբյան, դու ազնվազարմ, բարձրաշխարհիկ խանըմ չես, ինչի՞դ վրա էիր էդպես վերևներից խոսում լրագրողների հետ, որոնք քեզնից հաստատ ոչ մի բանով պակաս չեն… Ինչքան էլ զարմացած լինես քո կյանքից, զոնտիկ պահողդ մեկը լինի, դուռ բացողդ՝ ուրիշը, դրանից դու չես փոխվում, ու տրամաբանական է, որ եթե այդ դիտանկյունից ես մարդկանց գնահատում, տիեզերական անտիռեյտինգ պետք է ունենաս: Աննա Հակոբյանին վերադարձրել են շոու, ու նա իր դերն է կատարում:
  • Լրագրողնե՛ր, ժողովուրդ, մի անգամ դեմարշ արեք, ստիպեք, որ ձեզ հարգեն, շուռ եկեք ու դուրս եկեք, թույլ մի տվեք, որ ձեր նկատմամբ նման վերաբերմունք դրսևորեն: Մի անգամ ինքը պետք է հասկանա, որ իր դեմ դեմարշ անող կա:
  • Եվրոպան էս պահին իր գլուխը պահելու խնդիր ունի, ու իրենց համար բացարձակ մեկ է՝ Հայաստանի հետ ինչ կկատարվի: Նրանց համար տարբերություն չկա՝ Դադիվանքն ա՞յս կողմում է, թե՞ այն, 120.000 արցախցի 9 ամիս սովամահության ենթարկվելուց հետո իր հայրենիքից դուրս եկե՞լ է, թե՞ չէ: Իրենք ունեն մեծ պրոյեկտներ, շահեր, ու իրենց համար կարևոր է, որ այստեղ հանգիստ լինի: Եթե Հայաստանից չեն ասում՝ մեր կարմիր գիծն այստեղ է, ու այստեղից հետնահանջ չկա, դու դառնում ես տրյապկա:
  • Ակնկալել, որ որևէ երկիր քո փոխարեն գալու է պաշտպանելու քո իրավունքները, դա հիմարություն է ու ինֆանտիլիզմ: Եթե քո փոխարեն բան պիտի անեն, ուրեմն ուրիշ բան էլ ակնկալելու են ստանալ: Բոլորի հետ պետք է խոսել, գործընկերներդ կարող են փոխվել, բայց դա նշանակում է՝ թուրը պետք է առնես, ընկնես բոլորի ջանի՞ն: Եթե դու ընդհանրապես չես գնում քո իրավունքների հետևից, ապա քեզ հետ ոչ մեկը չի խոսելու:
  • Ցեղասպանությունն այսօր որպես թրիգեր են ներկայացնում: Հիշե՛ք, Արցախի նկատմամբ Ցեղասպանությունը չեղավ այնչափ արյունով, որչափ կարող էր լինել, որովհետև Հայաստանի իշխանությունները դեռ չէին հրաժարվել Ցեղասպանության ճանաչումից… 2023թ. Արցախի էթնիկ զտումը եղավ, երբ Փաշինյանն իջեցրեց իր բոլոր նշաձողերը:

  • Եթե ինչ-որ ժամանակ ես անհավանական կհամարեի քաղաքական շատ ուժերի հետ մի սեղանի շուրջ նստել, հիմա «Նժար» սահմանադրական շարժումը հանդիպումներ է ունենում, որ համախմբվենք իրար գլուխ, մի ճակատով հանդես գանք: Պահն օրհասական է: Նիկոլ Փաշինյանն այն վիճակին է հասցրել երկիրը, որ մենք պետք է մեզ հաշիվ տանք, կասեցնենք նրան, հետո կնստենք, կխոսենք: Պետք է գիտակցել սպասվելիք վտանգի չափը: Նիկոլ Փաշինյանի առաջարկած պրոյեկտը 100%-անոց կործանարար պրոյեկտ է, որը նա ներկայացնում է շատ պարզ ու հստակ: Պետք է հավաքվենք իրար գլուխ ու ասենք՝ էս տունը մեծ ունի, ու դա մենք բոլորս ենք: Կա՛մ մենք կլուծենք էս հարցը, կա՛մ էս բեռը կմնա մեր երեխեքի վրա: Երկիրը սարքել են проходной двор, ու ով ասես՝ կարող է գալ ու մեր երեխեքի գլխին ինչ ասես բերել: Մենք էդքան անթասիբ սերո՞ւնդ ենք: Ես խնդրում եմ բոլոր կանանց, սիրելի մայրիկներ, տատիկներ, դուք պատրա՞ստ եք էս բեռը ձեր ձագերի վրա թողնել:
  • Ես այսքան տարի պայքարել եմ, իրավապաշտպանական գործունեություն եմ ծավալել, բայց ինձ քաղմաս տարել են միայն Նիկոլ Փաշինյանի ժամանակ, հետո էլ քրեական գործ են հարուցել: Մինչ այդ երբեք իրավապաշտպաններին մոտիկ չեն եկել: Բայց մենք սարթ սերունդ ենք, ամեն ինչ տեսած սերունդ ենք, նիկոլ-ալեններով մեզ չեք վախեցնի: Ի վերջո, Հայաստանը Նիկոլն ու նիկոլականները չեն: Հայաստանում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց ներսում եռում են: Ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը երկար չի մնալու:
  • «Բոլորին դեմ եմ» շարժման անդամներին մենք ասել ենք, որ շարունակելու ենք աշխատել միասնական ճակատով հանդես գալու ուղղությամբ: Թիմի անդամների ճնշող մասը հանրային մարդիկ չեն, IT ոլորտից են, քաղաքական մտքեր չեն կարողանում ճշգրիտ ձևակերպել: Սրա պատճառն է ԿԸՀ-ի մոտ ասվածի շփոթմունքը ՔՊ-ի հետ համագործակցելու մասին:
  • Մեր խնդիրն անտարբեր մարդկանց ընտրատեղամաս բերելն է, ու էդ մարդիկ այլընտրանք պիտի ունենան: «Բոլորին դեմ եմ»-ը դրա համար է ստեղծվել: Մենք ձայն փախցնող չենք, մեր նպատակն է՝ ընտրության բերել ընտրության չգնացող մարդկանց:
  • 2018-ին սխալվել ենք, ժողովուրդ, ես էլ եմ սխալվել: Մենք բոլորս հավատացինք 2018թ. սրտիկներին, պաչիկներին ու մտածեցինք՝ այդպես կարելի է երկիրը կառավարել: Այդպես չի լինում:

  • Շատ ծանր է լինելու, այսքան ծանր ընտրություն մենք երբեք չենք ունեցել: Մենք պատրաստ ենք ամեն ինչի, քննարկել ենք բոլոր սցենարները: Էսքան զոհերից հետո մենք որոշել ենք, որ մեր ձագերը ռեսուրս են, որոնք պիտի մատաղ արվեն, որ ինչ-որ մեկը հավերժ մնա իշխանությա՞ն: Մեր երեխեքի ապագան ո՞ւմ երեխեքի հաշվին եք մատաղ անում: Չի կարելի լինել Թումանյանի «Չարի վերջի» կկվի պես անհեռատես ու անբարոյական: Վերջին կռիվն է: Եկեք մեր արժանապատվության կռիվը տանք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930