Ես լավ գիտեմ… սա Նիկոլի համար կյանքի և մահվան հարց է. Նաիրա Զոհրաբյան

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հյուրը հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։

Խոսելով այն հարցի շուրջ, թե ինչպե՞ս կզարգանան քաղաքական գործընթացներն առաջիկա շաբաթներին Հայաստանում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծում է, որ շատ լավ ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանն անելու է բառացիորեն ամեն ինչ՝ իր իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։

ԱԺ նախկին պատգամավորի կարծիքով՝ նման իրավիճակում ընդդիմությունը պետք է շատ պարզ կոդերով և մեսիջներով խոսի մարդկանց հետ, որ հասարակությունը հավատա։

Կարդացեք նաև

«Փաշինյանի ռեժիմը օգտագործելու է վարչական ռեսուրսը, և այս իրավիճակում դրա դեմ պայքարելը նույնն է, ինչ պայքարել հողմաղացների դեմ։ Դա անիմաստ պայքար է, որովհետև իրենք անելու են։ Այստեղ խնդիրն ընդդիմության դաշտում է։

Ընդդիմությունը պետք է շատ պարզ կոդերով խոսի մարդկանց հետ, պետք է ունենա մի քանի հստակ, կարճ, կոնկրետ, դյուրամարս մեսիջներ, որ հասարակությունը հավատա, օրինակ՝ ի՞նչ է լինելու խաղաղության պայմանագրի հետ, ի՞նչ են լինելու հարաբերությունները Թուրքիայի հետ, ի՞նչ է լինելու ԹՐԻՓՓ-ը, ինչպե՞ս են լինելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, Իրանի հետ, Վրաստանի հետ։

Այս փաթեթը պիտի ունենա ընդդիմությունը, որ կարողանա զրուցել ժողովրդի հետ։ Քանի որ մենք բացարձակապես անկանխատեսելի և աբսուրդային իրավիճակում ենք 2020 թվականից հետո, և որևէ մեկը չի կարող կանխատեսել, որ պատերազմը տանուլ տված կապիտուլյանտին կգնան և երկրորդ անգամ կընտրեն, գալիս ենք այն եզրահանգմանը, որ հիմա էլ տրամաբանությունից դուրս քաղաքական իրավիճակ է։ Ես ասում եմ՝ որպես մարդ, որը լավ գիտի Նիկոլին. Նիկոլի համար սա կյանքի և մահվան հարց է ուղիղ իմաստով։

Կրկնում եմ՝ հունիսի 7-ի ընտրությունը Նիկոլի ապրելու և չապրելու խնդիրն է ուղիղ իմաստով, և ուրեմն, ճանաչելով Նիկոլին՝ ես շատ լավ հասկանում եմ, որ ինքն անելու է ամեն ինչ։ Ամեն ինչ ասելով՝ ես նկատի ունեմ հենց ամեն ինչ՝ օրենքով, օրենքից դուրս՝ իր վերարտադրությունն ապահովելու համար»,- մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը։


Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմության ընտրողներին «շունուշանգյալ» անվանելուն, ասաց.

«Իրենք, իհարկե, դա վերագրեցին ինչ-որ մի մասնավոր ձայնագրության, որ ինչ-որ մի արտաշատցի կին է նման բան ասել… Արտաշատցի կինը, Նիկո՛լ, կարա ասի։ Վատ է արել, որ ասել է, բայց «շունուշանգյալ» էլ կարա ասի… Դա մի մասնավոր տիկին է։ Ես չգիտեմ՝ ով է։ Վատ է արել, որ ասել է, բայց երբ երկրի ղեկավարն է հակադարձում, ասում է. «Ես չեմ պատկերացնում, որ մեր երկրում կարա լինի էնքան շունուշանգյալ, որ գնա և ընտրի պատերազմի եռագլուխ ուժերին», սա արդեն բացարձակապես այլ խոսակցություն է»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Արամ Սարգսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930