Պետքարտուղարությունը Թրամփի պատկերով անձնագրեր է պատրաստում ԱՄՆ-ի 250-ամյակի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդել է, որ պատրաստվում է երկրի 250-ամյակի կապակցությամբ սահմանափակ քանակությամբ հատուկ անձնագրեր թողարկել. փաստաթղթերում առաջին անգամ կտպվի գործող նախագահի պատկերը։ Դոնալդ Թրամփը կդառնա առաջին ամերիկացի ղեկավարը, որի դեմքը կենդանության օրոք կհայտնվի այդ փաստաթղթում։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Հատուկ անձնագրի գաղափարը քննարկվել է մի քանի ամիս շարունակ և հաստատվել ապրիլի 27-ի երեկոյան։ Տպաքանակը կկազմի 25 000-ից մինչև 30 000 օրինակ։ Այդ անձնագրերը հասանելի կլինեն այն դիմողներին, որոնք փաստաթղթերն անձամբ կձևակերպեն Վաշինգտոնի անձնագրային գրասենյակում հուլիսի 4-ից։ Այն անձինք, որոնք ցանկանում են ստանդարտ անձնագիր ստանալ, կկարողանան այն ձևակերպել առցանց կամ այլ գրասենյակներում։
Պետքարտուղարության մամուլի քարտուղար Թոմի Փիգոթը հայտնել է, որ շարքը կունենա անհատական դիզայն՝ պահպանելով պաշտպանության բոլոր ստանդարտ տարրերը։ Այդ անձնագրի ներսում նախագահի պատկերը կլինի ոսկեգույն ստորագրության վերևում, իսկ շապիկի վրա խոշոր ոսկեգույն տառերով կնշվի երկրի անվանումն ու «Անձնագիր» բառը։ Հակառակ կողմում նախատեսված է ամերիկյան դրոշի պատկերը՝ ոսկեգույն լամինատով և 250 թիվը։
Ինչպես նշում է The Associated Press-ը, ժամանակակից ամերիկյան անձնագրերում արդեն իսկ կան Ջորջ Վաշինգտոնի, Թոմաս Ջեֆերսոնի, Թեոդոր Ռուզվելտի և Աբրահամ Լինքոլնի պատկերները, ինչպես նաև խորհրդանշական օբյեկտներ՝ Ազատության արձանը, Ազատության զանգը և Անկախության սրահը։
Մարտին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Դոնալդ Թրամփի ստորագրությունը դոլարային թղթադրամների վրա զետեղելու պլանների մասին՝ ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի կապակցությամբ։



