Ինչպես է ամերիկացի դիվանագետ Թոմ Բարրաքը լեգիտիմացնում թուրք-ադրբեջանական նախապայմանային քաղաքականությունը Հայաստանի հանդեպ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Թոմ Բարրաքն ուշագրավ դիտարկումներ է արել ռեգիոնալ զարգացումների վերաբերյալ՝ բացահայտելով Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականության առաջնահերթություններն ու կարևորությունները։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Մերձավոր Արևելք և Աֆրիկա 2025 գագաթնաժողովի ժամանակ նա ասել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի։ Ըստ հրապարակման, նա ընդգծել է, որ Թուրքիան վճռորոշ դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի համար:

«Եթե մենք ընդլայնենք երթուղին Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները»,- ասել է Բարրաքը:

Ըստ նրա, Սիրիայի և Թուրքիայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում։ Հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության վերաբերյալ դեսպան Բարրաքն, իհարկե, արտահայտում է ռեգիոնում առկա իրողություններն ու Թուրքիայի դիրքորոշումը, որի մասին պարբերաբար հայտարարում է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը՝ ասելով, թե խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո սահմանի բացման հարցում առաջընթաց կլինի։

Կարդացեք նաև

Սակայն, երբ թուրքական նախապայմանային տրամաբանությունը կրկնում է ամերիկացի դիվանագետը, առնվազն տարակուսելի է։ ԱՄՆ-ի դիվանագիտությունը փաստորեն լեգիտիմացնում է թուրքական նախապայմանների քաղաքականությունը։

Հայ–ադրբեջանական հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ, ռեգիոնում խաղաղության հաստատման շուրջ խոսակցություններն ավելի մեծ թափ առան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան-Ալիև մակարդակով հաստատված պայմանավորվածություններից հետո։

Կողմերը սկսեցին հայտարարել՝ ռեգիոնում խաղաղությունը հաստատված է։ Այս ամենը զուգորդվում էր դիտարկումներով ԱՄՆ բացառիկ միջնորդական ջանքերի ու դերակատարության մասին։ Սակայն Ադրբեջանը շարունակեց պնդել, որ համաձայնագրի ստորագրում հնարավոր է միայն ՀՀ սահմանադրական փոփոխություններից հետո, իսկ Թուրքիան իր հերթին շարունակեց հայտարարել՝ հայ-թուրքական սահմանի բացում հնարավոր է հայ-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումից հետո։ Եվ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական այս նախապայմանային դիրքավորման ֆոնին ամերիկացի դիվանագետ Թոմ Բարրաքն է հայտարարում, թե Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի ստորագրումից հետո «կարելի է հույս ունենալ», որ հայ-թուրքական սահմանը բացվելու հնարավորություն կծագի։

Առաջին հայացքից դրական հնչող այս ձևակերպումն իրականում բացահայտում է ավելի խորքային, պրագմատիկ և խնդրահարույց միտում, որի մասին Հայաստանում վերջին տարիներին խոսում են շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ։

Եվ այստեղ խնդիրն այն է, որ ԱՄՆ-ի դիվանագիտությունը ոչ թե կոչ է անում Թուրքիային բացել սահմանը, քանի որ այն փակվել է միակողմանիորեն և պայմանավորված է երրորդ կողմի քաղաքականությամբ, այլ ըստ էության վերարտադրում է հենց թուրքական նախապայմանների տրամաբանությունը։

Թուրքիան, շուրջ երկու տասնամյակ է, որ հայտարարում է․ սահմանի բացումը կախված է բացառապես հայ-ադրբեջանական հակամարտության «լուծումից», այն էլ՝ Բաքվի օրակարգով։ Մինչդեռ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը տասնամյակներ շարունակ եղել է այն, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն և հայ-թուրքական սահմանը պետք է բացվի առանց որևէ նախապայմանների, ինչպես ամրագրված էր 2008–2009 թթ. Ցյուրիխյան արձանագրություններում։ Թոմ Բարրաքի հայտարարությունը, ըստ էության, միջազգային օրակարգում ամրագրում է թուրքական նախապայմանների մոդելով քաղաքականությունը, քանի որ սահմանի թեման ներկայացվում է ոչ որպես առանձին երկկողմ գործընթաց, այլ որպես Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին կից հնարավորություն, հետևաբար՝ որպես Հայաստանի կողմից լրացուցիչ զիջումներ իրացնելը խրախուսող գործիք։

Այս ձևակերպումը դառնում է բանակցային ճնշման մեխանիզմ, քանի որ Թուրքիան ու Ադրբեջանը սահմանի թեման օգտագործում են՝ որպես քաղաքական ճնշման գործիք հայ-ադրբեջանական բանակցություններում։

Եվ այստեղ հարց է ծագում, թե ինչո՞ւ ԱՄՆ-ը հասցեական պահանջ չի հնչեցնում Թուրքիային և կոչ չի անում բացել հայ-թուրքական սահմանը։ Պատասխանն ակնհայտ է՝ ԱՄՆ-ը ռեգիոնը դիտարկում է թուրքական դիտանկյունից։ Վաշինգտոնը խուսափում է ուղիղ պահանջից Թուրքիային՝ Թուրքիան հիմնական դերակատար է ՆԱՏՕ-ի հարավային թևում, Անկարան վերջին տարիներին մեծացրել է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, Սևծովյան տարածաշրջանում ու Կովկասում։

Եվ այստեղ էական է հասկանալ, որ Վաշինգտոնը Հարավային Կովկասում չի պատրաստվում ներգրավվել որպես ճնշող և բալանսավորող միջնորդ, այլ ներգրավվում է իր շահերի բավարարման համար, որոնք կապում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Եվ Բարրաքի հայտարարությունը գործնականում ամրապնդում է Թուրքիայի առավելությունը, Հայաստանը դրվում է իրավիճակի առջև, որտեղ սահմանի բացվելը ներկայացվում է՝ որպես «մրցանակ», որը կստացվի միայն Ադրբեջանի օրակարգին համահունչ համաձայնագրի դեպքում։

Այս մեխանիզմը լեգիտիմացնում է թուրք-ադրբեջանական դաշինքի քաղաքական ճնշումը Հայաստանի վրա, քանի որ սահմանի բացումը վերածվում է արտաքին կախվածության գործիքի։ Սա իր հերթին՝ հանգեցնում է նրան, որ միջազգային հարթակում խորանում է ընկալումը, որ հենց Հայաստանը պետք է կատարի «հաջորդ քայլը», մինչդեռ Թուրքիան թաքնվում է նախապայմանների հետևում։

Թոմ Բարրաքի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական համաձայնագրից հետո կա «հույս» հայ-թուրքական սահմանի բացման համար, քաղաքական տեսանկյունից դրական մեսիջ չէ, այն ամերիկյան իրական քաղաքականության արտացոլումն է, իսկ դա հետևյալն է՝ ԱՄՆ-ի դիվանագիտությունը տարածաշրջանում առավել հաճախ վերարտադրում է թուրքական և ադրբեջանական քաղաքական «լեզուն»։

Եվ, ի վերջո, Բարրաքի այս հայտարարությունը հերթական անգամ ապացուցեց՝ թերևս, ճիշտ էր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, ով նշում էր, որ իրենք ռեգիոնի մասին տեղեկություններ են ստանում թուրք պաշտոնյաներից։ Դեռևս սեպտեմբերին նա հայտարարել էր, թե պարբերաբար խորհրդակցում է թուրք պաշտոնյաների հետ Հարավային Կովկասին առնչվող հարցերի վերաբերյալ:

Նա մանրամասնել էր, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարրաքի միջոցով Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի հետ կապված հարցերի շուրջ խորհրդակցում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ:

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչը նշել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը խրախուսում է նման շփումները:

«Օրինակ, ես զանգահարում եմ Թոմին և հարցնում, թե ինչ կարծիք ունի Իբրահիմն այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ես կարող եմ շատ նման օրինակներ բերել»,- ասել էր Ուիթքոֆը։

Ըստ նրա՝ թուրք դիվանագետներն ու հետախուզությունն էական դեր ունեն տարածաշրջանային հարցերում ԱՄՆ-ի ղեկավարի թիմի համար։

Տեսանյութեր

Լրահոս