ԻՍԿ ՎԵՆՍԸ ՍՅՈՒՆԻՔՈ՞Վ է ԳՆԱԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆ. ՍՐԱՆՔ ԵԱՏՄ-ԻՑ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԴՈՒՐՍ ԳԱԼ. ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Բառացիորեն այսօր Հայաստան են այցելել ամերիկյան ինժեներական կազմակերպության ներկայացուցիչներ: Իսկ այս կազմակերպության մեջ կա ադրբեջանական հետք: Փաստացի ունենք իրողություն՝ Հայաստանում TRIPP-ի իրագործումը դեռ սաղմնային փուլում անում է մի կազմակերպություն, որը պայմանագիր ունի ադրբեջանական պետական նավթային հիմնադրամի հետ: Նույնիսկ, եթե ամերիկյան 74%-ը չփոխանցվի Ադրբեջանին, ակնհայտ է, որ այս պահին ադրբեջանական կապիտալը ներգրավված է TRIPP-ի աշխատանքներում: 
  • Ադրբեջանը փայ է ունենալու TRIPP-ի մեջ: TRIPP նախագծի ֆինանսավորումը կարող է իրականացվել ադրբեջանական կապիտալի միջոցով՝ 74%-ի շրջանակներում: Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը ռազմավարական գործընկերության պայմանագրեր է կնքել ամերիկյան խոշորագույն ներդրումային հիմնադրամների՝ Brookfield Asset Management-ի, BlackRock-ի և GIP-ի հետ: Ենթադրվում է համագործակցություն, այդ թվում՝ նաև ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ ոլորտներում:

Ո՞րն է երաշխիքը, որ հենց այս խողովակով Ադրբեջանն իր մասնաբաժինը չի ստանա TRIPP կառուցապատման իրավունք ստացող ընկերության ամերիկյան բաժնեմասի 74%-ի մեջ:

Կարդացեք նաև

GIP-ն օգնում է Ադրբեջանին կառավարել իր օդանավակայաններն ու լոգիստիկան: Brookfield-ն օգնում է Թուրքիայի և Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի ոլորտին։

Նշենք, որ Brookfield Asset Management-ը, BlackRock-ը և GIP-ը համաշխարհային ֆինանսական շուկայի «հսկաներ» են, յուրաքանչյուրն ունի իր մասնագիտացումը։ Վերջերս BlackRock-ը ձեռք բերեց GIP-ը, ինչը մեծ իրադարձություն էր ներդրումային աշխարհում։ Այս ընկերություններն այնքան մեծ ազդեցություն ունեն, որ նրանց հաճախ անվանում են «ստվերային բանկեր», քանի որ նրանք ավելի շատ գումար են տնօրինում, քան աշխարհի խոշորագույն բանկերից շատերը։ Այս երեք ընկերություններն էլ վերջին շրջանում, հատկապես՝ 2024-2026 թվականներին, դարձել են Ադրբեջանի տնտեսական ռազմավարության առանցքային գործընկերները։ Թուրքիայի պարագայում կապն ավելի շատ արտահայտված է էներգետիկ և ենթակառուցվածքային խոշոր նախագծերի միջոցով։

SOFAZ-ի հետ գործարքները (2025-2026թթ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) Դավոսում պաշտոնական համաձայնագրեր է ստորագրել BlackRock-ի, GIP-ի և Brookfield-ի հետ։

BlackRock և GIP: Ադրբեջանը նախատեսում է մինչև 1.5 միլիարդ դոլար ներդնել GIP-ի (որը պատկանում է BlackRock-ին) կառավարման տակ գտնվող ֆոնդերում։ Սա ներառում է ներդրումներ տվյալների մշակման կենտրոններում (Data Centers), արհեստական բանականության ենթակառուցվածքներում և օդանավակայանների կառավարման մեջ։

Brookfield: SOFAZ-ը և Brookfield-ը ստորագրել են համաձայնագիր մինչև 1.4 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են վերականգնվող էներգետիկային և «կանաչ» անցմանը։ 

BlackRock-ը և GIP-ը մեծ հետաքրքրություն ունեն տրանսպորտային այն միջանցքների հանդեպ, որոնք Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը կապում են Թուրքիայի ու Եվրոպայի հետ։

Քանի որ Brookfield-ը և GIP-ը մասնագիտացած են խողովակաշարերի և էներգետիկ ցանցերի մեջ, նրանք հաճախ հանդես են գալիս որպես ներդրողներ կամ կառավարողներ այն նախագծերում, որոնք ապահովում են Թուրքիայի էներգետիկ անվտանգությունը կամ գազի տարանցումը։

BlackRock-ը, լինելով աշխարհի ամենամեծ ներդրողը, բաժնետոմսեր ունի թուրքական բազմաթիվ խոշոր ընկերություններում և բանկերում, որոնք ներգրավված են շինարարության և էներգետիկայի մեջ։ BlackRock-ը հանդիսանում է որպես «երաշխավոր», որ այս երկրների տնտեսական նախագծերը համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Այս 3 ընկերությունները հանդիսանում են այն կամուրջը, որով Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական հավակնությունները միանում են արևմտյան կապիտալին։ 

  • Որևէ մեկը համաձա՞յն է, որ մեր էլեկտրաէներգիայի ռուբիլնիկը միանա Ադրբեջանին: Իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց՝ Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերը պետք է միավորվեն:
  • Ի սկզբանե, երբ խոսվում էր ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցելության մասին, տարածաշրջանային այցի մասին խոսք չկար: Վենսը գալիս էր միայն Հայաստան: Ինչ-որ պահի ամեն բան փոխվեց, ու դա համընկավ Դավոսի հետ: Ամերիկյան օրակարգերի տարբերությանն ուշադրություն դարձրեք, որի մասին գրառում էր արել Թրամփը՝ մեզ հետ կնքելու են միջուկային և կիսահաղորդիչների ոլորտում պայմանագիր, իսկ Ադրբեջանի հետ՝ պաշտպանական, ռազմական աջակցության:

Հիշեցնենք. Truth Social-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ կստորագրենք միջուկային համագործակցության մասին խաղաղության համաձայնագիր, պայմանագրեր կկնքենք կիսահաղորդիչների մեր արտադրողների հետ, Ադրբեջանին կվաճառենք ամերիկյան արտադրության պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և մոտորանավակները և շատ ավելին»,- գրել էր ԱՄՆ նախագահը Truth Social-ում։

Հիշեցնենք նաև, որ տևական ժամանակ Բաքուն ԱՄՆ-ից պահանջում էր չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը։ 

«Բոլորին լավ հայտնի է, որ այդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ, արգելում էր պետական օգնության ցուցաբերումն Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից, և անարդար քայլ էր, որը բացահայտ վարկաբեկում էր մեր երկիրը։ Այդ ուղղումը երկար ժամանակ մնում էր այն գործոնը, որը բարդացնում էր երկկողմ հարաբերությունները։ ԱՄՆ նախագահի ձեռնարկած քայլն արտացոլում է ադրբեջանա-ամերիկյան գործընկերության իրական էությունը, ամրապնդում փոխադարձ վստահությունը և ռազմավարական համագործակցությունը մեր երկրների միջև։ Այդ քայլը նաև վկայում է ԱՄՆ-ի հետ համագործակցության նոր փուլ սկսելու մասին։ Հուսով ենք, որ հաշվի առնելով  Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև մեր երկրի աճող դերը լայն տարածաշրջանում, ամերիկյան կողմը կձեռնարկի գործնական միջոցներ 907-րդ ուղղումը լիովին չեղարկելու համար»,- APA-ին հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։ 

Մինչ այդ, 2025թ. օգոստոսի 15-ին հրապարակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հուշագրի տեքստը՝ Ադրբեջանի նկատմամբ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման վերաբերյալ։

Ի դեպ, 907-րդ բանաձևը (Section 907) ԱՄՆ Կոնգրեսի՝ 1992-ի ընդունված «Ազատության աջակցման ակտի» (Freedom Support Act) մի մաս է, որը սահմանափակում էր ԱՄՆ կառավարության կողմից ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին։ Բանաձևի հիմնական բովանդակությունն այն է, որ ԱՄՆ-ը չէր կարող ուղղակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ վերջինը չէր դադարեցրել ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ։ Այն ընդունվել է հայ-ամերիկյան համայնքի լոբբիստական ջանքերով՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող ռազմական գործողությունների ֆոնին։ 

2026թ. հունվարի 30-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչներին։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է  Կոնգրեսում Ադրբեջանի հետ կապված առաջ քաշված նախաձեռնությունների շուրջ, և ընդգծվել «Ազատության աջակցության ակտի»՝ Ադրբեջանի հետ կապված 907-րդ ուղղումը չեղյալ համարելու կարևորությունը։

  • Իսկ Վենսի տեղաշարժն ինչպե՞ս է տեղի ունենալու: Բոլորն են, չէ՞, հասկանում, որ Վենսի՝ Սյունիքի տարածքով անցումը Հայաստանից Ադրբեջան հսկայական քաղաքական նշանակություն է ունենալու: Ինչպե՞ս է Վենսը Հայաստանից Ադրբեջան գնալու: Սպասենք:
  • Իհարկե, Իրանի արձագանքը շատ կոշտ է լինելու: Բայց այստեղ մի կարևոր կետ էլ կա. այս ամբողջ գործընթացը խիստ ուժեղացնելու է Թուրքիայի դերակատարությունը, ինչի առիթով դժվար թե տարածաշրջանային դերակատարներն ուրախ լինեին:
  • Այսինքն՝ այս տրանսպորտային կառուցվածքը բացառապես Միջին Ասիան Եվրոպային կապելու համա՞ր է: Իսկ Չինաստանի դերակատարության և հնարավոր արձագանքի մասին մոռացե՞լ եք: Փաստորեն, այս մեկ նախագծով առկա է շահերի խիստ բախում տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների հետ՝ Իրան, Ռուսաստան ու Չինաստան: Եթե դուք այլ կարծիք ունեք, ես սա երկնքից մանանա չեմ համարում: Հայաստանին այս գործարքի մեջ կոնկրետ «գցում են»: 
  • Ամենաակարևորն այն է, որ TRIPP-ի բերած վտանգնեը հասկանում է նաև Փաշինյանը, բայց իրեն մեկ հարց է հետաքրքրում՝ վերընտրվել: Դրա համար իրեն պետք են լիքը լուսանկարներ աշխարհի լիքը առաջնորդների հետ:
  • Հապճեպ դատավճիռների կայացումը Բավի բանտերում գտնվող մեր ռազմագերիների կարգավիճակի փոփոխություն է ենթադրում: Արդեն կա վերդիկտ, իսկ Ադրբեջանի այլասերված իրականության մեջ դա ինչ-որ բան նշանակում է: Ես ունեմ կասկած, որ միջազգային ճնշումից խուսափելու համար Ադրբեջանը վերդիկտներից հետո պահանջելու է, որ դատապարտվածնեը Ալիևին գրեն խնդրագրեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի, որպեսզի նրանք իրենց պատիժները կրեն Հայաստանում: Փաշինյանին հետաքրքիր են մինչև ընտրություններ այս 4 ամիսները, այլ բան նրան հետաքրքիր չէ: Հնարավոր է՝ Ադրբեջանը հանձնի, մի հատ էլ Ալիևին Փաշինյանը մրցանակ տա, մի մրցանակ կմտածի Ալիևի համար՝ ինչպես, օրինակ՝ «հերոս հարկատուինը», կուրախանան…
  • Ըստ պրոթուրքական շահերի հայտնի քարոզիչ Գարո Փայլանի՝ մարտին հայ-թուրքական սահմանը բացվելու է: Դա էլ նվեր կլինի Փաշինյանին:
  • Մինչև 2024թ. վիզաների ազատականացման հետ կապված եվրոպական բոլոր պաշտոնյաների բոլոր հայտարարությունները ոչ միայն նույնական են եղել CEPA-ի հետ, այլև բառերն էին նույնը: Եվ հանկարծ ընտրություններից առաջ խոսում են, որ վիզաները կազատականացվեն:

  • Ընտրություններից ուղիղ մեկ ամիս առաջ՝ մայիսի 4-ին, Հայաստան է գալիս եվրոպական 30 երկրի ղեկավար: Փաշինյանը լիքը սելֆիներ կանի ու դա կօգտագործի ընտրություններում: Կոնֆետն անձամբ կտան Փաշինյանին, պաշտպանական համագործակցությունը՝ Ադրբեջանին:
  • ԵԽԽՎ զեկույցը, որպես կանոն, Հայաստանի մասին կազմվում է համազեկուցողների այցերի հիման վրա: Համազեկուցողները Հայաստան չեն եկել շատ վաղուց, սակայն իրենցից ոչ մեկը չի կարող ասել, որ իրենք չունեն տեղեկություններ: Որովհետև իմ ելույթներում, անձնական հանդիպումներում ամեն բան նրանց ասվել է: Անկախ իրավապաշտպան կազմակերպություններ էլ են ուղարկել դափոնով թուղթ: ԵԽԽՎ այս զեկույցը եվրոպական հեղինակավոր կառույցներից մեկի կողմից հերթական քարտ-բլանշի տրամադրում էր Նիկոլ Փաշինյանին: Այդ զեկույցից հետո հանդիպել ենք ԵԽԽՎ համազեկուցողների հետ, ասել ենք, պատմել ենք՝ ասել են՝ չենք արող նախընտրական շրջանում գալ Հայաստան, որովհետև դա կդիտվի որպես ներգործություն: Ասել եմ՝ այս զեկույցով արդեն նախընտրական շրջանում ներգործում եք Հայաստանի ներքին կյանքի վրա: Այսօր այստեղ է Մարդու իրավունքների եվրոպական հանձնակատարը, առանձին հանդիպում ենք խնդրել, մերժել են, ասել՝ հանդիպումը կլինի միայն պատվիրակության ֆորմատով:
  • Հայ Առաքելական եկեղեցին որևէ հիերարխիկ կապ Ռուս Ուղղափառ եկեղեցու հետ չունի: Սա Մոլդովայի և Ուկրաինայի քեյս չի, լրիվ տարբեր եկեղեցիներ են: Ապօրինաբար բանտարկված սրբազաններին փորձել որպես ռուսական ագենտներ ներկայացնել՝ մարազմ է: Բացի դրանից, Բագրատ սրբազանը Կանադայի քաղաքացի է: Կանադայի քաղաքացին ռուսական ագե՞նտ է: Կամ Պերմյակովի դաժանագույն դեպքից հետո Գյումրիում ծավալված ցույցերից հետո Միքայել սրբազանի դերակատարությունը մոռացե՞լ են: Միքայել սրբազա՞նն է ռուսական ագենտ, ով իր հոտի կողքին մեծ դերակատարություն է ունեցել Պերմյակովի ոճրագործությանն ի պատասխան ցույցերի մեջ: Ու այս բոլոր փաստերը ներկայացվել են եվրոպացի գործընկերներին: Ես եվրոպացի գործընկերների հետ ունեցել եմ բազմաթիվ առանձնազրույցներ և դեռ չեմ ունեցել որևէ գործընկեր, ով հավատում է Հայաստանի իշխանության հեքիաթներին:
  • Ինձ հայտնի չէ՝ Կայա Կալասին ինչ նամակ են գրել Հայաստանից: Բայց Արտաքին հետախուզական ծառայության զեկույցի հիբրիդային պատերազմի հատվածը ես չեմ հասկացել, թե ինչի մասին է, որ մի բան էլ մեկնաբանեմ: Այդ զեկույցով Փաշինյանն ինքն իր գլուխն է շոյում:
  • Ալեն Սիմոնյան, իսկ դու հաճա՞խ ես գնում ու ջերմ հանդիպումներ ունենում այն երկրներում, ովքեր հարձակվում են քեզ վրա: Այսօր Լավրովի հետ հանդիպմանն Ալեն Սիմոնյանը ոչ միայն ոչինչ չի ասել հիբրիդային հարձակումների մասին, այլև, իրեն երբ հարցրել են՝ ընկե՛ր, ի՞նչ կա, սենց բան եք ասել, պատասխանել է՝ նման բան չկա:
  • Իրենք ԵԱՏՄ-ից չեն կարող դուրս գալ. իրենց նկարած ու չնկարած տնտեսական հաջողությունները ԵԱՏՄ-ի շնորհիվ է, որը նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության արդյունքն է:
  • Թարգմանեմ փաշինյաներենից. աշխարհին ասում է՝ տղե՛րք, օգնեք մնամ իշխանության, ինչ ուզում եք՝ անեմ, ուզում ե՞ք՝ գրեմ՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: Ուզո՞ւմ եք՝ ՇՀԿ մտնեմ, ի՞նչ եք ուզում անեմ: Ինքն իրեն վաճառքի է հանել: Բայց տալիս ենք մենք, ստանում է ինքը:

  • ՀՀԿ ԳՄ քննարկումները մի քանի մանդատի մասին չեն, այլ իշխանափոխության: Օրենքով թույլատրված ցանկացած ճանապարհ, որը կտանի իշխանափոխության, մեզ համար ընդունելի ու քննարկելի է: 
  • Սերժ Սարգսյանի դեմ հարուցված շինծու, կեղծ քրեական գործի մասին. Սիրելի քաղաքացիներ, երբ լսեք՝ «Եռաբլուրի հողերի վաճառք» արտահայտությունը, ուրեմն ասողը փաշինյանական մանիպուլյատոր է, որովհետև խոսքն Իսակովի պողոտայում գտնվող ՊՆ-ի հաշվեկշռին նստած հողերի մասին է: Տենց լավ չէ, ինչո՞ւ եք միայն Եռաբլուրի հողերի հետ կապում, Ծիծեռնակաբերդի հետ կապեք կամ Ղարաբաղի հողերի… Իսակովի հողերը վաճառվել են, որ ավարտին հասցվի ՊՆ-ի այն շենքի կառուցումը, որը դուք հպարտորեն անվանում եք Հայկական Պենտագոն, տանում ձեր հյուրերին ցույց եք տալիս: Եթե ապօրինի գործարք էր, շահ ու եկամուտ հետապնդող, ինչո՞ւ բոլոր հողերը չեն վաճառվում:
  • Հաջորդ աբսուրդը. բոլորին կաշառք տվող ու վերցնող Սիլվա Համբարձումյանը փոքրամարմին կին է: Այն թիվը, որը դատարանում հնչեց՝ որպես նրա կողմից Սերժ Սարգսյանին տրված կաշառք, 27 կգ է: Այսինքն՝ ըստ հորինված այդ գործի, Սիլվա Համբարձումյանն էդ փողը ձեռքով վերցրել, տարել տվել է ինչ-որ ոստիկանի, որ տանի տա Սերժ Սարգսյանի՞ն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս