Զարմանալի է. մեկ համերգի համար Կառավարությունը տրամադրում է 106 մլն դրամ, իսկ Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակի միջոցառումների համար գումար չկա․ Արեգ Միքայելյան

Տարածքով, բնակչությամբ փոքր երկիր ենք, իսկ ամենավատը, որ տնտեսական ցոււցանիշներով շատ թույլ ենք, բայց պարզվում է՝ գիտությունը կապ չունի չափերի հետ, և շատ դեպքերում Հայաստանը կարևոր տեղ է զբաղեցնում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ ընդգծելով, որ աշխարհում 200 պետությունից ընդամենը 73 երկիր ունի աստղադիտարան, և այստեղ արդեն ինչ-որ առավելություն ենք ստանում։

«Մոտ 30000 աստղագետ կա աշխարհում, դրան գումարած՝ ֆիզիկոսներ, որոնց մեծ մասը զբաղվում է աստղագիտական թեմաներով։ Միջազգային աստղադիտական միությունը 87 անդամ երկիր ունի, որոնցից մեկը Հայաստանն է։ Միությունը ստեղծել է 11 տարածաշրջանային կենտրոններ, որոնցից մեկը մենք ենք ղեկավարում, և աշխարհը մեզ ճանաչում է՝ որպես աստղագիտական երկիր։ Համակարգում ենք Հարավ-Արևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանը։ Եվ նույնիսկ Թուրքիան է մտնում այդ միության մեջ։ Ես մեկ-մեկ կատակով ասում եմ, որ Թուրքիան աստղագիտության բնագավառում ենթարկվում է Հայաստանին»,- նկատեց Արեգ Միքայելյանը։

Սակայն, այս ամենից զատ, ԲԱ տնօրենը վախեր ունի՝ կապված սարքերի հետ, որոնք արդեն հին են։

«Մեր հին սարքերը, որոնք կան, չեն կարող այն արդյունքը տալ, ինչ նոր սարքերի դեպքում։ Այո, գիտնականների աշխատավարձերը բարձրացվել են, չենք դժգոհում, սակայն ցածր են ինժեներների աշխատավարձերը։ Ասեմ ավելին՝ տարածաշրջանում հիմա մրցակցություն է, Թուրքիան և Իրանը կարող են մեզանից առաջ անցնել իրենց դիտողական հնարավորություններով, և, եթե առաջիկա տարիներին միջոցներ չձեռնարկվեն՝ կպարզվի, որ Հայաստանը բոլորովին էլ առաջատար չէ այս տարածաշրջանում։ Լուրջ ներդրումներ են անում նաև Վրաստանում և Ադրբեջանում»,- շեշտեց Արեգ Միքայելյանը։

Կարդացեք նաև

Արեգ Միքայելյանի մեկ այլ մտահոգությունը կապված է Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակի միջոցառումների համար Կառավարության կողմից գումար չհատկացնելուն։

«Պատասխանեցին, որ գումար չկա, այն դեպքում, երբ 106 մլն դրամ հատկացրեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-ամյակի գլխավոր միջոցառման կազմակերպման համար: Ուղղակի զարմանալի է։ Մեկ համերգի համար տրամադրել այդքան, իսկ ամբողջ տարվա կտրվածքով տարբեր միջոցառումների համար՝ ոչ»,- ասաց ԲԱ տնօրենը՝ հավելելով, որ իրենց ուժերով կփորձեն կազմակերպել այս ամենը:

Ավելին, նախատեսում են բացել հայ աստղագիտության պատմության թանգարան, քանի որ չկա այնպիսի տեղ, ուր կարող են գնալ ու տեսնել ժայռապատկերներ, Զորաց քարերի մասին ինֆորմացիա, օրացույցներ։

Խոսելով Ակադեմիական քաղաքի մասին՝ Արեգ Միքայելյանը նկատեց․

«Մեծ իրարանցում է սկսվել գիտության մեջ՝ Ակադեմիական քաղաքի հետ կապված։ Ես նույնիսկ չեմ ցանկանում դիտարկել դրա լավ ու վատ կողմերը, բայց փաստն այն է, որ իրարանցում է։ Դա շատ մեծ գլխացավանք է։ Հասարակ օրինակ բերեմ. երբ նոր բնակարան ենք տեղափոխվում՝ իրերը խառնվում են, չեք կարողանում գտնել, պատկերացրեք՝ հիմնարկն ամբողջովին վերցնեն ու տեղափոխեն։ Պատկերացրեք՝ ինչ է տեղի ունենալու Հայաստանում, եթե նման գործընթաց սկսվի։

Մեր դեպքում դեռ որևէ բան չեն ասում, միգուցե ազգային արժեքներին ձեռք չտան, և ընդհանրապես ինչպե՞ս կարող է Բյուրականի աստղադիտարանը վերցնեն, տեղափոխեն Ակադեմիական քաղաք, բայց մյուս հիմնարկների համար ես շատ անհանգիստ եմ, որովհետև առնվազն մեկ տարի խառնաշփոթ է լինելու ՀՀ գիտության մեջ, իսկ մեկ տարին բավական է, որ գիտնականների զգալի մասը թողնի հեռանա և գիտական մակարդակը չհաջողվի վերականգնել։ Նման հարցերում շատ զգույշ պետք է լինել, նույնիսկ, եթե թվա, որ դրական նախագիծ է։ Նայում են արտասահմանյան փորձին, դիտարկում կամպուսների օրինակները, բայց այդ կամպուսները զրոյից են հիմնադրել ու աստիճանաբար զարգացրել, ոչ թե արդեն գործող կառույցն են վերցրել ու արհեստականորեն տեղափոխել»։

Տեսանյութեր

Լրահոս