Մահվան ելքով 85 ամյա հետիոտնին վրաերթի ենթարկած վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել
Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է․-ն. գրում է shamshyan.com-ը:
Վերջինը, չունենալով վարորդական իրավունքի վկայական, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ 85-ամյա Ա․ Ն.-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։ Քննիչի ձերբակալման մասին որոշումից հետո Գևորգ Է․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էին՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Գևորգ Է.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վարորդը ենթարկվել էր սթափության փորձաքննության, եղել էր սթափ»,-հայտնում է shamshyan.com-ը։
