Արդյո՞ք բրյուսելցի պաշտոնյան Արամ Առաջինից հետաքրքրվել է Հայաստանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Արամ Առաջինն այսօր Անթիլիասում ունեցել է ուշադրության արժանի հյուր եւ զրույց նրա հետ: Մասնավորապես, Անթիլիասը հայտնում է, որ Արամ Առաջինին է այցելել Եվրոպական միության՝ կրոնական կառույցների եւ պետությունների հարաբերության հարցերով զբաղվող ներկայացուցիչ Կոնստանդինոս Ալեքսանդրիսը:

Նա Լիբանանում է եղել Մերձավոր Արեւելքի երկրներ այցի շրջանակում: Լիբանան այցի ընթացքում էլ այցելել է Արամ Առաջինին:

Ինչպես հաղորդում է Անթիլիասը, հանդիպման ընթացքում «Վեհափառ Հայրապետը» իր հյուրին արծարծած մի շարք հարցերին՝ իր տեսակետն է ներկայացրել» կրոնական կառույցների եւ պետությունների փոխհարաբերության վերաբերյալ, ասելով, որ անհրաժեշտ է խուսափել ընդհանրացումներից եւ հարցերը քննել տվյալ կազմակերպության շրջանակում՝ նկատի ունենալով կրոնական կառույցների եւ պետությունների կարգերն ու առանձնահատկությունները:

Որեւէ խոսք չկա, արդյո՞ք բրյուսելցի պաշտոնյան Արամ Առաջինից հետաքրքրվել է Հայաստանում եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով: Համենայն դեպս տեսնում եք, որ նրանց զրույցի թեման, ինչպես նաեւ ԵՄ ներկայացուցչի կարգավիճակը լիովին համահունչ է այն խնդրին, որ քաղաքական իշխանությունը եկեղեցու շուրջ ստեղծել է Հայաստանում:

Սակայն, կրկնեմ, հաղորդագրության մեջ խոսք չկա հայաստանյան իրավիճակը քննարկելու մասին:

Միեւնույն ժամանակ վերստին նշեմ իմ տեսակետը Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: Այդ հարցում արտաքին բաղադրիչի մեծ նշանակությունը մատնացույց եմ արել միշտ, եւ այդ թվում հատկապես մերձավորարեւելյան շահերի բախման համատեքստում, որտեղ Հայ Առաքելական եկեղեցին խորը արմատ եւ իրավունքներ ունեցող խաղացող է»:

Տեսանյութեր

Լրահոս