«Պետությունը 24 ժամ այդ 2 «տուժողներին» հսկում է, որևէ մեկն ազդեցություն չի կարող գործել, ուր մնաց՝ Տեր Գարեգինը». Փաստաբան
Օրերս Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի որոշմամբ՝ Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետը 1 ամսով կրկին երկարաձգվեց։ Հոգևորականը տնային կալանքի պայմաններում կարող է շփվել միայն պաշտպանների և մերձավոր ազգականների հետ։
Տեր Գարեգին քահանա Արսենյանի շահերի պաշտպան Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ դատարանի այս որոշումն արդեն ստացել են և պատրաստվում են բողոք ներկայացնել։
«Առաջին ատյանի դատարանը փորձել է իր որոշումը հիմնավորել վարույթով անցնող 2 տուժողների նկատմամբ ազդեցություն գործադրելու ռիսկի հավանականությամբ, ինչն աբսուրդ է, որովհետև 2-ն էլ գտնվում են հատուկ պաշտպանության միջոցի տակ։ Այսինքն՝ պետությունը 24 ժամ նրանց նկատմամբ հսկողություն է իրականացնում։ Նրանց նկատմամբ որևէ մեկն ազդեցություն չի կարող գործել, ուր մնաց՝ Տեր Գարեգինը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պետրոս Պետրոսյանը։
Ըստ փաստաբանի, ամենամեծ աբսուրդը սա չէ, այլ այն, որ Վերաքննիչ դատարանը նախկին որոշումը, որը կայացրել էր՝ տնային կալանքը երկարացնելու նախաքննության ընթացքում, այսինքն՝ նույնիսկ Վերաքննիչ քրեական դատարանն էր փաստել, որ տնային կալանք կրելու հիմքերը վերացել են, բայց դատական ակտը չէր բեկանել այն հաշվառմամբ, որ գործը փոխվել էր դատական քննության փուլ։
«Սա դատարանի համար պետք է առնվազն լիներ այնպիսի մեկնաբանություն, որը կիրառվեր իր կողմից և տնային կալանքի ժամկետը չերկարաձգվեր»,- հավելեց փաստաբանը։
Թե ի՞նչ սպասելիքներ կան ներկայացվելիք բողոքի վերաբերյալ՝ Պետրոս Պետրոսյանը պատասխանեց՝ որպես իրավաբան, սպասելիքները շատ քիչ են, այն հաշվառմամբ, որ ի սկզբանե ներկայացրել են՝ մեղադրանքի բնույթը, տրված նկարագրությունն ու իրավաբանական գնահատականն առնվազն իրար չեն համապատասխանում։
«Այս իրավիճակում գործը բերել դատարան, դատարանի կողմից նման որոշում կայացնելը, բնականաբար, ամբողջը համադրելով՝ սպասելիքները նվազում են։
Նաև հաշվի առնելով դատարանի սցենարը՝ նախկինում նմանօրինակ գործերով 1 ամիս ժամկետով տնային կալանքի երկարացման չպատճառաբանվածությունը։ Նմանօրինակ գործ կարելի է համադրել, Միքայել սրբազանի գործը, դատարանը 1 ամսով երկարաձգում էր, բայց ամեն օր նիստ անելով՝ իր առջև նպատակ էր դրել օր առաջ ավարտել այդ գործը։
Իսկ այս դեպքում ո՞րն էր նպատակը 1 ամսով տնային կալանքի ժամկետը երկարաձգելը, հիմքում ունենալով խոչընդոտելու ռիսկը և նիստը նշանակել 1 ամիս հետո։ Այսինքն՝ մենք մյուս ամիս կրկին հավաքվելու ենք խափանման միջոցի հա՞րց քննարկենք։ Ինքնանպատակ գործընթաց է, սրան տրամաբանական մոտեցում ու լուծում տալը դառնում է անշնորհակալ գործ»,- շեշտեց Պ. Պետրոսյանը։
Նա նաև շեշտեց, որ մյուս կողմից էլ՝ այս գործն այնքան այլ ուղղվածություն ունի, որ Արագածոտնի թեմում 18 քահանա կա, 18-ին էլ հարցաքննել են, սակայն գործն անջատելուց նրանց ցուցմունքները գործի մեջ դրված չեն։
«Սպասելիքները շատ չեն, բայց պետք չէ հույսը չկորցնել՝ առջևում նպատակ ունենալով, որ պետք է պաշտպանյալիս մասով արդարացում լինի»,- ընդգծեց Պետրոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։
Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։
Այդ գործողություններն իրականացվել էին Հովհանավանքի արդեն կարգալույծ հռչակված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։
Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։
