Վանա լիճը կանգնած է էկոլոգիական ճգնաժամի առաջ
Թուրքիայի ամենամեծ լիճը՝ Վանի լիճը, կանգնած է լուրջ էկոլոգիական վտանգի առաջ։ Կլիմայական փոփոխությունները, տեղումների կտրուկ նվազումը և Թուրքիայի վարած սխալ ջրային քաղաքականությունը վերջին տարիներին հանգեցրել են ջրի զգալի նվազման։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որոշ հատվածներում լճի ափը հետ է քաշվել մինչև 4-5 կմ։ Մասնագետների գնահատմամբ՝ հատկապես վերջին 4-5 տարիներին ամառային ամիսներին ջրի մակարդակի անկումը դարձել է կայուն միտում։
Փորձագետներն ընդգծում են, որ լիճը սնուցող գետերի և հոսանքների վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ջրամբարները էական դեր են խաղում իրավիճակի սրման մեջ։ Շրջակա միջավայրի ոլորտի ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ առանց համակարգային քայլերի Վանի լիճը կարող է բախվել նույն ճակատագրին, ինչ Իրանի Ուրմիայի լիճը։
Նրանք պահանջում են վերանայել ջրային քաղաքականությունը, դադարեցնել լճի ավազանում գործող էներգետիկ նախագծերը և իրականացնել արդյունավետ բնապահպանական միջոցառումներ՝ լճի փրկության համար։
