
Այսպես են «նվաճում» Եվրոպան

Չնայած պաշտոնական վիճակագրությունն արձանագրել է, որ այս տարի արտահանումը Հայաստանից շեշտակի նվազել է, էկոնոմիկայի նախարարը չի դադարում արտահանման ինչ-որ աճերից խոսել։ Կարդում ես նրա գրառումները, լսում հայտարարություններն ու թվում է, թե այլ իրականության մեջ է ապրում։ Առանձին ապրանքների արտահանման ցուցանիշներն է վերցնում ու փորձում դրանց հիման վրա տպավորություն ստեղծել, թե Հայաստանից արտահանման ծավալների հսկայական աճեր ունենք։ Այն դեպքում, երբ արտահանումը գրեթե կիսով չափ կրճատվել է։
Տարեսկզբի առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է 4.5 մլրդ դոլարի ապրանք։ Մինչդեռ՝ անցած տարի արտահանվել էր 8.7 միլիարդի ապրանք։
Արտահանումը 4.2 միլիարդով կրճատվել է։ Նախադեպը չունեցող անկում է, բայց այդքանից հետո էկոնոմիկայի նախարարը կարող է իրենց թույլ տալ արտահանման աճերից խոսել։ Օրերս գրել էր, թե Հայաստանից Եվրամիություն պատրաստի սննդի արտահանումը 2025 թվականի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, աճել է 56 տոկոսով, ալկոհոլային խմիչքի արտահանումն աճել է 20 տոկոսով, իսկ ալյումինե արտադրանքների արտահանումը՝ 35 տոկոսով։
«Այս աճերն ապահովվել են կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- հատուկ շեշտել էր էկոնոմիկայի նախարարը, որպեսզի ընդգծի կառավարության արձանագրած հաջողությունները, եթե, իհարկե, կարող է դրա մասին խոսք լինել։
Եվրամիության երկրներ Հայաստանից արտահանումը գտնվում է վերջին 7-8 տարիների վատագույն մակարդակի վրա։ Նախկին «գող ու ավազակ» իշխանությունների օրոք, որոնք «կործանել» էին տնտեսությունը, դարձրել էին ԵԱՏՄ-ի «կցորդը», չէին մտածում արտահանումը դիվերսիֆիկացնելու մասին, Հայաստանից անհամեմատ ավելի շատ ապրանքներ էին մատակարարվում Եվրամիության երկրների շուկաներ, քան հիմա։ Սրա մասին գոնե գիտի՞ էկոնոմիկայի նախարարը։
Արտահանման ավելի քան 48 տոկոս անկման պայմաններում, նախորդ տարվա համեմատ՝ Եվրամիության երկրներ այս տարի արտահանման մի փոքր աճ արձանագրվել է, բայց անցած տարվա ավելի քան 26 տոկոս անկումից հետո։ Արտահանումը կառավարության աջակցության ծրագրերի արդյունքում չի հասել անգամ 2023թ. մակարդակին։ Այն ժամանակ տարվա առաջին 7 ամիսներին Եվրամիության երկրներ էր մատակարարվել ավելի քան 450 մլն դոլարի ապրանք, այս տարի մատակարարվել է ընդամենը 346 մլն դոլարի ապրանք՝ 104 միլիոնով ավելի քիչ։
Այսպես են աշխատում կառավարության աջակցության ծրագրերը։ Ժամանակին, երբ այդ ծրագրերը չկային, շատ ավելի մեծ քանակությամբ ապրանքներ էին արտահանվում Եվրամիություն, քան որ այդպիսի ծրագրեր կան։
Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարի պետական բյուջեից 15 մլրդ դրամ կամ գրեթե 40 մլն դոլար է հատկացրել Եվրամիության շուկաներ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա և Միացյալ Թագավորություն հայկական ապրանքների արտահանումները սուբսիդավորելու համար։ Սուբսիդավորումից հետո, ահա արտահանման այսպիսի խայտառակ պատկեր ունենք։ Միացյալ Թագավորություն արտահանումներն այս տարվա 7 ամիսներին կրճատվել են ավելի քան 73 տոկոսով։ Ընդամենը 537 հազար դոլարի արտահանում է իրականացվել, անցած տարի 2 միլիոնից մի փոքր ավելի էր։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի գրեթե զրոյական են արտահանումները Հյուսիսային Իռլանդիա։ Դրանք կազմել են ընդամենը մի քանի տասնյակ հազար դոլար։
Եվրամիության ջատագով ու հայտարարություններով եվրոպական շուկաները «նվաճող» իշխանություններն այս տարի անհամեմատ ավելի քիչ ապրանքներ են մատակարարել եվրոպական երկրներ, քան անգամ հեռավոր 2018թ., նույնիսկ դրանից առաջ։
Կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության ծրագրերի պայմաններում, այս տարվա առաջին կեսին Հայաստանից արտահանումը ԵՄ կազմել է ընդամենը 286 մլն դոլար։ Այն դեպքում, երբ 2018թ. կազմել էր 369 մլն դոլար։ Նույնիսկ 2017թ. նույն ժամանակահատվածում էր Հայաստանից ավելի շատ ապրանք արտահանվել ԵՄ երկրներ, քան այս տարի։ Այս տարվա առաջին կեսին արտահանվել է՝ 286 միլիոնի, 2017թ. առաջին կեսին՝ 300 մլն դոլարի ապրանք։
Նույնը նաև 7 ամիսների պարագայում է։ 2018թ. 7 ամիսներին Եվրամիություն էր արտահանվել 432 մլն դոլարի ապրանք։ 7 տարի հետո արտահանվել է ընդամենը 346 մլն դոլարի ապրանք՝ 86 միլիոն կամ գրեթե 20 տոկոսով պակաս։
Ինչքան էլ էկոնոմիկայի նախարարն առանձին ապրանքների արտահանման աճերով փորձի խեղաթյուրել պատկերը, իրականությունը սա է։
ՔՊ-ականների իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունը կորցրել է դիրքերը եվրոպական շուկաներում։ Անգամ 7-8 տարվա կտրվածքով հայկական ապրանքների մատակարարումներն այս երկրներ ոչ մի լումայով չի ավելացել։ Ավելանալու փոխարեն՝ նվազել է։
Այսպիսին է Հայաստանի տնտեսության ու արտահանման դիվերսիֆիկացիայի ոլորտում այս իշխանությունների ձեռքբերումը։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։
Թե 1 ամսում ինչքան ավել սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ կամ այլումինե արտադրանք է արտահանվել Եվրամիություն, քան անցած տարի, բացարձակ ոչինչ չի նշանակում։ Մեկ ամսվա արդյունքներով ու մի քանի ապրանքներով չեն որոշվում արձանագրվող արդյունքները։ Փաստն այն է, որ 7 տարում, երբ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական խմբակով եկավ իշխանության, Հայաստանի տնտեսությունը եվրոպական երկրներում անգամ ունեցած շուկաներն է կորցրել, դուրս է մղվել։
Լավ է սրա համար էլ նախկիներին չեն մեղադրում, որ ժամանակին կարողացել են այնպիսի պայմաններ ստեղծել, որ շատ ավելի հայկական ապրանքներ արտահանվեն ԵՄ երկրներ, քան հիմա, երբ ամեն քայլափոխի խոսում են Եվրամիության հետ սկսած ինտեգրաման ակտիվ պրոցեսների մասին։
Այսպիսի «ձեռքբերումներով» էլ ուզում են Հայաստանի տնտեսությանը զրկել ԵԱՏՄ շուկաներից՝ Եվրամիության շուկաներ մտնելու հույսով։ Հարմար պահի են սպասում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ու տնտեսության կործանումն ավարտին հասցնելու համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ