Սպերցյանի ակումբը ծախսում է, Ռոնալդուինը՝ խեղդվում պարտքերի մեջ. ինչու՞ է Սաուդյան Արաբիան փոխել ֆուտբոլային կանոնները
Երեք տարի առաջ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան անսպասելիորեն դարձավ տրանսֆերային շուկայի գլխավոր խաղացողը. համաշխարհային ֆուտբոլի մեծագույն աստղերը մեկնեցին Արաբական թերակղզի՝ հրապուրվելով աստղաբաշխական պայմանագրերով: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է, և տեղի ֆուտբոլը նոր կանոններ է թելադրում: Forbes Sport-ը ներկայացնում է Սաուդյան Արաբիայում տիրող նոր ֆինանսական իրականությունը:
2026 թվականի ամառային տրանսֆերային պատուհանն ամենախաղաղն էր 2023-ի սկզբին Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունից ի վեր: Եթե 2023/24 մրցաշրջանից առաջ սաուդցիները աստղերի համար ծախսել էին 944 մլն եվրո, ապա այս ամառ Պրո լիգայի ակումբների ծախսերը կազմել են ընդամենը 296 մլն եվրո:
Այս համընդհանուր խնայողության ֆոնին առանձնանում են ընդամենը երեք ակումբների՝ «Ալ-Ահլիի», «Ալ-Հիլալի» և «Ալ-Քադսիայի» ծախսերը։ Այստեղ հատկապես աչքի է ընկնում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նոր ակումբը՝ «Ալ-Ահլին», որը շուկայում ծախսել է 71,2 մլն եվրո։ Բացի հայ ֆուտբոլիստից, ակումբը մոտ 40 մլն եվրո է վճարել Ֆրանսիշկու Տրինկաուի տեղափոխության համար: Ամենաշատը ծախսել է «Ալ-Հիլալը» (77 մլն եվրո), իսկ «Ալ-Քադսիան»՝ 70 մլն եվրո։
Մինչդեռ Կրիշտիանու Ռոնալդուի «Ալ-Նասրը» գրեթե գումար չի ծախսում. միակ ձեռքբերումը Սամու Կոստան է (22 մլն եվրո)։ Խնայողությունն ունի հստակ պատճառներ. երկրի գործող չեմպիոնն ունի մոտ 182,7 մլն եվրոյի վարկային պարտավորություններ: Ակումբում նոր համալրումներ չեն լինի, քանի դեռ ֆինանսական վիճակը չի կայունացել: 2025 թվականից սկսած տեղի ակումբներն անցել են կառավարման նոր մոդելի, որը ենթադրում է ծախսերի օպտիմալացում և ֆինանսական կայունություն. անխոհեմ ծախսերի ժամանակաշրջանն ավարտված է:
Անհեռատես կառավարման օրինակ է օգոստոսին «Ալ-Հիլալում» ծագած սկանդալը. «Ալ-Իթիհադից» աղմուկով հեռացած Կարիմ Բենզեման հեռացավ նաև «Ալ-Հիլալից»։ Տարեկան 122 մլն եվրո վաստակող ֆրանսիացին պետք չէ թիմի մարզիչ Սիմոնե Ինձագիին:
Սաուդյան Արաբիայի գլխավոր սպորտային նպատակը 2034թ․ աշխարհի առաջնությունն է, սակայն առայժմ տեղի բնակչությունը մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում ֆուտբոլի նկատմամբ: 2025/26 մրցաշրջանի արդյունքներով՝ Պրո լիգայի հանդիպումների միջին հաճախելիությունը կազմել է ընդամենը 7 886 հանդիսական, այն դեպքում, երբ թիմերից շատերի մարզադաշտերը տեղավորում են ավելի քան 15 հազար մարդ։
Այս տխուր վիճակագրության մեջ կրկին բացառություն է Էդուարդ Սպերցյանի «Ալ-Ահլին»։ Այն Սաուդյան Արաբիայի ամենահաճախելի ակումբն է։ Թիմի 62 հազարանոց մարզադաշտում յուրաքանչյուր տնային խաղի միջինը հավաքվում է 24 հազար երկրպագու, ինչը գերազանցում է անգամ Ռոնալդուի «Ալ-Նասրի» ցուցանիշը (միջինը 20 707 հանդիսական):
ArmSport

