Դեռ հարց է՝ ի՞նչ նոր փորձություններ են բերելու երկրի գլխին
Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն։ Նոր ասելն այս դեպքում, իհարկե, շատ հարաբերական է, որովհետև գրեթե ամբողջությամբ պահպանվեց նախորդ կառավարության կազմը։ Փոխվեց միայն բարձր տեխնոլոգիաների նախարարը, որը չուզեցավ աշխատել նոր կառավարության կազմում։ Թե ինչո՞ւ, բոլորովին կարևոր չէ, որովհետև դրանից, միևնույն է՝ մեծ բան չէր փոխվելու։
Ձևավորումից հետո, նոր կառավարությունը պատրաստվում է Ազգային ժողովին ներկայացնել իր առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրը։ Ինչպիսի՞ն կլինի այն, դեռ առիթ կունենաք անդրադառնալու։ Մինչ այդ խոսենք այն ծրագրի կատարման մասին, որը ներկայացրել էր նախորդ կառավարությունը՝ նույն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ այդ ծրագրի առանցքային կետերից մեկը վերաբերում էր Արցախին։ Նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում՝ ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովում։
Այսօր նույնիսկ անիմաստ է ասել, թե կառավարությունն ինչքանո՞վ այն կատարեց։ Ծրագրի կատարման արդյունքն այն է, որ Արցախը հայաթափված է, չկա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի ինքնորոշման խնդիրը լուծել խոստացած կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ դնելով Լեռնային Ղարաբաղի կործանման հիմքը։
Ասել, որ Արցախի հարցում կառավարությունը ձախողել է իր ծրագրի կատարումը, նույն է թե՝ ոչինչ չասել։ Այն, ինչ արեցին կառավարությունն ու ՔՊ-ականների իշխանությունը, մեծագույն ողբերգություն էր՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ ամբողջ հայ ժողովրդի կյանքում, ու դրա համար մի օր պիտի պատասխան տան։
Բայց միայն Արցախի հարցում չէ, որ կառավարությունը ձախողեց իր ծրագրի կատարումը։
Ձախողեցին՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ հատկապես սոցիալական խոստումները։
Չնայած արտաքին տնտեսական չափազանց նպաստավոր պայմաններին, չկատարվեց տնտեսական աճի խոստումը։ Կառավարության ծրագրով նախատեսված էր առնվազն 7 տոկոս, արտաքին նպաստավոր պայմանների դեպքում՝ միջին տարեկան 9 տոկոս տնտեսական աճ։
Վերջին տարիներին արտաքին պայմանները Հայաստանի տնտեսության համար առանձնահատուկ նպաստավոր են եղել, բայց կառավարությունը չկարողացավ կատարել իր խոստացած միջին տարեկան 9 տոկոս տնտեսական աճը։ Արձանագրված 7.8 տոկոսանոց աճն էլ մեծապես արտաքին նպաստավոր միջավայրի արդյունք էր։ Այսօր էլ այդ միջավայրը շատ բանով պահպանվում է, բայց տնտեսական աճի տեմպերն անհամեմատ ավելի ցածր են։ Պատահական չէ, որ նոր ծրագրում կառավարությունն ավելի համեստ տնտեսական աճի պարտավորություն է վերցրել։ Ու դրա պատճառներից մեկն այն է, որ իր անհավասարակշիռ վարքագծով Նիկոլ Փաշինյանը տնտեսությունը կանգնեցրել է կոլապսի վտանգի առաջ։
Տնտեսական այն աճն էլ, որը վերջին տարիներին արձանագրվել է, եղել է հիմնականում ոչ թե տնտեսության իրական հատվածի, արտադրական կարողությունների ավելացման ու տեխնոլոգիական զարգացումների, այլ արտաքին գործոնների հաշվին։ Ամենացցուն օրինակը, թերևս, ռուսական ոսկու պարզ վերաարտահանումն է, ինչի արդյունքում արտաքին առևտրի շրջանառությունը միլիարդավոր դոլարներով ավելացավ՝ գրեթե ոչինչ չավելացնելով Հայաստանի տնտեսության պոտենցիալին։
Սոցիալական առումով կառավարության ծրագրի առանցքային խոստումներն էլ մնացին թղթի վրա։
Աղքատությունը կիսով չափ պիտի կրճատեին, հազիվ 2-3 տոկոսային կետով կարողացան նվազեցնել։ Այն էլ՝ աղքատության գնահատման չափանիշները փոխելուց հետո։
Վերջին տվյալներով, Հայաստանում բնակչության 21.7 տոկոսը շարունակում է աղքատ լինել։
Խոսքը շուրջ 650 հազար մարդու մասին է։ Տարիներ առաջ, երբ ՔՊ-ն եկավ իշխանության, աղքատ բնակչության քանակը մեր երկրում 700 հազարի կարգի էր։
Շարունակում է պահպանվել նաև ծայրահեղ աղքատությունը, չնայած խոստացել էին վերացնել։
Տասնյակ-հազարավոր ծայրահեղ աղքատներ ու հարյուր-հազարավոր աղքատներ ունեցող երկրում, իշխանությունը փոխարենը մտածեր այդ մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու ու եկամուտներն ավելացնելու մասին, զբաղված էր պետական բյուջեի հաշվին սեփական գրպանները լցնելով։ Միայն այս տարվա սկզբին բարեհաճեցին 10 հազար դրամով թոշակ բարձրացնել, այն էլ՝ ընտրությունների խաթեր։
Մինչև վերջին պահը հայտարարում էին, թե թոշակների բարձրացման կարիք չկա, ծաղրում էին թոշակառուներին։ Այն բանից հետո, երբ հասկացան, որ իշխանությունը կորցնելու վտանգի առաջ են, հապշտապ բարձրացրեցին թոշակներն ու կրկին խաբեցին թոշակառուներին։ Ընտրություններից հետո շատերը հայտնաբերեցին, որ 10 հազար դրամ թոշակի բարձրացումից հետո, զրկվել են նպաստից։ 10 հազար դրամով թոշակը բարձրացրեցին, 20 հազար դրամ նպաստը կտրեցին։
Բնակչության անապահով հատվածի սոցիալական վիճակի վրա էական ազդեցություն ունեցող մեկ այլ խոստում ևս անտեսեցին։ Խոսքը նվազագույն աշխատավարձի մասին է։ Կառավարության ծրագրով այն պիտի հասցնեին 85 հազար դրամի, բայց այսօր էլ շարունակում է մնալ 75 հազար դրամ։
Դրանով բազմաթիվ աշխատող քաղաքացիներ 85 հազարի փոխարեն՝ ստիպված են բավարարվել ամսական 75 հազար դրամ աշխատավարձով, զուտ այն պատճառով, որ կառավարությունն անտեսեց իր իսկ ծրագրի նաև այս կետի կատարումը։
Չկատարվեց գործազրկության նվազեցման ծրագրային պարտավորությունը։
Գործազրկությունը պիտի ցածր լիներ 10 տոկոսից։ Այնինչ 13 տոկոսի սահմաններում է։
Այսպիսի բազմաթիվ այլ ծրագրային պարտավորություններ ևս չկատարվեցին։ Նույնը նաև կրթության ոլորտում, որտեղ խոստացել էին մինչև 2026թ. 300 դպրոց ու 500 մանկապարտեզ կառուցել-վերակառուցել-կահավորել։ Ավարտվում է նաև 2026թ., բայց ինչպես դպրոցաշինության, այնպես էլ մանկապարտեզաշինության ծրագրերը մնացել են թղթի վրա։ Խոստացածի կեսն էլ չարեցին։
Կառավարության գործունեության նախորդ հնգամյա ծրագրի գրեթե բոլոր առանցքային կետերը չեն կատարել, երբեմն հակառակն են արել, ու հիմա, գրեթե ամբողջ կազմով պահպանված կառավարության կաբինետը պիտի նոր ծրագիր անի։ Ինչքան հինն արեցին, այնքան էլ նորը կանեն։ Ու դեռ հարց է, թե դրանից հետո ի՞նչ նոր փորձություններ են բերելու երկրի գլխին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

