Բիշքեկի հանգույցը. ռազմավարական անորոշության ավարտի պահանջը հայ-ռուսական հարաբերություններում

Ամիսների դադարի ու հայ-ռուսական հարաբերություններում աննախադեպ լարվածության դրսևորումների ֆոնին սեպտեմբերի 1-ին Բիշքեկում կայացավ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրն այլևս պարզապես կուտակված տարաձայնությունների հաղթահարումը չէ, այլ հարաբերությունների ապագա մոդելի ձևավորումը։

Մոսկվան Երևանից ակնկալում է հստակություն՝ հատկապես Եվրամիությանն անդամակցելու հեռանկարի և ԵԱՏՄ-ում Հայաստանի հետագա մասնակցության հարցում, մինչդեռ Երևանը ձգտում է խուսափել «կամ-կամ»-ի տրամաբանությունից՝ առաջ մղելով սեփական օրակարգը՝ ԵՄ ինտեգրման ճանապարհին դիրքավորվելու քաղաքական որոշումը։

Պուտինը Բիշքեկում բավական ուղիղ ձևակերպեց խնդիրը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը համարելով նրա օրինական իրավունքը, բայց միաժամանակ ընդգծելով, որ այդ ընտրությունը խնդիրներ է ստեղծում ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու հարցում։ Հետևաբար՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ հասկանալ, թե ինչպես են զարգանալու հարաբերությունները։

Այս իմաստով Պուտինի դիրքորոշումը պետք է դիտարկել ոչ թե որպես Հայաստանի նկատմամբ անմիջական վերջնագիր, այլ որպես ռազմավարական անորոշության ավարտի պահանջ։ Ռուսաստանի համար խնդիրն այն է, որ Հայաստանը փորձում է պահպանել ԵԱՏՄ անդամակցության տնտեսական առավելությունները՝ միաժամանակ խորացնելով քաղաքական և ինստիտուցիոնալ կապերը ԵՄ-ի հետ։ Մոսկվայի տրամաբանությամբ՝ այդ երկու ուղղությունների միջև ինչ-որ պահի անխուսափելիորեն առաջանալու է ընտրության անհրաժեշտություն։

Կարդացեք նաև

Հետևաբար, Պուտինի «որոշեք, որպեսզի հասկանանք՝ ինչպես զարգացնել հարաբերությունները» մոտեցումը նշանակում է, որ Ռուսաստանն արդեն փորձում է իր քաղաքականությունն առավելապես կառուցել Հայաստանի ապագա ընտրության շուրջ, այլ ոչ թե նախկին դաշնակցային հարաբերությունների իներցիայով։ Բիշքեկում ձեռք է բերվել կոնսենսուս՝ այս հարցն ավելի մանրամասն քննարկել Մոսկվայում։

Փաշինյանի պատասխանը, սակայն, էապես այլ տրամաբանության մեջ էր։ Նա չի հրաժարվում եվրոպական ուղղությունից, թեև այդ հարցում վերջնարդյունքի անորոշությունները դեռ շատ են, բայցև չի ընդունում այն նախադրյալը, թե ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումն ինքնաբերաբար նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտություն։ Փաշինյանը փաստացի առաջարկում է վերաձևել հայ-ռուսական հարաբերություններն այնպես, որ դրանք այլևս չկառուցվեն Հայաստանի արտաքին քաղաքականության միակողմանի կողմնորոշման՝ ռուսական տեսլականի շուրջ։

Այստեղ էլ ի հայտ է գալիս հանդիպման գլխավոր հակասությունը. Պուտինը փորձում է հարաբերությունների ապագան կապել Հայաստանի ռազմավարական ընտրության հետ, իսկ Փաշինյանը փորձում է այդ ընտրությունից տարանջատել հայ-ռուսական երկկողմ օրակարգը։ Մոսկվայի համար արտաքին քաղաքական վեկտորը պայմանավորում է նաև դաշնակցային ու տնտեսական հարաբերությունների շրջանակը։

Փաշինյանը կարող է առաջարկել հարաբերությունների նոր մոդել, բայց այդ մոդելը չի կարող միակողմանիորեն պարտադրել Ռուսաստանին։ Ռուսաստանը շարունակում է ունենալ Հայաստանի վրա ազդեցության զգալի գործիքներ, իսկ ԵԱՏՄ-ն այն հարթակներից է, որտեղ այդ ազդեցությունն ինստիտուցիոնալացված է։ Բացի այդ, հարաբերությունների, այսպես կոչված, «փաշինյանական մոդելն» ընդունելու համար Ռուսաստանը պետք է հրաժարվի իր արտաքին քաղաքականության ողջ ավանդական տրամաբանությունից, ինչը գրեթե անհնար է։

Ուստի Բիշքեկում տեղի ունեցածը վերջնական որոշակիություն չմտցրեց այս հակասության մեջ։ Փաշինյանը չստացավ Մոսկվայի համաձայնությունը «եվրոպական ուղղություն+ԵԱՏՄ» համատեղման վերաբերյալ, իսկ Պուտինը չստացավ ակնկալվող պատասխանը: Ռուսաստանը դժվար թե պարզապես համաձայնի մոդելին, որտեղ Հայաստանը միաժամանակ խորացնում է եվրաինտեգրումը և ակնկալում, որ Մոսկվան նախկին ծավալով ու բնույթով կշարունակի հարաբերությունները՝ առանց դրա ռազմավարական հետևանքների վերանայման։

Այսպիսով, Բիշքեկի հանդիպման իրական արդյունքը ոչ թե համաձայնությունն էր, այլ հարաբերությունների վերաձևակերպման շուրջ պայքարի հստակեցումը։

Պուտինը Փաշինյանին փաստացի ասում է՝ նախ որոշեք ձեր ռազմավարական ուղղությունը, և դրանից հետո միայն մենք կորոշենք հարաբերությունների հաջորդ մոդելը։ Փաշինյանի պատասխանը հակառակն է՝ Հայաստանը պարտավոր չէ Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը պայմանավորել բացառապես իր եվրոպական ընտրությամբ, և Մոսկվան պետք է ընդունի այդ նոր իրականությունը։ Հենց այս պատճառով էլ առաջիկա փուլում գլխավոր հարցն այն չի լինելու, թե Հայաստանը կընտրի Ռուսաստա՞նը, թե՞ Եվրոպան, այլ այն, թե ինչպես կընթանան հետագա բանակցությունները:

Բիշքեկը ցույց տվեց, որ Պուտինը պատրաստ չէ ամբողջությամբ գնալ Փաշինյանի առաջարկած ճանապարհով, բայց նաև փաստեց, որ Մոսկվան առայժմ չի ընտրում հարաբերությունների կտրուկ խզման ուղին և տեղ է թողնում բանակցության համար։ Անկախ նրանից, թե կողմերից որ մեկին կհաջողվի ի վերջո պարտադրել սեփական օրակարգը, ակնհայտ է մեկ բան. երկկողմ կապերի իներցիոն շրջանն անշրջելիորեն սպառել է իրեն։

Ուստի այս իմաստով Բիշքեկում համաձայնեցված առաջիկայում Մոսկվայում բանակցություններին կողմերն ավելի հանգամանալից կպատրաստվեն և այդ բանակցություններն ավելի ինֆորմատիվ կլինեն, քանի որ մոտենում է նաև ԵԱՏՄ ղեկավարների վերջնագրի ժամկետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930