«Կառավարության ասածը մեր խոսացածի հետ չի բռնում. Ձկնաբույծները կիսամահացած վիճակում են. Չգիտենք՝ այդքան վարկ ու պարտք որտեղի՞ց ենք տալու, ազգուտակի տները գրավի տակ են». Ձկնաբույծ
Մի խումբ ձկնաբույծներ այսօր կրկին պատրաստվում են հանդիպել Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ։
Ձկնաբույծների միության անդամ Արմեն Կարապետյանի խոսքով՝ հանդիպումից որևէ դրական ակնկալիք չունեն, բայց չեն էլ կարող չհանդիպել։
Ռուսական կողմի սահմանափակումների արդյունքում տևական ժամանակ ռուսական շուկա Հայաստանից ձուկ չի արտահանվում, ձկնաբույծներն իրենց արտադրանքը չեն կարողանում արտահանել, արդյունքում՝ ձուկը չի վաճառվում, որի հետևանքով էլ բանկերից վերցրած վարկերը չեն կարողանում վճարել և հույս էլ չունեն, որ առաջիկայում կարող են վճարել։
«Մեր գոյացած պարտքերը շատ են, հիմա բարեկամների օգնությամբ այս 4 ամիսը ձգել ենք, գոնե Կառավարությունն էլ մի 10-20 օրվա կտա, մինչև տեսնենք՝ ինչ ենք անելու։ Այսօր էլ գնալու ենք Էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման։ Ասեմ՝ մեր խնդիրները որևէ կերպ, թեկուզ մի մասը չի լուծվել։ Նույնիսկ եվրոհամարը չեն տվել, համարը տվել են, բայց մենք չեն կարողանում արտահանել, որովհետև գաղտնաբառ կա, ասել են՝ երկուշաբթի կասենք, հիմա ասում են՝ հինգշաբթի, այսպես մեռնելով գնում ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Կարապետյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ Կառավարության նիստում արած հայտարարությանը՝ աճեցված ձկան որակի վերաբերյալ, մեր զրուցակիցն ասաց՝ չի կարող ասել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ է նկատի ունեցել, քանի որ տարբեր տեսակի ձկներ կան։
«Ես չգիտեմ՝ ինքն այդ ձուկը որտեղ է կերել։ Մեր երկիր որտեղից ասեք ՝ձուկ է մտնում՝ Թուրքիայից, Իրանից։ Հիմա մեր դրսի պատվիրատուները մեզանից ձուկ են ուզում, մենք էլ ուզում ենք Իրանով արտահանել, բայց Իրանը չի թողնում, այդ երկիրն իր արտադրողի մասին է մտածում։ Այսօր չեք գտնի մեկ հայի, որը կարող է 2 կգ ձուկ տանել Իրան, ուղղակի փակել են, որ իրենց արտադրողն իրեն լավ զգա։
Իսկ ի՞նչ են ասում մերոնք. ասում են՝ դրսից ձուկը կվերցնենք, դուք խնդիր ունեք, թե չունեք՝ մեզ ձկնաբույծ պետք չէ։
Հիմա ձկնաբույծները կիսամահացած վիճակում են, չգիտեն՝ այդքան վարկ ու պարտք որտեղից ենք տալու, չհաշված, որ ազգուտակի տները գրավի տակ են։ Հավատացեք, այն վիճակում ենք, որ ձայններս դուրս չի գալիս, նույնիսկ չենք էլ ուզում խոսել, որովհետև չգիտենք՝ ինչ անենք։ Ասում եմ՝ Կառավարությունն ինչ ասել է, մեր խոսացածի հետ որևէ բան չի բռնում։ Մենք խոսել էինք, որ գոնե ամիսը 30 տոկոսը տան, իրենք 20 տոկոս դարձրեցին, էդ փողն էլ որևէ մեկը դեռ չի տեսել ու չգիտի էլ՝ տեսնելո՞ւ է, թե՞ ոչ»,- ընդգծեց Արմեն Կարապետյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ի Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ վաղուց աճեցված ձուկ չի ուտում, քանի որ որակի խնդիր կա։

